HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ծանոթացել է «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսին ներկայացված արտադրանքին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես:

Այս մասին տեղեկացնում է կառավարությունը` մշելով, որ միջոցառման նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և հյուրերին ցուցադրել բարձրորակ գյուղատնտեսական և պարենային ապրանքի տեսականին:

Վարչապետ Կարապետյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, ընկերությունների զարգացման ծրագրերին: Կ. Կարապետյանը հետաքրքվել է նրանց խնդիրներով, որոնք խոչընդոտում են արտադրական ծավալների ավելացմանը, արտահանման աճին և այլն: Կարեն Կարապետյանը հորդորել է ընկերությունների ներկայացուցիչներին պատրաստել հստակ առաջարկությունների փաթեթ և այն ներկայացնել կառավարություն:

Վարչապետը կարևորել է արտադրական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ օժանդակություն ցուցաբերել տնտեսվարողներին: «Գյուղնախարարի հետ քննարկում և այժմ բանակցում ենք, որպեսզի մասնավորի հետ ստեղծենք մի ընկերություն, որը կզբաղվի հայկական գյուղմթերքների, վերամշակված մթերքների շուկաների որոնմամբ: Բայց լինելու են շատ հստակ ձևակերպված որակական ցուցանիշներ՝ ինչին պետք է բավարարեն, որ իրենք կարողանան հանգիստ գումար ներդնել և սկսեն զբաղվեն շուկայի որոնմամբ»,- նշել է կառավարության ղեկավարը: 

Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչները, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter