Ինչ են նախընտրում պաշտոնյաները-5. Էկոնոմիկայի նախկին նախարարի ոչ էկոնոմ ծախսերը
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմը 2014-2015 թվականներին թվով 118 արտասահմանյան գործուղում է ունեցել, որոնց աշխարհագրությունը չափազանց մեծ ու հետաքրքիր է։ Երկու տարվա ընթացքում նախարարության աշխատակիցներն այցելել են աշխարհի 5 բնակեցված մայրցամաքներից չորսը՝ բացառությամբ Ավստրալիայի:
Դարձիր պաշտոնյա եւ բացահայտիր աշխարհը
Մոսկվա կատարած գործուղումների թիվը հասնում է 36-ի, իսկ երկրորդ ամենից շատ այցելված քաղաքը Բրյուսելն է: Նախարարության աշխատակիցները ԵՄ մայրաքաղաք են այցելել 11 անգամ: Առաջատար եռյակը եզրափակում է Մինսկը, ուր Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները գործուղվել են 7 անգամ:
Ստորեւ ներկայացված քարտեզում կարելի է տեսնել նախարարության աշխատակցիների գործուղումների ուղղությունները:
Ինչպես «Հետք»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից, 2014թ. գերատեսչության աշխատակազմի արտասահմանյան գործուղումների համար պետբյուջեից հատկացվել է 93 միլիոն 950 հազար դրամ, որից ծախսվել է ավելի քան 70 տոկոսը՝ 67 միլիոն 670 հազար դրամ: Նախարարությունն ունեցել է 65 գործուղում:
2015թ. նախարարությանը հատկացված եւ ծախսված գումարը փոքր-ինչ համեստ է եղել նախորդ տարվա համեմատությամբ: Այդ տարի նախարարությունն ունեցել է 47 գործուղում, որի վրա ծախսվել է 53 միլիոն 221 հազար դրամ:
Նշված երկու տարիներին նախարարության կողմից ավիատոմսերի գնման համար ծախսվել է մոտ 69,9 միլիոն դրամ:
Ճշմարիտյանի 13 հազար դոլարանոց տոմսը
Նախարարության 2014թ. ամենաթանկ գործուղումն ու ավիատոմսը եղել է արդեն նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանինը: Նրա վաշինգտոնյան մեկ գործուղումն արժեցել է 6,5 միլիոն դրամ, որից 5,3 միլիոնը ավիատոմսի գումարն է, 1 միլիոն 251 հազարը՝ օրապահիկի եւ գիշերավարձի: Կարեն Ճշմարիտյանի հետ Վաշինգտոն էին գործուղվել նաեւ փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ու նախարարության Տնտեսական զարգացման վարչության պետ Արտակ Բաղդասարյանը: Նրանց գործուղումներն արժեցել են համապատասխանաբար 2 միլիոն 999 հազար եւ 3 միլիոն 75 հազար դրամ: Յուրաքանչյուրի ավիատոմսի համար վճարվել է 1 միլիոն 202 հազար դրամ:
Պաշտոնյաները հաճախ ավիատոմսերի թանկ գնով գնումը մեկնաբանում են, թե՝ որոշ ուղեւորություններ ստացվում են հապշտապ, անհրաժշետություն է առաջանում վերջին պահին։ Այս օրերին մեկնումից 3 օր առաջ Երեւան-Վաշինգտոն հետադարձով բիզնես կարգի ավիատոմսը հնարավոր էր ձեռք բերել մոտ 1,5 միլիոն դրամով: Չնայած ավիատոմսերը, պայմանավորված սեզոնայնությամբ ու պատվիրելու եւ մեկնելու միջեւ ընկած օրերի տարբերությամբ, կարող են մի քիչ ավելի էժան կամ թանկ լինել։ Իսկ Երեւան-Վաշինգտոն-Երեւան ավիատոմսի համար 5,3 միլիոնը շատ է, թե քիչ՝ թողնում ենք առանց մեկնաբանության։
Հարկատուների վրա 6,5 միլիոն դրամ է նստել Կարեն Ճշմարիտյանին միանգամից երեք լատինաամերիկյան քաղաքներ՝ Բուենոս-Այրես (Արգենտինա), Սանտյագո (Չիլի) եւ Մոնտեվիդեո (Ուրուգվայ) գործուղումը: Ընդ որում, միայն Բուենոս-Այրեսի ավիատոմսը նախարարությունը գնել է 4 միլիոն 34 հազար դրամով: Նշված գործուղման ժամանակ որպես օրապահիկ եւ գիշերակացի վճար, պետբյուջեից Ճշմարիտյանին հատկացվել է 2 միլիոն դրամ:
Պետբյուջեից Կարեն Ճշմարիտյանի համար գնված միլիոնանոց ավիատոմսերի թիվն այսքանով չի սահմանափակվում, եւ հերթով չես թվարկի:
Հատկանշական է, որ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի եւ նրան հաջորդած Կարեն Ճշմարիտյանի՝ նույն ուղղությամբ գործուղումների ծախսերն իրարից էականորեն տարբերվում են: Դիցուք համեմատենք Չեխիայի մայրաքաղաք Պրահայի գործուղման ծախսերը՝ առանց ավիատոմսի: Եթե Ավանեսյանի գիշերակացն ու օրապահիկն արժեցել է 310 հազար դրամ, ապա Կարեն Ճշմարիտյանը՝ գրեթե կրկնակի անգամ շատ՝ 703 հազար դրամ:
2014-2015 թվականներին Կարեն Ճշմարիտյանի համար ձեռք բերված 5 ամենաթանկ ավիատոմսերի ընդհանուր գումարը կազմել է 13 միլիոն 417 հազար դրամ:
Լուսանկարը՝ Էկոնոմիկայի նախարարության կայքից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել