Գեղարքունիքի ֆերմերներին գյուղնախարարը առաջարկում է ստեղծել համատեղ ընկերություն և իրացնել բերքը
Գեղարքունիքի Վարդենիս քաղաքի կարտոֆիլագործների կողմից Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը փակելուց մեկ շաբաթ անց` երեկ Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է կարտոֆիլագործներին: Վերջիններս ճանապարհ փակելով իրենց դժգոհությունն էին հայտնում պաշտպանության նախարարության պատվերով միջնորդների կողմից ձեռքբերվող կարտոֆիլի ցածր գնից. այս տարի իրենցից բերքը ձեռք են բերել ինքնարժեքից ցածր գնով ՝ 40-45 դրամով, իսկ ՊՆ-ին մատակարարել 80-90 դրամով:
Գյուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Իգնատի Առաքելյանը նշել է, որ խնդիրը քննարկվել է պաշպանության նախարարի հետ, որն առաջարկել է գյուղացիներին միավորվել, ստեղծել համատեղ ընկերություն, կոոպերատիվ, որն ինքը մատակարար կդառնա:
«Դուք պետք է կարողանաք իրար հետ աշխատել, դուք միայն միասին ուժեղ կլինեք, սկսեք մտածել այդ ուղղությամբ, քանի որ եթե շարունակեք փոքր տնտեսություններով առանձին աշխատել, ապա միշտ կհայտնվի մի միջնորդ, ով կգա ու իր պայմանները կթելադրի: Բացի այդ, պետք է մտածել բերքատվությունն ավելացնելու մասին. ես ձեզ հավաստիացնում եմ` չկա որևէ ֆերմեր, ով ստացել է բարձր որակի բերք և այսօր իրացման խնդիր ունի: Որակյալ և մեծաքանակ բերքի ստացման դեպքում ունենում ենք ցածր ինքնարժեք, որը հնարավորություն է տալիս ֆերմերին բանակցել գնի շուրջ»,- կարտոֆիլագործներին ասել է նախարարը:
Առաքելյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում միավորվելու առաջարկ է արել նաև մարզկենտրոն Գավառի ֆերմերներին:
«Փոքր տնտեսությունների միավորումը Ձեզ հնարավորություն կտա տնտեսել ծախսեր, բարձրացնել արդյունավետությունը և մթերող ընկերությունների հետ ներկայանալ հավասար պայմաններում: Միայնակ ֆերմերն այսօր չի կարողանում առաջարկել մրցակցային գին, իսկ մթերողը խոշոր կազմակերպություն է և կարողանում է պարտադրել գյուղացուն գնումն իրականացնել իրեն ձեռնտու գնով: Արդյունքում՝ դուք սկսում եք այդ դաշտում իրար դեմ աշխատել՝ փորձելով հնարավորինս արագ ձերբազատվել արտադրանքից, և շատ հաճախ վնասներ եք կրում: Բայց դուք չպետք է մրցակցեք իրար հետ, այդ մրցակցությունը ձեզ միայն խանգարելու է, աշխատեք իրար հետ և ոչ թե իրար դեմ: Հակառակ պարագայում ունենք մի վիճակ, երբ գյուղացին հազիվ տվյալ տարում ծայրը ծայրին է հասցնում՝ հույսով, որ մյուս տարի ավելի լավ կլինի, սակայն սա անվերջ պրոցես է, որը մեզ բերում է նույն ելակետին»,- ասել է նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել