HY RU EN

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովն ընդունեց. ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակվեն

Ազգային ժողովը 103 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ ձայներով ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այս փոփոխությամբ հրպարակվելու են ընտրողների ստորագրված ցուցակները, ինչպես նաև իրականացվելու է ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակում՝ հենց տեղամասից:

Ըստ ընդունված փոփոխությունների՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից սկսած իրականացնում է ընտրողների ցուցակների սկանավորում, որին կարող են հետևել ընտրական հանձնաժողովների անդամները, թեկնածուները, վստահված անձինք, դիտորդները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Ընտրողների ցուցակները սկանավորվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և չափորոշիչներին համապատասխան այնպես, որ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն, ինչպես նաեւ ընտրողի ստորագրության, ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի անհատական կնիքի համար նախատեսված սյունակները լինեն տեսանելի:

Ընտրողների սկանավորված ցուցակները, ոչ ուշ, քան սկանավորման աշխատանքները սկսվելուց 24 ժամ հետո պաշտոնապես հրապարակվում և ներբեռնելու ու, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Բացի այդ՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կառավարության կողմից սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի կամ կայքերի միջոցով:

Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչեւ 50 մետր շառավղով, ինչպես նաև ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները: Տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:

Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը և ընտրական հանձնաժողովները պարտավոր են աջակցել մասնագիտացված կազմակերպությանը տեսանկարահանման և համացանցային հեռարձակման գործընթացը կազմակերպելու հարցում, սակայն պատասխանատվություն չեն կրում գործընթացի կազմակերպման եւ դրա որակի համար:

Իսկ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով՝ ներկայումս սահմանված հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի փոխարեն:

Քրեական օրենսգրքում ավելացվում է նաև նոր հոդված՝ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն դիմումին կից ներկայացնելու մասին: Այս հոդվածի շուրջ երեկ բուռն քննարկումներ ծավալվեցին խորհրդարանում:

Ընդդիմությունն առաջարկում էր տարբերակված մոտեցում ցուցաբերել դիտավորյալ կատարած սուտ մատնության և անզգուշաբար կատարված սուտ մատնության միջև: Ըստ այդ, առաջարկվեց նաև նվազեցնել պատասխանատվությունը, որը կառավարությունն առաջարկել էր 2-5 տարի ժամկետով ազատազրկում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով` 1-3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Ձեռք բերված համաձայնությամբ նախագիծը փոփոխվեց և կողմերը կանգ առան 200-800 հազար դրամ տուգանքի կամ՝ մինչև 2 տարի ժամկետով ազատազրկման վրա: Ինչպես նաև ցուցաբերվեց տարբերակված մոտեցում դիտավորյալ կամ անզգույշ սուտ մատնության համար:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ դիտավորյալ բառն ավելացնելով ոչինչ չի փոխվում և այս նախագծով փորձ է արվելու ազդել բողոքարկման գործընթացի վրա: Նա կոչ արեց դեմ քվեարկել:

Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու համար հասարակությունը պայքարել է 15 տարուց ավելի: Պատգամավորը շնորհավորեց Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի բոլոր կողմնակիցներին այս կարևոր նվաճման համար: