
Ծննդաբերությունից ժամեր անց մահացած ծննդկանի հարազատները պահանջում են պատժել մեղավորներին
Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացած 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան մասին լուրը հաջորդ օրն արդեն արագորեն սկսեց շրջանառվել քաղաքում:
Լոռու մարզի Գուգարք համայնքի 32-ամյա բնակչուհին բաժանմունք էր դիմել դեռ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 26-ին: Սկեսուրի՝ Քնարիկ Մնացականյանի խոսքով, դիմելու պատճառը եղել է համաբուժարանի մանկաբարձ-գինեկոլոգի ցուցումը: «Գինեկոլոգն ասեց, որ կոնքերի պրոբլեմ կա: Դե ես բժիշկ չեմ, չհասկացա, վեր կալա տարա: Ասեցի, բա հիմի պառկացնելու ե՞ք, նայեցին ընդեղ, ասեցին՝ հա»,- պատմում է սկեսուրը:
Նրա խոսքով՝ ստացիոնարում անցկացրած օրերի ընթացքում դիմել են բժիշկներին՝ հղիին դուրս գրելու խնդրանքով: Բժիշկները, սակայն, հրաժարվել են դա անել: Իսկ 20 օր անց բժիշկներն առաջարկություն են արել. «Բժիշկն ասեց եկեք դեղ դնենք, ստորագրեք, ժամանակն ա երեխեն ազատվի»,- հիշում է սկեսուրը: «Ասել էին երկուշաբթի օրը պետք է արվի դեղի պահը: Ստորագրեցի, դաբրոն տվեցին, որ լավ կըլնի»,- ասում է ամուսինը՝ Համլետ Ղուկասյանը:
Ծննդաբերությունից հետո իմանալով, որ տղա են ունեցել, ընտանիքի անդամները որոշել են մաղարիչ անել: Հարազատներով հավաքված երեխայի ծնունդը նշելու ընթացքում, սակայն, հարսը զանգահարել է սկեսուրին ու ասել՝ այ մամ, մեռնում եմ, հասեք:
Քնարիկ Մնացականյանի խոսքով՝ երբ շտապել են բժշկական կենտրոն հերթապահ բժիշկը՝ Արսեն Բալայանը, մոտեցել ու առաջարկել է արգանդը հեռացնել՝ կնոջ կյանքը փրկելու համար:
«Ասեց՝ մի փոքր թել ա մնում քու հարսիցը, արգանդը հեռացնե՞մ: Հրեցի, ասեցի՝ վայ, ասեցի, շուտ արա, էլ մի կանգնի, գնա հեռացրա»,-պատմում է սկեսուրը:
Հեռանալուց րոպեներ անց Արսեն Բալայանը վերադարձել ու հայտնել է՝ մահացավ: Հարազատները հարձակվել են բժիշկների վրա, հարվածել նրանց, ապա շտապել վիրահատարան:
Թե ինչի՞ց է մահացել հարսը, հարազատները չգիտեն:
«Բժիշկը ես ե՞մ,- հարցնում է սկեսուրն ու պատասխանում իր իսկ հարցին,-բժիշկն իրանք են, 20 օր նայել են, պիտի իմանային, թե ինչ անեն: Մթոմ պաշտպանում էր, ինձանից է՞ր պաշտպանում: Ես տե՞մ իմանալ ներսի կոնքերն ինչ ա նշանակում»:
Նրա խոսքով ինքը հարցրել է բժշկին՝ ինչի՞ց է մահացել հարսը: Պատասխան, սակայն, չի ստացել: Ամուսինը նշում է, որ Հռիփսիմեն որևէ առողջական խնդիր չի ունեցել: «Հղի վիճակում տունը հետներս ռեմոնտ ա արել, ոչ մի խնդիր չի ունեցել»,-ասում է նա:
«Ես դրան հանիլ տեմ տա, դատի տեմ տալ:Հարցնում եմ, չի խոսում, գոնե խոսա, իմանանք ինչի՞ց մահացավ»,- վրդովվում է Քնարիկ Մնացականյանը: Հարազատների խոսքով ծնունդն ընդունել է Դավիթ Շահվերդյանը: Վերջինս, սակայնասել է, որ ծնունդ ընդունողը գինեկոլոգ Արսեն Բալայանն է եղել:
«Հերթապահ բժիշկ ա եղել: Դավիթն իրա գործը արել ա, գնացել, էդ օրվա հերթապահ բժիշկը պետք ա իրա գործն աներ: Չի արել: Կամ որտե՞ղ ա եղել, ինչո՞վ ա զբաղված եղել, չեմ կարա ասեմ: Ինքը պետք ա տեր էղներ կամ պիտի շատ շուտ կանչեր մյուսներին օգնության»,- նշում է ամուսինը, նկատի ունենալով գինեկոլոգ Արսեն Բալայանին:
Հարցին՝ թե ինչի՞ հետ է կապված եղել ամուսնու ստորագրությունը և համաձայնությունը վերցնելը, Դավիթ Շահվերդյանը պատասխանում է այսպես.
«Ելնելով նրանից, որ հղիության ժամկետը 41 շաբաթ 5 օր էր, նախապատրաստել են ծննդաբերության: Այսինքն, 41-42 շաբաթական հղիությունը որպես ձգձգված հղիություն նախապատրաստել են ծննդաբերության…Երբ կա ժամկետանց հղիություն, գերահասուն հղիություն, այդ ժամանակ արհեստական ձևով առաջացնում են կծկանքներ»: Հարցին՝ հնարավոր է բժշկական սխալ եղած լինի, բժիշկը խուսափում է պատասխանել: «Մենք դեռ եզրակացությունը չունենք, դրա համար ես չեմ կարող որևէ բան պատասխանել: Բոլոր բժիշկները հիվանդներին օգնություն են ցույց տալիս: Ո՞նց կարող եմ ես ասել բժշկական սխալ: Ի՞նչ սխալ է տեղի ունեցել, չեմ կարող ասել»,- նշել է նա:
Դավիթ Շահվերդյանը չի բացառում վարկածը, որ հիվանդի վիճակի կտրուկ վատացման պատճառներից մեկը կարող էր լինել թրոմբոէմբոլիկ բարդությունը: Հարազատների վարկածը, թե արյունահոսությունը եղել է արգանդի պատռվածքի հետևանքով, բժիշկը բացառում է։ «Արգանդի պատռվածքը մեր սոնոգրաֆիկ տվյալներով և վերջում էլ կտեսնենք, որ բացառվում է»,- ասում է է նա:
Բժիշկ Արսեն Բալայանին մեզ տեսնել չհաջողվեց: «Սթերսային վիճակում է գտնվում, աշխատանքի չի ներկայացել»,- փոխանցեց Դավիթ Շահվերդյանը:
Թե երբ կներկայանա աշխատանքի, բաժանմունքի վարիչի պաշտոնակատարը չկարողացավ ասել: Նորածնի վիճակը գնահատվում է բավարար, վերջինս դեռևս գտնվում է մանկաբույժների հսկողության տակ:
Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում տարվում է քննություն՝ ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մեկնաբանել