Վարդան Գևորգյան. «Այո՜, սա վարկային համաձայնագրի նախապայման է»
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորեց այն հանգամանքով, որ ներկայում գործող օրենսգրքով բոլոր տեսակի օգտակար հանածոների համար գործում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման միևնույն ընթացակարգը։
Նա պարզաբանեց, որ մինչ այս լրացման մշակումը ընդերքօգտագործման իրավունք տրվում է առաջնահերթության սկզբունքի հիման վրա՝ բավարարելով առաջին դիմումատուի դիմումը։
Գևորգյանը հավաստում է, որ այս լրացման միջոցով ռազմավարական նշանակություն ունեցող ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրման ընդերքօգտագործման իրավունքը նախատեսվում է տրամադրել մրցութային կարգով։ Այն հնարավորություն կտա կազմակերպություն ընտրելիս հաշվի առնել վերջինիս՝ ընդերքօգտագործման ոլորտում նմանատիպ աշխատանքների փորձը, առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը, միջազգային փորձի հաշվառումը, նախատեսվող ներդրումների ծավալը, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ծանոթանալով փաստաթղթերին, պնդեց, որ բնապահպանության ոլորտի լիազոր մարմինն այս օրինագծին տվել է բացասական եզրակացություն, սրա հետ կապված մյուս եզրակացությունները չեզոք են, այսինքն՝ այս օրինագծով որևէ դրական բան չի առաջարկվում։
«Բնապահպանության օրենքի այս նախագիծը շրջակա միջավայրի վրա ունենալու է բացասական եզրակացություն։ Ձեր իսկ ներկայացրած փաթեթը որևէ այլ ոլորտի վրա դրական ազդեցություն չի ունենալու, և մենք ընդունում ենք այս նախագիծը կամ պետք է ընդունենք, որովհետև ինչ-որ վարկային համաձայնագրով մեզ ինչ-որ փող պետք է տան։ Սա ի՞նչ տրամաբանություն է»,-հարցրեց Փաշինյանը։
Գևորգյանի խոսքով՝ բնապահպանության նախարարությունն իր եզրակացությունում երկու դեպք է առանձնացրել՝ նշելով, որ եթե ընդունվի օրինագծի այս տարբերակը, դեմ են, իսկ եթե ընդունվի մյուս տարբերակով, որը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը ներկայացրել է նշված նախագծում, նրանք չեն առարկում։ Տեղակալը հավաստիացրեց, որ օրենքի նախագծի երկրորդ մասը մշակվել է բնապահպանության նախարարության առաջարկած տարբերակների փոփոխություննեիր հիման վրա։
Փաշինյանի այն դիտարկմանը, թե օրինագծի լրացումը վարկային համաձայնագրի համար, է Գևորգյանը չառարկեց՝ ասելով, որ, այո՛, սա վարկային համաձայնագրի նախապայման է։ Այդ համաձայնագիրը հաստատվել է ԱԺ-ում, և դրա կետերից մեկն էլ եղել է մրցութային կարգի ապահովումը «Ընդերքի մասին» օրենսգրքում։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նախարարի տեղակալից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է մարդ շահի ընդերքօգտագործման մրցույթը, սակայն նրան հետագայում շահագործման իրավունք չտրամադրվի։ Գևորգյանը հաստատեց, որ հնարավոր է ընդերքի շահագործման իրավունքը չտրամադրվի, քանի որ հաղթած ընկերության փաթեթը պետք է ուղարկվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, և եթե դրա արդյունքները լինեն բացասական, ապա մրցույթը չեղյալ կճանաչվի։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել