HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գոմերն ու տունն էլ որ հարմարավետ է լինում, գյուղի ապրելը շատ լավն ա»

Դսեղի Ղոբին հանդամասի  անջուր ու անցանկապատ  վարելահողերը տարիներ շարունակ  արոտավայր է օգտագործվում: Հողի սեփականատերերը գյուղի անասունների առաջ բաց  իրենց հողերը չեն մշակում՝ նաև ոռոգման ջուր չունենալու պատճառով: Դաշտում խելահեղ վազքի մեջ էին դսեղցի անտառապետ Արամ Քոչարյանի մոտ 50 հրեղեն ու նաև չալտիկ ձիերը: Արամը չցանկացավ խոսել ձիերի մասին:

«Մեր ընտանիքը ոչ թե իր ձիերով, այլ իր 4 բժիշկներով է հայտնի»,-ասաց նա:

Ղոբինում նաև դսեղցիների կովերն էին արածում: Հեռվից հովիվ էի փնտրում: Նկատեցի մեկին: Մահակին հենվածը՝ կին էր: Ուրախացա: Սիրուշ Հովսեփյանի հետ անմիջապես մտերմացանք:

«Տղաս աշխատանքի է  գնացել, հարսս էլ տան գործերով էր զբաղված, դրա համար եմ ես կովերը բերել արոտի»,-բացատրեց նա:

Սիրուշ Հովսեփյանը երեք երեխա, 9 թոռ և 11 ծոռ ունի: Թոռներից մեկը՝ Արտեմը  ծառայում է Ղարաբաղում: Աղջիկն ամուսնացած է Աշտարակում, տղաներից մեծը՝ Փաշան իր  ընտանիքով առանձին է ապրում:

«Փաշան մի 12 կով ունի, մի էդքան էլ հորթեր , ձիեր  և  ոչխարներ ունի: Մեծ տղաս ամեն տարի կնոջ հետ Դսեղի «Շալու դուզ» և «Աջոյի մատ» սարերն է գնում: Մեր տավարն էլ հետը սարն է  տանում: Իմ տղան  սարից իջնելիս բիտոններով յուղ է տալիս մեզ: Մենք չենք քաշում, բայց 100 կիլոյից ավելի յուղ է լինում, պանիր , թթվասեր, ամեն ինչ տալիս է: Հետո էնտեղ կաթը մեքենայով են զտում, շատ չեն չարչարվում։ Եթե մարդը չաշխատի, ոնց կապրի՝ ուզում է գյուղում լինի, ուզում է՝ քաղաքում»,-ասում է Սիրուշը:

Նա պատմում է, որ իր  ընտանիքը ձմռանը լավ է պատրաստվել: 800 հակ խոտ են կուտակել: «Ձմռանը ես մեր 8 կովից մի 10-15 լիտր կաթ եմ կթում: Մեր արտադրած կաթնամթերքը մենք ենք ուտում, դե, հորթերին էլ ենք տալիս: Երբ ձեռքերներիս փողը քչանում է, էդ կաթիցը, յուղիցը, պանրիցը ծախում ենք: Հենց գյուղում առնում են: Բոլորն էլ հո ապրանք չեն պահում»,-բացատրում է նա:

Դաշտում արածող Սիրուշի կովերը մեր տեսադաշտից կորան: Անհանգստացա:  «Կգնան տուն, չեն կորչի, միշտ տուն են գնում»,- հանգստացրեց Սիրուշը:

«Ձեր հանգիստը ոնց եք անցկացնում»,-հարցրի:

«Գյուղում ինչ հանգստանաս, էնա պտի աշխատես, որ քո ընտանիքը ապահով պահես, ուրիշի ումուդը չընկնես: Մենք մեր ապրանքովը ազատ ապրում ենք՝ 8 կով , 7 հորթ , մոտ 40 հատ հավ ունենք,  4 խոզ ունենք, 4 ոչխար ունենք: Գոմերն ու տունն էլ, որ  հարմարավետ է լինում, գյուղի ապրելը շատ լավ ա: Ամեն ինչից օգտվում ես, ամեն ինչ լի է լինում: Հանդի բարիքներից էլ  ենք  օգտվում»,- շարունակում է Սիրուշը:

Մեր այցելության  պահին Սիրուշի տղան՝ Վարուժանը 6 հատ տավար էր մորթել: Սիրուշի ասելով` դրանք  նախորդ տարվա հորթերն են:  Էս տարվա 7 հորթերն էլ մյուս տարի են մորթելու: Միսը կգ-ը 1800 դրամով են հանձնել: Վանաձորից մսավաճառները գալիս են տան դռնիցը տանում: «Վեց  հորթերից  800 կգ-ից ավելի միս ենք ստացել: Ով աշխատի` նա կուտի, ով աշխատի` եկամուտ կստեղծի, ով աշխատի՝ լավ կապրի: Քնած մարդը ում է պետք, վատ չենք ապրում»,-ասում է Սիրուշը:

Հարցրի նաև դսեղցիների ապրելակերպից. «Գյուղը լավ վիճակում է, գյուղում հյուրատներ շատ կան, մարդիկ գալիս, գնում են: Դե գյուղացիների մեծ մասը նաև Ռուսաստան են գնում»,-պատասխանեց նա: Սիրուշենց  տունը  մեկ հարկանի էր: «Արտեմը բանակից կգա, հոր հետ  նոր տուն կսարքեն»,- ասում է տատը:

«Ուվալնենի, որ տալիս են զինվորները գալիս են սկայպով տուն խոսում: Արտեմը շատ մասը դիրքերում է լինում»,-ասաց Արտեմի մայրը՝ Վարսիկը:

«Թող բոլոր զինվորներին առողջություն, հաջողություն լինի, բոլորը թող բարով , խերով տուն գան, վերջումն էլ իմ Արտեմը առողջ մեզ հասնի՝ հորն օգնի»,-հրաժեշտին ասաց Սիրուշը:

Ղոբին հանդամասի վարելահողերում արածող իր 4 կովերին հետևող Վազգեն Աթյանը դժգոհեց իր ապրելակերպից: Ասաց՝ իր 4 կովերով 3 անձից բաղկացած ընտանիքի գոյությունը չի կարողանում պահել. «Տղես Ռուսաստան ա գնացած, բայց  ինչքան ուզում է փող ուղարկի, էլի չենք  կարողանում յոլա գնալ: Չի ստացվում»։

Ղոբինում Վազգենը վարելահող ունի, սակայն չի մշակում. «Խոտհարք է, ոնց մշակեմ: Մենակ ինձանով կլի՞: Ըհը, անասունը սաղ տարին դաշտում էսենց բրախած ա»,-բացատրում է նա:  Իր կյանքը Վազգեն Աթյանը  նոքարություն է համարում․ «Իմ կովերն եմ պահում, բայց դա ինչ ա:  Որ չրչարվում ես ու կարում չես գլուխդ պահես, դա նոքարություն չի՞»։

«Առանց չարչարանքի հնարավոր է ապրել»,-հարցրի: Ասում է՝  առանց չարչարանքի ապրել չկա, բայց որ աշխատավարձը նաղդ ստանում ես,  էդ ավելի լավ է լինում: Ասում, է որ իր կովերի տված կաթից արտադրած մթերքները Վազգենը չի կարողանում իրացնել: Վազգենի  միակ տղան՝ Սերգոն  համարյա 10 տարի է` Ռուսաստանում է:

33 տարեկան Սերգոն  ամուսնացած չէ: «Բա ինչ անի, որ կարում չի էստեղ ապրի, ոնց չգնա Ռուսաստան: Մենակ էն եմ մտածում, որ գոնե ամուսնանա: Բայց դե, ասում ա, որ փող չկա, մի զադ էլ ա չունենք, ոնց ամուսնանամ»,- որդուն արդարացրեց Վազգենը: 

Զրուցակցիս պատմեցի Սիրուշ Հովսեփյանի ընտանիքի մասին. «Հա, դե Վուժոն օգնական ունի, շատ անասուն է պահում, շատ էլ եկամուտ ունի: Ես մենակ եմ, 4 կովի համար անասնակեր հազիվ եմ ձեռք բերում: Թե չէ, որ ես էլ օգնական ունենամ, ես էլ շատ բան կանեմ»,-արդարացավ  Վազգենը: Հոր ասելով` Սերգոն աշնան վերջին գյուղ է գալիս, գարնանը  նորից Ռուսաստան է գնում: «Ուզում եմ էս անգամը հլե գա, ամուսնացնեմ»,-ասաց Վազգենը: