HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շիրակ կենտրոնը» դիմում է ՊԵԿ-ի նորանշանակ նախագահին

Հարկային բեռից ազատվելու ակնկալիքով «Շիրակ կենտրոնը» այսօր դիմել է ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին.

Դիմումում մասնավորապես ասվում է.  

«Հարգելի պարոն Հարությունյան.

Լսելով Ձեր ելույթները և հույս ունենալով, որ Դուք արդարացի մոտեցում կցուցաբերեք և ճանապարհներ կգտնեք մեր՝  «Շիրակ կենտրոն» կազմակերպությանը ազատելու, անօթևան և ծայրահեղ աղքատ ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով առաջացած  հսկայածավալ հարկային բեռից:  

Նշենք, որ այս պահին մեր կողմից հայտարարված դրամահավաքի միջոցներով, 5 մլն դրամից ավել գոյացած հարկային բեռից, միայն 700.000 դրամն է հնարավոր եղել վճարել՝ որպես անշարժ գույքի օտարումից ստացված եկամտահարկ:  

Ուզում ենք նաև տեղեկացնել, որ Ձեր աջակցությամբ մեր կազմակերպության վրայից, մեր համոզմամբ, օրենքի բացի պատճառով առաջացած հարկային այս բեռը հանվելու դեպքում, հանգանակված գումարով ձեռք կբերենք ձմռան վառելափայտ ու կբաժանենք անօթևան ընտանիքներին»:

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն պետեկամուտների կոմիտեից մոտ 5 մլն դրամ եկամտային հարկ վճարելու պահանջով գրություն էր ստացել: Կոմիտեն հայտնել էր, որ ֆիզիկական անձանցից ձեռք բերված բնակարանների համար կենտրոնից եկամտային հարկ չի պահվել: Կազմակերպությունը պատասխանել էր, որ այդ բնակարանները ձեռք են բերվել Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար. կենտրոնը միայն գրանցել է դրանք իր անունով` հովանավորների պահանջով, և որևէ եկամուտ չի ունեցել: Միաժամանակ, կազմակերպությունը դրամահավաք էր կազմակերպել` գումարը հավաքելու համար:

Սեպտեմբերին «Շիրակ կենտրոն»-ը մեկ այլ հայտարարություն տարածեց, որով հայտնում է, որ դրամահավաքին արձագանքողներ են եղել, իսկ կենտրոնը նամակ է ուղարկել նաև կառավարության ղեկավար Կարեն Կարապետանին` տույժ ու տուգանքները զիջելու ակնկալիքով:

Կենտրոնն ավելի վաղ տեղեկացրել էր նաև, որ անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատճառով առաջացած հարկային բեռը զիջելու մասին ՀՀ բարձրագույն իշխանություններին, այդ թվում` նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, կազմակերպության անունից հղած խնդրանքներն ու դիմումները կամ մերժվեցին, կամ մնացին անպատասխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter