Ջավախքում երկու եկեղեցի է վերաօծվել
Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը հայտնում է, որ հոկտեմբերի 22-ին Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում վերաօծվել է Սուրբ Խաչ եկեղեցին: Այն վերականգնվել է ծագումով Սուլդայից, բայց այժմ ռուսաստանաբնակ Հրազդան Առաքելյանի հովանավորությամբ:
Նույն օրը Սուլդայի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունեցել նաև առաջին մկրտությունը: Բարերարն ուխտել էր, որ իր երեխաները պետք է մկրտվեն Սուլդայի վերականգնված ու վերաօծված եկեղեցում, և նրա ուխտն ի կատար է ածվել:
Հոկտեմբերի 23-ին Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի է ունեցել Սուրբ Սիոն եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողություն:

Եկեղեցին կառուցվել է 1830-ական թթ., բայց տասնամյակներ շարունակ չի գործել: Եկեղեցին վերականգնվել է մի խումբ վաչիանցիների հովանավորությամբ:
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել եկեղեցի ունենալու և Սուրբ Խաչի գյուտի տոնի կապակցությամբ, նշել է գյուղում եկեղեցի ունենալու կարևորության մասին:
Հավարտ Սուրբ պատարագի՝ կատարվել է եկեղեցու բակում կանգնեցված, հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքարի օծման կարգը:
Լուսանկարները` Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվաի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել