
Կոսմետիկ փոփոխությունների կառավարությունը
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստով սկսեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումը: Քվեարկությամբ այն ընդունելու կամ մերժելու համար խորհրդարանը 5 օր ժամանակ ունի: Կասկած չկա, որ ծրագիրը կընդունվի: Որքան էլ առաջին հերթին գործադիրից հեռացվածների և նրանց համախոհների կողմից վարչապետ Կարեն Կարապետյանի և նրա կաբինետի նկատմամբ քաղաքական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ում ներքին լուրջ դիմադրություն կա, սակայն հազիվ թե այն բացահայտ դրսևորվի ծրագրի քվեարկության ժամանակ, որն անցկացվելու է բաց: Դա ուղղակի կնշանակեր հակադրվել անձամբ Սերժ Սարգսյանին՝ դրանից բխող՝ իրենց համար մեղմ ասած խիստ անկանխատեսելի հետևանքներով:
Այս Ազգային ժողովը վերջին 4 տարվա ընթացքում կառավարության երրորդ ծրագիրն է ընդունում: Առաջինը 2013թ. նախագահական ընտրություններից հետո էր, երկրորդը՝ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականից և Հովիկ Աբրահամյանի կաբինետի ձևավորումից հետո: Առաջիկա երկու տարում խորհրդարանը դեռ երկու անգամ էլ կառավարության ծրագիր կհաստատի: Մեկը՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո, մյուսը՝ 2018թ., երբ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը կսպառվի և ԱԺ-ի կողմից նոր նախագահ ընտրելուց հետո սահմանադրության ուժով գործող կառավարությունը հրաժարական կտա և կձևավորվի նորը: 6 տարվա մեջ 5 ծրագիր ընդունելը, ինչ տեսանկյունից էլ մոտենանք, հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական անկայունության հայելային արտացոլաննք է, որն ինքնին ցուցադրում է երկրի պերմանենտ ցնցումների, փոփոխականության մեջ լինելու հանգամանքը: Նման իրավիճակում առնվազն ծիծաղելի է խոսել երկրի զարգացման երկարաժամկետ պլանավորման մասին: Եվ Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագիրը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ:
33 էջ կազմող այս փաստաթուղթը փաստացի կազմվել է առավելագույնը 2 տարվա տեսլականով: Միջոցառումների մեծ մասը նախատեսված է հիմնականում 2017թ. համար: Ծրագիրը ոչ թե նորարական, այլ մասամբ նորացված տնտեսական քաղաքականության համար ենթակառուցվածքների, նախադրյալների ստեղծման տրամաբանություն ունի, որով հստակեցվում են միայն կառավարության գործունեության ուղենիշերը: Ծրագիրը կառուցվել է ոչ թե չափելի ու շոշափելի արդյունքների կանխատեսման, այլ միայն չափելի, կոնկրետ ժամկետային ցուցանիշների արտացոլման մեթոդաբանությամբ: Այսինքն կարելի է տեսնել, թե որ միջոցառումը ինչ ժամկետներում է արվելու: Սակայն դժվար է ըմբռնել, թե ինչ է կառավարությունը վերջնարդյուքնում կոնկրետ ստանալու: Պատահական չէ, որ ծրագրում ոչ մի խոսք չկա որևէ քիչ թե շատ հավակնոտ, խոշորամասշտաբ նախագծի մասին. ոչ նոր ԱԷԿ-ի կառուցման, ոչ «Նայիրիտ»-ի թնջուկի լուծման, ոչ Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության:
Ծրագրի կազմման և դրանում խնդիրների ձևակերպման տրամաբանությունը լիովին համապատասխանում է վարչապետի պաշտոնում նշանակվելիս Կարեն Կարապետյանի արած երկու հիմնական զգուշացումներին: Նախ՝ որ առաջնորդվելու է կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ներկայացման կոնցեպցիայով: Հիմա նրա ներկայացրած ծրագիրը կարճաժամկետն է: Եթե ծրագրային գործողությունների ճնշող մեծամասնությունը նա թողել է 2017թ. համար, նշանակում է երկարաժամկետ ծրագրի ներկայացումը նա թողել է ոչ թե 2017թ. ընտրություններից հետո, այլ 2018թ. ձևավորվելիք նոր կառավարությանը: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Կարեն Կարապետյանն այս փուլում համաձայնել է վարչապետի պաշտոնն ստանձնել այն պայմանով, որ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի հաղթելու դեպքում շարունակելու է պաշտոնավարել, և իր կաբինետը բովանդակային առումով պահպանելու է նախագահի և քաղաքական մեծամասնության կողմից ստացած վստահության ներկայիս մանդատն առնվազն մինչև 2018թ.:
Ծրագրում շեշտադրումն արվել է երեք հենակետային առաջնահերթությունների վրա` Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության ամրապնդում, ներդրումային, գործարար միջավայրի բարելավմամբ տնտեսության զարգացման խթանում և պետական կառավարման օպտիմալացում՝ խնայողությունների և ավելորդ ծախսերի կրճատմամբ:
Որոշ ուղղություններով ինչպես օրինակ պետական գնումների, մաքսային և հարկային ծառայության, էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում սակագնային տարբերակված քաղաքականության իրականացման, ծրագիրն որոշակիորեն բարեփոխական է: Դրանք հիմնականում արտացոլում են մինչ այժմ նախարարություններին, եեկամուտների ծառայությանը Կարապետյանի տված հանձնարարականների և նրա հրապարակային հայտարարությունների տրամաբանությանը: Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում նոր կաբինետը գրեթե լիովին փոխառել է նախկին՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության նախաձեռնությունները: Պետական ապարատի օպտիմալացման, ապօրինի հարստացումը քրեականացնելու օերնսդրական փաթեթ ընդունելու գործընթացներն սկսվել էին դեռ այն ժամանակ: Նախկին վարչապետը հրաժարական տալիս, որպես իրենց կարևոր ձեռբերում, հենց այս ուղղությամբ իրականացված աշխատանքները վկայակոչեց: Անկախ դրանից՝ եթե նոր կառավարությունը կարողանա սկսվածը հասցնել տրամաբանական ավարտին, կոռուպցիայի դեմ պայքարում գուցե հնարավոր լինի մեկ քայլ առաջ գնաալ:
Բայց սրանց կողքին ծրագիրը ամենաառանցքային և երկրի հեռանկարայնության իմաստով ամենազգայուն մի քանի առանցքային ուղղություններով գրեթե տեղում դոփելու, առկա իրավիճակը պահելու մարտավարություն է ընդունում:
Նախ՝ որոշ դեպքերում ակնհայտ է կոնկրետ թիրախներ ու նպատակներ նախանշելու, բայց դրանց հասնելու մեխանիզմների բացակայության հակասությունը: Օրինակ, ինչպես և պետք էր սպասել, ծրագրում ամրագրվել են Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ավելի վաղ առաջադրված «ազգ-բանակ» և «հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք»՝ հասարակության շրջանում լուրջ ոգևորություն և սպասումներ առաջացրած ռազմավարական սկզբունքները: Բայց պաշտպանության համակարգին առնչվող ծրագրային միջոցառումներն այնքան ստանդարտ են, որ գոնե կոնցեպտուալ առումով անհասկանալի է՝ ինչ լուծումներով է կառավարությունը դրանք կյանքի կոչելու:
Կամ՝ ծրագրում արտահայտվել է անխտիր բոլոր տնտեսվարողների կողմից իրականացվող բոլոր գործարքների ամբողջական փաստաթղթավորման գաղափարը: Եթե այն սկսի աշխատել, խոշոր և որպես կանոն օլիգոպոլ բիզնեսը կզրկվի ստվերային ապրանքաշրջանառություն արտոնություններից, և դրանով հարկային ծանրության բեռը մանր և միջին բիզնեսից կտեղափոխվի խոշորների դաշտ: Բայց խնդիրն այն է, որ գաղափարի մասին ակնարկելուց ավելին կառավարությունն իրեն թույլ չի տվել: Ծրագրում խոսքը գնում է ընդամենը դրա «մշակույթի ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման» մասին: Ընդ որում՝ կառավարությունը ոչ թե ձևակերպում է խոշոր տնտեսավարողների կողմից իրականացվող գործարքների փաստաթղթավորման հստակ պահանջը, այլ ընդամենը «կարևորում է» դրա անհրաժեշտությունը: Նման մոտեցումը նշանակում է, որ կառավարությունը կամ դեռ լավ չի պատկերացնում՝ ինչպես պետք է գտնի օլիգարխիային փաստացի պատերազմ հայտարարելու կշիռ ունեցող լուծումները, կամ պարզապես համարձակությունը չի ներում հայտարարել այդ պատերազմը:
Ընդհանրապես, ծրագիրը չի անդրադառնում արհեստական մոնոպոլիաներից ձերբազատվելու խնդրին: Այնպիսի տպավորություն է, որ նման հիմնահարց ոչ կառավարությունը, ոչ էլ տնտեսությունը չունեն: Վարչապետ նշանակվելուց երկու օր անց Կարապետյանը հայտարարեց, թե խնդիրը մոնոպոլիաների առկայության մեջ չէ, այլ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներին վերահսկելու: Սա օլիգոպոլիաների խթանման, կամ անուղղակի հովանավորման վստահեցում էր, որը, փաստորեն Կարապետյանի կառավարությունը դարձրել է ծրագրային մոտեցում: Մինչդեռ առանց ստվերի կրճատման և օլիգոպոլիաների վերացման համոզիչ գործիքակազմ ներկայացնելու, դժվար է պատկերացնել՝ ինչպես է կառավարությունը տնտեսությունը դուրս բերելու վարչապետի նշած ծանր վիճակից, ինչպես է ազատ մրցակցային պայմաններ ստեղծելու և ներդրումներ ներգրավվելու: Կապիտալ ոչ թե դեպի գեղեցիկ շարադրված ծրագրերն է «վազում», այլ կայուն, երաշխավորված և ազատ մրցակցության պայմաններում աճելու հնարավորություններ տվող իրական տնտեսական միջավայրեր: Կառավարոթյունն ասում է, որ մեծ հաշվով պատրաստ չէ ստեղծելու այդ միջավայրը, որովհետև օլիգոպոլիաները շարունակելու են լինել պաշտպանված և պատրաստ չէ իրական համակարգային փոփոխությունների: Որովհետև, փաստորեն, նոր կառավարությունը պահպանողականություն է դրսևորում հենց այն կետերում, որտեղ վիրահատական միջամտություն անելու նրա համարձակությունը պետք է վերականգներ պետության հանդեպ հանրային կորսված վստահությունը: Առանց այս թիրախներին հարվածելու, մնացած բոլոր երկրորդային ուղղություններով փոփոխությունները լինելու են կոսմետիկ, իսկ կառավարությունները, անկախ դրանք քաղաքական կամ տեխնոկրատ կառուցվածքից, լինելու են կոնյուկտուրային և սպասարկելու են գործող համակարգը: Ընդ որում՝ դեռ նույնիսկ փաստ չէ, որ անգամ այդ նախանշված կոսմետիկ փոփոխությունները կիրականացվեն: Ի վերջո, լավ ծրագիրը կատարված կամ ծայրահեղ դեպքում` կատարվող ծրագիրն է:
Լուսանկարը` parliamen.am-ից
Մեկնաբանել