HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նաիրա Զոհրաբյան. «Ով ընկավ մաքսայինի պապկաների մեջ, «քերթվում» է մինչև վերջ»

Ազգային ժողովն արտահերթ նիստով քննարկում է Կառավարության ներկայացրած ծրագիրը: ԱԺ ամբիոնից այն ներկայացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով վարչապետին, ասաց, որ վերջինս բավականաչափ ժամանակ ուներ փոփոխությունները սկսելու կառավարությունից. բացի անձերի փոփոխություններից` ուրիշ ի՞նչ փոփոխություն է եղել կառավարությունում: Պատգամավորն ասաց, որ իր համար այլ փոփոխությունները տեսանելի չեն եղել:

«Անընդհատ խոսում ենք՝ ստվեր, մենաշնորհ, կոռուպցիա: Տպավորությունն այնպիսին է, որ դրանք անորսալի Ջոն են, մենք չգիտենք մենաշնորհը որտեղ է, մի քանի մենաշնորհ ունեցողներ այս դահլիճում նստած են: Մենք չգիտենք ստվերը որտեղ է, մենք չգիտենք կոռուպցիան որտեղ է: Եկեք անորսալի Ջոյի պատմությունը չսարքենք ,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ բոլորս էլ ակնկալում ենք ոչ ստանդարտ լուծումներ՝ հասկանալով, որ իրոք անհրաժեշտ են նման լուծումներ:

Պատգամավորն ասաց, որ մենաշնորհին, կոռուպցիային, ստվերին «ստոպ տալու» ժամանակն է, այլապես ցանկացած հայտարարություն, որ հնչելու է ԱԺ ամբիոնից, առոչինչ է լինելու: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ բոլորն էլ գիտեն մենաշնորհատերերին անուն առ անուն, նույնիսկ նրանց կենսագրություններն են հայտնի:

Ըստ նրա՝ եթե միջոցներ չձեռնարկվեն, մեր տնտեսությունը կշարունակի մնալ ստվերի մեջ խեղդված, կոռուպցիան ուղղակի կշարունակի կոռոզիայի ենթարկել մեր պետական ողջ համակարգը, իսկ եթե մենաշնորհի օլիգարխներին համարենք անորսալի Ջոեր՝ լսել ենք, չենք տեսել, ոչինչ չի փոխվի:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ հանձնարարվել է բոլոր գերատեսչություններին, նոր կառուցվածք ներկայացնել՝ հստակ դնելով խնդիր կրճատել, ոչ թե օպտիմալացնել: Վերանայել այն գործառույթները, որ կիսատ-պռատ են արվում, կամ չեն արվում, երբեմն էլ պետք չէ, որ արվեն:

«Հստակ հանձնարարական կա կրճատել ՊՈԱԿ-ները, հստակ հանձնարարական կա կենտրոնացնելու գնումների մեր կառույցները, կենտրոնացնելու ԾԻԳ-երը: Մենք հանրությանը կներկայացնենք և այստեղ սպասում եմ լուրջ կրճատումներ»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, Կարեն Կարապետյանը նշեց, որ այն շատ ստանդարտ է և կառավարության ծրագրում «ֆիքսել» են, թե ինչպես են պայքարելու կոռուպցիայի դեմ:

«Կանենք, թե չենք անի՝ դուք կտեսնեք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

«Կապրենք, կտեսնենք»,- եղավ Նաիրա Զոհրաբյանի պատասխանը:

Պատգամավորը վարչեպետին ասաց, որ գաղտնիք չէ մաքսային մարմիններում «տարբեր պապկաների» գոյության մասին:

«Պապկաների մի ձև կա, որը 37 թվի տրոյկաներն է հիշեցնում. Ով ընկավ այդ պապկաների մեջ, «քերթվում» է մինչև վերջ»,-նշեց Ն. Զոհրաբյանը՝ հետաքրքրվելով` այդ «պապկաները» վերանալու են, թե ոչ:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ եթե այդ համակարգը ոտքից գլուխ չբարեփոխվի, ապա ցանկացած խնդրի մասին խոսելն ուղղակի անիմաստ է:

«Տիկին Զոհրաբյան, պապկաներ չեն լինելու: Լինելու են բրոկերային կառույցներ, ինչպես ամբողջ աշխարհում, որտեղ բիզնեսմենը որոշելու է այդ բրոկերին է ուզում դիմել, թե մաքսատուն է ուզում դիմել և որևէ պարտադրանք, որևէ բիզնեսմենին չի լինելու»,- հնչեց վարչապետի պատասխանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter