
Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կրպակատերերի շահերի պաշտպանություն» կազմկոմիտեի ներկայացուցիչներին
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կրպակատերերի շահերի պաշտպանություն» կազմկոմիտեի ներկայացուցիչներին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կազմկոմիտեի անդամները նախ ներկայացրել են իրենց հուզող հարցերը կրպակների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ, ապա քաղաքապետին են փոխանցել կրպակատերերի մտահոգությունները:
Տարոն Մարգարյանը, լսելով բոլոր հարցերն ու առաջարկությունները,կազմկոմիտեի ներկայացուցիչներին է ներկայացրել գործընթացի նպատակը եւ փուլային մոտեցումները:
Քաղաքապետն ընդգծել է, որ առաջնահերթ լուծվելու է Աբովյան փողոցի ժամանակավոր շինությունների ապամոնտաժման հարցը: Սեփականատերերի հետ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ, եւ Աբովյան փողոցի այդ հատվածը շուտով երեւանցիներին կներկայանա իր ամբողջ տեսքով: Գործընթացին կհաջորդի ապամոնտաժման ենթակա չգործող եւ պայմանագրերի ժամկետն անց 243 կրպակների խնդրի կարգավորումը:
Միեւնույն ժամանակ Տարոն Մարգարյանը նշել է, որ մայրաքաղաքի Կենտրոնի փողոցներից դուրս գտնվող եւ գործող կրպակներին ապամոնտաժման գործընթացը չի անդրադառնալու: Քաղաքապետը նաեւ տեղեկացրել է, որ Երևանի գլխավոր ճարտարապետի, առեւտրի եւ սպասարկումների վարչության հետ քննարկվում է տարբեր վարչական շրջաններում փոքր առեւտրի կենտրոններ հիմնելու ծրագրի հնարավոր տարբերակները:
«Եթե այսօր որոշ կրպակատերերի պայմանագրի ժամկետը լրանում է 2015 թվականին, միեւնույն է` խնդիրը ծագելու է անգամ այդ ժամանակ: Բոլոր վարչական շրջաններում խմբավորված տեղեր են հատկացվելու, որոնք կհամապատասխանեն ժամանակակից չափորոշիչներին. կլինեն միանման, քաղաքի ճարտարապետական տեսքին համահունչ, նաեւ շահեկան կրպակատերերի համար»,-նշել է Տարոն Մարգարյանը` ավելացնելով, որ գործընթացը պետք է շարունակվի` չշեղվելով սկզբունքներից, ինչպես նաեւ պետք է պահպանվի քաղաքի գեղագիտական տեսքն ու արվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի չտուժեն նաեւ կրպակատերերի շահերը:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանել