HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Օրենքի արգելքը չի գործում օնլայն կազինոներում

Սերժ Սարգսյանը հոկտեմեբրի 19-ին ստորագրեց մի շարք օրենքներ, այդ թվում «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչը, նոր օրենքով, մինչեւ ինտերնետ շահումով խաղին մասնակցելու հնարավորության տրամադրումը իրականացնում է հաճախորդների  նույնականացում և տվյալների մուտքագրում (գրանցում)՝ 21 տարին չլրացած ֆիզիկական անձանց ինտերնետ շահումով խաղին մասնակցելը բացառելու նպատակով, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում արգելում է 21 տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ:

Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով`Հայաստանում  ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ունի (սեպտեմբերի 30-ի դրությամբ) 4 ընկերություն`«Վիվառո Գրուպ», «Այգեյմս», «Տոտո Գեյմինգ» և «Գուդվին-կազինո» ՍՊԸ-ները:

Ընկերությունները պետք է արդեն հասցրած լինեին իրենց գործունեությունը փոփոխել ըստ օրենքի, այդ թվում` բացառել 21 տարին չլրացած ֆիզիկական անձնանց` ինտերնետ շահումով խաղին մասնակցելը: Նշենք, որ ընկերությունները ինտերնետ շահումով խաղեր են կազմակերպում մարզերում և Երևանում տեղակայված իրենց պատկանող գրասենյակներում` խաղասրահներում, ինչպես նաև կայքերի միջոցով: Ինչպես է գործում օրենքը գրասենյակներում, հնարավոր է իմանալ միայն` այնտեղ լինելով և հետևելով կազմակերպչի գործունեությանը: Ինչ վերաբերում է շահումով խաղերի մասնկացությանը կայքերում, ապա դրանց ծրագրային կառուցվածքից ակնհայտ է, որ տարիքային նշված շեմը հնարավոր է հեշտությամբ շրջանցել` խախտելով օրենքը:

Ընկերությունների կայքերի ուսումնասիրությունից պարզվում է, որ 21 տարին չլրացած անձինք էլ կարող են գրանցվել, խաղալ և գումար կորցնել. օրենքը երբեմն գործում է միայն շահած գումարը կանխիկացնելու ժամանակ, երբ անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով: Այլ կերպ ասած` մեխանիզմը բարդացվել է միայն գումար շահելու պարագայում, իսկ կորցնելը դարձյալ հեշտ է:

«Վիվառո Գրուպ»

«Վիվառո Գրուպ»-ը, ըստ ֆիննախի, նշված բոլոր ընկերություններից ամենաշուտն է ստացել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիան` 2011թ.-ին: Սա եղբայրներ Վահե և Վիգեն Բադալյանների հիմնադրած ընկերություններից մեկն է: Այնուամենայնիվ, ըստ կայքերի գրանցման բազաների, ինտերնետ շահումով խաղեր իրականացնող  http://www.vivarobet.am, casino.vivarobet.am  և blot.vivaropoker.am կայքերը գրանցված են եղբայրների հիմնադրած մեկ այլ ընկերության` «Վիվառո Բեթինգ»-ի, իսկ https://www.vbet.com-ը` Վիգեն Բադալյանի անունով:

Խաղալու համար կայքն առաջարկում է նախ գրանցվել, որի առաջին «բարդությունը» էլեկտրոնային հասցե ունենալն է ու գաղտնաբառ հորինելը: Այնուհետև պետք է լրացնել մի շարք տվյալներ: Ստուգելու համար տարիքը` ընկերությունն առաջարկում է լրացնել ծննդյան տարին և ամսաթիվը: Սակայն կայքը դեռևս հարմարեցված չէ նոր օրենքին և, օրինակ, 19 տարեկանի տվյալները (տես 4-րդ նկարը)` ծրագրային սխալ չեն ընկալվում:

Հին են, որպես գրանցման քայլ, խաղացողին առաջարկվող պայմանները: Գրանցվողը (տես նորից 4-րդ նկարը) դեռևս տալիս է համաձայնություն, որ իր «18 տարեկանը լրացել է», մինչդեռ պետք է լիներ` 21 տարեկանը: 

«Այգեյմս»

«Այգեյմս» ընկերությունը ինտերնետ շահումով խաղ է իրականացնում www.igames.am կայքի միջոցով, լիցենզիան ստացել է 2014թ.-ին: Խաղերին մասնակցելու համար դարձյալ անհրաժեշտ է գրանցվել: 21 տարեկանից ցածր տարիք լրացնելու դեպքում (տես 2-րդ նկարը), ծրագիրը չի ընդունում գրանցումը, այսինքն` ի տարբերություն «Վիվառո Գրուպ»-ի` ընկերությունն այս առումով գրանցումը համապատասխանեցրել է օրենքի պահանջներին:

Հաջորդ քայլով ընկերությունը պահանջում է անձնագրի համար, թվում է` գրանցողի նույնականացում է իրականացվելու, և հնարավոր չէ տարիքը սխալ լրացնել, սակայն սխալվում եմ: Ճիշտ անձնագրային տվյալ և սխալ տարիք լրացնելու դեպքում հնարավոր է գրանցվել և սկսել խաղալ: Սա նշանակում է, որ ամեն մեկը, ով ունի անձնագիր, կարող է գրանցվել: Իսկ անձնագիր ստանում են 16 տարեկանից:

Ընկերությունը բարդացրել է միայն շահած գումարի կանխիկացումը. գրանցվելիս համաձայնություն ես տալիս (տես 3-րդ նկարը), որ ներկայացնելու ես անձնագրային տվյալները: Այսինքն` 21 տարեկանից ցածր տարիք ունեցողը պետք է «բացահատվի» միայն գումարը վերցնելիս, իսկ կորցնելիս կարող է լինել, ով ուզում է:

«Տոտո Գեյմինգ» և «Գուդվին-կազինո»

«Տոտո գեյմինգ»-ը ինտերնետ շահումով խաղեր է իրականցնում www.totogaming.am  կայքի միջոցով, լիցենզիան ստացել է 2014թ.-ին: Կայքը, ինչպես «Վիվառո Գրուպ» ընկերության դեպքում, հարմարեցված չէ օրենքին. գրանցվելու պայմաններից մեկը դեռևս 18 տարին լրացած լինելն է (տես 2-րդ լուսանկարը): Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել նաև ծննդյան ամսաթիվ, տարեթիվ, և անձնագրի համար: Սակայն այս ամենը ձևական բնույթ է կրում: Անձնագրի տերը չի նույնականացվում գրանցվողի տարիքային տվյալների հետ, հետևաբար խաղացողը կարող է իր համար ցանկացած տարիք ընտրել և սկսել խաղալ:

«Գուդվին-կազինո»-ն ինտերնետ շահումով խաղերի լիցենզիան ստացել է այս տարի: Ընկերության սեփականտերերը օնլայն կազինո են կազմակերպում www.goodwinbet.am կայքի միջոցով: Գրանցվելու համար անհրաժեշտ է անձնագրային տվյալ լրացնել, սակայն դարձյալ նույնականացում չի կատարավում գրանցվողի տարիքային տվյալների հետ, և հնարավոր է լրացնել սխալ տարիք:

Մեկնաբանություններ (3)

Artush
Ok
Վախթանգ Սիրադեղյան
Անձնագրի համարի հետ գրանցվողի տարիքային համապատասխանության ստուգման համար խաղերի կազմակերպիճները պետք է մուտքի իրավունք ունենան ոստիկանության անձնագրային բաժինների տվյալների բազա. կա՞ արդյոք օրենքում նման թույլտվություն պարունակող դրույթ:
Մարինե Մադաթյան
Հարգելի Վախթանգ, Նման թույլտվություն պարունակող դրույթ չկա օրնեքում, նաև չի կարող լինել, քանի որ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներն այս դեպքում երրորդ կողմ են, որոնց անձնական տվյալ փոխանցելու համար ոստիկանությունը պետք է ունենա անձնագրի տիրոջ թույլտվությունը: Այս առումով օրենքի պահանջը` հաճախորդին նույնականացնելը, ոչ միայն չի գործում, այլև կրում է ձևական բնույթ և օնլայն կազինոն վերահսկելու միջոց չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter