
Քննարկում` «Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրային կենտրոնի կառուցման վերաբերյալ
«Հրազդան» մարզադաշտը իր հարակից տարածքներով, որոնք մարզադաշտի օրգանական մասն են կազմում, ընդհանուրը` 35 հա համարվել է սպորտային տարածք (ընդհանուր օգտագործման)և նրա մի մասը` մոտ 14 հա, որը նաև ընդգրկում է մարզադաշտի տարածքը, սկզբում վարձակալության է տրվել «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ին, իսկ այնուհետ սեփականաշնորհվել է նույն ընկերության կողմից: Մարզադաշտի տարհանման գոտում երկար տարիներ կազմակերպվել է տոնավաճառ, որպեսզի ժամանակավոր առևտրից ստացված եկամուտներով մարզադաշտը պահպանվի : Ներկայումս տարհանման գոտու մեկ հատվածի (1 հա) գործառնական նշանակությունը փոփոխված է և այն սպորտայինից վեր է ածված խառը կառուցապատման գոտու, իսկ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից հաստատվել է տարհանման գոտու այդ տարածքում (1 հա) առևտրի կենտրոնի կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքը: Չնայած Երևանի քաղաքաշինության խորհրդը դեռևս չի քննարկել այդ առաջադրանքի նախագծային լուծումները, սակայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի առկայությունը արդեն իսկ նշանակում է շինարարության թույլտվության սկիզբ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ուսումնասիրելով խնդիրը, եզրակացրել է, որ «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում նոր առեւտրի կենտրոնի կառուցումը անթույլատրելի է, քանի որ այդ կառուցապատմամբ անտեսվում են անվտանգության ապահովման նպատակով առաջադրվող պահանջները:
Ճարտարապետները նույնպես անթույլատրելի են համարում «Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրային համալիրի կառուցումը: Նրանց կարծիքով այն կվտանգի մարզադաշտի գոյությունը, և քաղաքաշինության խորհուրդը ոչ թե պետք է քննարկի ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագծային լուծումները, այլ պետք է քննարկի կարելի՞ է, թե՞ չի կարելի նշված տարածքում առևտրի կենտրոն կառուցել:
Ի վերջո` խնդրով անհանգստացած է հասարակությունը, մարդիկ, ովքեր անտարբեր չեն իրենց մայրաքաղաքի պատմության հանդեպ:
«Հրազդան» մարզադաշտի նախագծի համահեղինակ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը կոչ է անում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն իրենց քաղաքի պատմամշակութային արժեքների հանդեպ և մտահոգված են մարզադաշտի լինել-չլինելու հարցով. «Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեր քաղաքացիական ակտիվության համար, պահպանելու այն արժեքները, որոնք համարվում են ինչպես պետության, այնպես էլ հասարակության ճարտարապետական և պատմամշակութային արժեքներ, որոնք ստեղծվել են իր ժամանակի մեջ և պետք է գոյատևեն: Խնդրի վերաբերյալ ավելի մանրամասն իրազեկվելու և կարծիքների փոխանակման համար հրավիրում ենք մասնակցելու Երևանի Օրհուս կենտրոնում /Չարենց 46/ ս.թ. նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին կայանալիք` «Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրային կենտրոնի կառուցման վերաբերյալ քննարկմանը: Ուրախ կլինենք Ձեր մասնակցության համար և լսելու ձեր կարծիքները» :
Քննարկմանը հրավիրված են մասնկացելու ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից, ՀՀ մշակույթի, քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության նախարարություններից, ՀԿ- ներից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ԶԼՄ-ներից, Ճարտարապետների միությունից, ինչպես նաև շահագրգիռ այլ անձինք:
Քննարկման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Երևանի Օրհուս կենտրոն` 55-13-64 հեռախոսահամարով:
Հ.Գ. Մեջբերում «Հրազդան» մարզադաշտի տպավորությունների մատյանից, որտեղ իրենց գրառումներն են կատարել միջազգային կարգի մրցավարներ, մարզիչներ, արտերկրի հայտնի սպորտային կազմակերպությունների ղեկավարներ. «Առաջին անգամ եմ տեսնում այսպիսի եզակի կառույց. այն գերում է իր չափսերով, կոմպոզիցիայի գեղեցկությամբ, համալիրի բոլոր տարրերի տեղադրման հարմարությամբ և տեղանքի հետ ներդաշնակությամբ»:
Երևանի Օրհուս կենտրոն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել