HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ նորանշանակ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը այսօր աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ներկայացնելով համակարգի հետագա գործունեության հիմնական առաջնահերթությունները: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նորանշանակ ղեկավարը կարևորել է օրինապահ տնտեսվարողների, հատկապես՝ փոքր և միջին բիզնեսի համար գործունեության փափուկ դաշտ ապահովելը. «Օրենքի դաշտում գործողները չպետք է զգան հարկային ծառայության ներկայությունը։ Հսկողության լայն գործիքակազմը սպառելուց հետո միայն կարելի է թիրախավորված ստուգում անցկացնել ՓՄՁ-ներում, այն էլ՝ հստակ չափորոշիչներով ռիսկայնությունը հիմնավորելով»։

Կոմիտեի նախագահն ընդգծել է հարկ վճարող-հարկային ծառայող փոխհարաբերությունները գործընկերային դաշտ տեղափոխելու անհրաժեշտությունը։ Նա հորդորել է կոմիտեի աշխատակիցներին հարկ վճարողներին վերաբերվել որպես երկրի համար տնտեսական բարիք ստեղծողների՝ ի շահ պետության և բյուջեի եկամուտների ապահովման. «Պետք է բացառել կանխավճարների կուտակումը, որը լրացուցիչ բեռ է պետբյուջեի համար: Փոխարենը պետք է բացահայտել, հիմնավորել և պետբյուջե վերականգնել առկա, բայց թաքցված հարկային պոտենցիալը»։ Գործընթացի հիմքում առաջնահերթ դրվելու են իրազեկման, բացատրական և նախազգուշացման աշխատանքները։ Բոլոր միջոցները սպառելուց հետո է միայն հարկային ծառայությունը դիմելու համարժեք քայլերի։
Կոմիտեի ջանքերն, ըստ տարածված հաղորդագրության, ուղղվելու են ստվերային շրջանառությունը սպիտակ դաշտ բերելուն։ Վարդան Հարությունյանը հանձնարարել է հարկային տեսչությունների ղեկավարներին ամենօրյա ռեժիմով ուսումնասիրել և գնահատել իրենց տարածքում գործող ձեռնարկությունների շրջանում առկա ստվերը. «Պետք է վերհանել և բացառել հովանավորչությունը։ Անկախ բարեկամական կապերից, զբաղեցրած դիրքից՝ բոլոր տնտեսվարողները պետք է գործեն հավասար դաշտում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter