
Ինչպես են նվազել տնտեսական ակտիվության աճի տեմպերը
Այս տարվա հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1.6%։ Այս մասին են տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։
Ինչպես գրել ենք հունվար-օգոստոսի ցուցանիշներին անդրադառնալիս, աճի տեմպերը թուլացել են։ Նույն միտումն է նաև հունվար-սեպտեմբերի կտրվածքով։ Գրանցված 1.6% աճը ամենացածրն է տարվա ընթացքում։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Այս տարվա հունվար-սեպտեմբերին ՏԱՑ-ի աճին նպաստել են միայն արդյունաբերության և ծառայությունների ոլորտները։ Մնացած ոլորտները զսպել են աճը։ Տարվա մեջ առաջին անգամ նվազում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում։
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 1 տրլն դրամ, որի աճը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 7.1% է:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը մոտ 655 մլրդ դրամ է։ Այստեղ նվազում է գրանցվել՝ 2.6%:
Շինարարության ծավալները ևս շարունակում են նվազել։ Հունվար-սեպտեմբերին ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 236 մլրդ դրամ, անկումը՝ 9.3%:
Ներքին առևտրաշրջանառությունը կազմել է 1.56 տրլն դրամ, նվազումը՝ 0.1%:
Աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում՝ 8.1%: Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) կազմել է մոտ 920 մլրդ դրամ։
Իսկ միայն սեպտեմբերին, 2015-ի սեպտեմբերի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 2.4%-ով։
Մեկնաբանել