Երևան-Սևան ավտոճանապարհի ավտովթարից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
Երեկ Երևան-Սևան ավտոճանապարհին երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեք քաղաքացիներ դեռևս շարունակում են հիվանդանոցային բուժում ստանալ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում։
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը, տուժածներից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ մյուսինը՝ բավարար։
«Տուժածներից երկուսի մոտ գանգուղեղային վնասվածքներ է, իսկ վարորդի մոտ ողնաշարի ողնուղեղային վնասվածք է ախտորոշվել։ Սակայն երեք տուժածների կյանքին վտանգ չի սպառնում»,-նշում է նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավարը։
Ֆանարջյանը հստակ չի կարող նշել, թե տուժածները երբ դուրս կգրվեն հիվանդանոցային համալիրից, քանի որ կարծում է՝ դեռևս ապաքինումը պետք է շարունակեն բժիշկների հսկողության ներքո։
Հիշեցնենք՝ երեկ` ժամը 08։00-ի սահմաններում, Գ.Ստեփանյանի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի 35CT940 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում` Երևան ընթանալիս, ընկել էր սահքի մեջ, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, հատել կանաչապատ գոտին, ապա, հարվածելով Սևանի ուղղությամբ ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենային, կողաշրջվել։
Վթարի հետևանքով «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1998թ-ին ծնված Հռիփսիմե Ռուբիկի Գասպարյանը մահացել է, ևս 9 անձ՝ ստացել մարմնական վնասվածքներ։
Իսկ դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն։ Քննություն է տարվում` պարզելու վթարի պատճառները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել