HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դ. Հարությունյան. «Այս փուլում ընտրական գործընթացների հանդեպ վստահությունը շատ ավելի կարևոր է»

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում հայտնեց, որ քաղաքական ուժերը, որոնք նախկինում եկել էին համաձայնության, ևս մեկ անգամ քննարկեցին հնարավոր մոտեցումները և նպատակահարմար համարեցին հանդես գալ ընտրական գործընթացի օրինականության վերահսկման նոր գործիքներ ներդնելու նախաձեռնությամբ։

«Մի շարք մոդելներ քննարկելուց հետո որոշեցինք կանգ առնել հետևյալի վրա. նախ և առաջ վերականգնվում է ընտրական ցուցակներում ընտրողների կողմից ստորագրելու պարտականությունը, և ստորագրված ցուցակները առանձին փաթեթավորվելու են, ներկայացվելու ԸԸՀ։ Նրանք քվերակության հաջորդ օրը, ժամը 12։00-ից սկսած՝ սկսելու են սկանավորման գործընթացը: Այդ ցուցակները պետք է 24 ժամվա ընթացքում հրապարակվեն ԿԸՀ-ի կայքէջում»,-նշեց Հարությունյանը։

Նա սա Վենետիկի հանձնաժողովի սահմանած սկզբունքներից շեղում համարեց, սակայն շեշտեց, որ երկար քննարկելուց հետո հանգել են այն եզրակացության, որ այս փուլում ընտրական գործընթացների հանդեպ վստահությունը շատ ավելի կարևոր է, քան այս սկզբունքի խախտումը։

Այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմում ներկայացնելու առնչությամբ Հարությունյանն ասաց հետեւյալը՝ պետք է գտնել հավասարակշիռ մոտեցում, որպեսզի նմանատիպ անհիմն դիմումներ ներկայացնելու արդյունքում չձախողվի ընտրական ողջ գործընթացը։ Մյուս կողմից՝ պետք է ներմուծվեն որոշ մեխանիզմներ, որպեսզի պարզ դառնա, թե այդ  դիմումներն ինչպես պետք է քննարկվեն, քանի որ դրա քննարկման համար շատ սեղմ ժամկետ է անհրաժեշտ։

Այս գործընթացում ներդրվել են կանոններ, մասնավորապես՝ ցանկացած նման դիմում ստանալու դեպքում պետք է հստակեցվի՝ այն պաշտոնական մասով համապատասխանո՞ւմ է օրենքով նախատեսված ձևական պահանջներին, թե՞ ոչ։ Այդ դիմումները պետք է ուսումնասիրվեն սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով։ Այս առումով մեկ անգամ ևս ցանկացավ նշել, որ տվյալները, որոնք պարունակում է այդ համակարգը, չեն կարող համարվել 100 %-ով վստահելի այն տեսանկյունից, որ հնարավոր լինի միանշանակ պնդել՝ այդ անձը քվեարկության օրը գտնվե՞լ է Հայաստանի տարածքում, թե՞ ոչ։

Նրա դիտարկմամբ՝ եթե ըստ այդ համակարգի պարզվի, որ անձն այդ պահին չի գտնվել Հայաստանում, դա չի նշանակում, որ անձը 100%-ով չի գտնվել, դա նշանակում է՝ ամենայն հավանակությամբ անձը չի գտնվել։ Եվ եթե չկան այլ ապացույցներ, որոնք վկայում են, որ իրականում անձն է անձամբ քվեարկել, ապա ընտրական գործընթացների տեսանկյունից կհամարվի, որ այդ անձի փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն։ Անկախ եզրակացություններից՝ այդ դիմումները ուղարկվելու են իրավապահ մարմիններին։

Ընտրական գործընթացի տեսանկարահանման առնչությամբ Դ. Հարությունյանը ևս մեկ անգամ նշեց՝ պետությունը չի կարող ստանձնել դա՝ նման գործիքակազմ չունենալու պատճառով: Լուծումը, որին համաձայնել են ԱԺ 5 խմբակցությունները, հետևյալն է. «Ֆորմալ առումով գնումն իրականացվում է կառավարության անունից, և գնումների կազմակերպման գործընթացում, որպես կանոն, երկու կարևոր մարմին է գործում՝ գնումների ընթացակարգը կազմակերպելու պատասխանատուն և գնահատող հանձնաժողովը։ Պայմանավորվածությունը հետևյալն է՝ այդ երկու լիազորությունները վերապահվելու են եռակողմ մի հանձնաժողովի, որը ստեղծվելու է հավասար ներկայացուցչությամբ՝ քաղհասարակություն, ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ և իշխանություն»։

Իսկ տեսանկարահանումը իրականացնելուէ մասնագիտացված ընկերություն՝ ՀՀ ամբողջ տարածքում ապահովելով ուղիղ հեռարձակում, տեսանկարահանման արդյունքների արխիվացում։

Բացի այդ, Հրազդանի ընտրություններից հետո ժամանակակից հեռախոսների համար ծրագրային հավելված ստեղծելու գաղափար է առաջացել։ Դրա հեղինակը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է։ Այդ հավելվածը ամփոփման նիստին մասնակցող բոլոր անձանց հնարավորություն է ընձեռելու առավել հեշտ ձևով արձանագրել գրանցվող արդյունքները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter