HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Շիրակ էքսպո 2011»-ի հյուրերն այս անգամ թուրք գործարարներն էին

27 թուրքական  եւ շուրջ 50 հայկական ընկերությունների մասնակցությամբ այսօր Գյումրիում մեկնարկեց «Շիրակ էքսպո 2011»-ը, որտեղ ցուցադրվեց ծառայությունների եւ արտադրանքի մեծ տեսականի`սննդամթերք, տեքստիլ, շինանյութ եւ այլն:

Այս տարի այն կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման ծրագրի» ֆինանսավորմամբ: Շիրակի մրցունակության կենտրոնի` 2010թ.-ին Գյումրիում կազմակերպած ցուցահանդեսին տեղացի 45 ձեռնարկատերերի եւ հասարակական կազմակերպությունների հետ միասին մասնակցության հայտ էին ներկայացրել նաեւ Վրաստանի գործարարները: Այս տարի «Շիրակ էքսպո 2011»-ի հյուրերը Թուրքիայի Դիարբեքիրի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներն ու գործարարներն էին:

Շիրակի մրցունակության կենտրոնի ղեկավար Գայանե Ավագյանի փոխանցմամբ, կան շատ խնդիրներ, քանի որ չկա միջպետական առեւտրային որեւէ համաձայնագիր, սակայն կա հարեւան երկրների գործարարների երկուստեք համագործակցելու ցանկություն: Այսպիսի շփումները հնարավորություն են տալիս ծանոթանալու միմյանց արտադրանքին, ներուժին եւ հետագայում համատեղ որեւէ ծրագիր մշակելու, իրականացնելու հնարավորություն են ընձեռում. խոսքը նոր ապրանքատեսակի, բրենդի մասին է, ինչպես եղավ պանրի եւ գինու պարագայում:

Գյումրիից Դիարբեքիր ուղիղ գծով 8 ժամվա ճանապարհ է: Եթե բաց լինի հայ-թուքական սահմանը, նախ կկրճատվի ճանապարհածախսը, որն էլ հետագայում կավելացնի ապրանքաշրջանառության ծավալները: Այս մասին նշեցին թուրք գործարարները` հավելելով, որ Դիարբեքիր-Ստանբուլ-Մոսկվա-Երեւան ճանապարհին իրենք շատ կորուստներ եւ դժվարություններ են կրում:

Հայ գործարարներն էլ իրենց հերթին կարեւորեցին հայկական ապրանքատեսակը թուրքական շուկաներ հասցնելու գործոնը, միայն թե, ինչպես նշեց Գայանե Ավագյանը, այս պայմաններում նման տարբերակ հնարավոր է, եթե, ասենք, նույն այդ Դիարբեքիրում հայ գործարարն ունենա թուրք գործընկեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter