HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատվել հակառակորդ ունենալու բեռից

«Քրիստոնեությունը հաղթեց անաստվածությանը, կառավարման արդյունավետ համակարգը՝ բյուրոկրատիային, ազատ տնտեսությունն՝ անտնտեսվարությանը։ Իսկ մենք՝ մի քանի տասնյակներ, Հայաստանից եւ մյուս հանրապետություններից, կրեցինք այդ գործընթացի պարտադիր դառնությունն ու ծանրությունը։».- ասում է հայրենասեր այլախոհ Ազատ Արշակյանը։

Բանտերում կորցնում էիք ձեր կյանքի, ձեր երիտասարդության լավագույն տարիները։ Ինչի՞ համար էր այդ անձնազոհությունը։

Մեր պայքարն Աստծո տված ամենամեծ պարգեւի՝ ազատության, համար էր։ Ավելի՝ ճիշտ ազգային ազատագրական պայքար էր, ազգի ազատության համար էր։ Ազգի ազատությունն ու երկրի անկախություն էին մեզ համար կարեւոր, եւ մենք մյուս ազատությունները, ասենք՝ մարդու կամ խղճի ազատությունը, ստորադասում էինք դրանց։ Մեզ համար պետականությունն ամենաբարձր արժեքն էր՝ առաջին հանգրվանը հայկական հարցի լուծման ճանապարհին։ Մտածում էինք՝ թող պետություն լինի, թող անազատ լինի, թող ֆեոդալական կարգեր լինեն, թող թագավոր լինի, թող կոմունիստական լինի եւ թող չգիտեմ ինչ լինի։

Այսինքն` դուք հակասովետ, հակակոմունիստ չէի՞ք։

Մենք հակակայսերական էինք։ Կոմունիստական ռեժիմը մեզ համար երկրորդական խնդիր էր։ Մերն ազգային ազատագրական պայքարն էր, իսկ ռեժիմը, հասարակարգը, ապրելու ձեւը պետք է որոշեր ժողովուրդը։ Հիմա, երբ հետադարձ հայացք եմ գցում, տեսնում եմ, որ իմ արածը եղել է ընդվզում կայսրության դեմ։ Անշուշտ, խոցելի է, որ մենք մարդու ազատության համար չենք պայքարել։ Հիմա, եë կարծում եմ, որ խոցելի էր։ Մարդու ազատությունը ես հիմա ավելի կարեւոր եմ համարում։

Հասարակությունը տեղյակ չէր ձեր գաղափարներին։ Այդ պայմաններում պայքարելը դժվար չէ՞ր։

Իմ կարծիքով, հասարակությունն իր ճակատագրի հետ հաշտ էր։ «Ողջախոհության» մթնոլորտն էր տիրում Հայաստանում։ Հասարակությունը մտածում էր, եթե պայքարի, աշխարհում որեւէ լուրջ փոփոխություն չի կարող անել։ Գերտերությունների պայքարի մեջ հայ ժողովուրդը ոչինչ չէր կարող անել, ուրեմն ազգային անկախության կամ դեմոկրատիայի, մարդու եւ խղճի ազատությունների համար պայքարելն ընդհանրապես անխոհեմություն էր։ Ինձ թվում է, այն ժամանակվա հասարակությունն ավելի ընկճված էր։ Բացի այն, որ մենք մեծ գործերի համար մեզ փոքր ժողովուրդ էինք համարում, դրան գումարվել էին նաեւ այլ գործոններ։ Անշուշտ՝ ցեղասպանությունը։ Ինձ թվում է, Հայաստանում մարդկանց համար կարեւոր է եղել երկարակեցությունը։ Դա է արժեք եղել։ Շատ ապրենք, բազմանանք, ավելանանք, միանանք եւ այլն։ Հետգենոցիդյան տագնապ կար հասարակության մեջ, որ միտքն ուղղում էր կենսաբանական տեսակի վերականգնմանն ու քանակի ավելացմանը։ Ցեղասպանությունից հետո 20-30-ականների ստալինյան ռեպրեսիաները, դրանից հետո պատերազմն՝ իր զոհերով , այդ ամենը լուրջ հարված էին հասցրել հասարակությանը, նվազեցրել մարտական ոգին։ Եւ այսուհանդերձ մեր պայքարն այն ժամանակ կազմակերպված եւ զանգվածային չէր կարող լինել։ Մենք՝ հայրենասերներս, մեզ այդպես էին ասում, ապահովում էինք քվորումը, ապահովում էինք Աստծո եւ սերունդների առաջ մեր ազգի պարզերես լինելը։

Այսինքն՝ մի ճգնավոր կարող է մի եկեղեցի փրկել։

Իհարկե, մի հոգին կարող է փրկել։ Ընդհանրապես, ես հավատում եմ մի հոգու առաքելությանը։ Ես այն ժամանակ էլ էի հավատում, հիմա էլ եմ հավատում, որ մի հոգին կփրկի։ Հենց մի հոգին է պետք։

Մի քանի տասնյակ Հայաստանից, մի քանիսը Ռուսաստանից, Ուկրաինայից, Մերձբալթիկայից … Հիմա դո՞ւք քայքայեցին կայսրությունը, թե՞ դա ձեզանից անկախ գործընթաց էր։

Ազատ աշխարհի հետ մղած պայքարում սովետական միությունը պարտվեց։ Քրիստոնեությունը հաղթեց անաստվածությանը, կառավարման արդյունավետ համակարգը՝ բյուրոկրատիային, ազատ տնտեսությունն՝ անտնտեսվարությանը։ Իսկ մենք՝ մի քանի տասնյակներ, Հայաստանից եւ մյուս հանրապետություններից, կրեցինք այդ գործընթացի պարտադիր դառնությունն ու ծանրությունը։.

Ի՞նչ ես կարծում, սովետական ղեկավարությունը մոտավորապես ե՞րբ սկսեց երկմտել։ Ասում են, պերեստրոյկայի ծրագիր եւ Բրեժնեւին են առաջարկել, եւ Անդրոպովին։ Իսկ դա հենց այնպես չի լինում, ուրեմն գուշակել են մոտալուտ վախճանը, որ փրկության ծրագրեր են փնտրել։

Անկեղծ լինենք, ես կարծում եմ, որ այդ խնդիրը երբեւէ դրված չի եղել։ Ղեկավարությունը միշտ եղել է լուրջ պայքարի մեջ եւ իր իշխանությունն է պահել։ Գաղափարախոսությունը դեր է կատարել այնքանով, որքանով դա գործիք էր անձնական, իմ կարծիքով, պարանոյիկ կրքերը բավարարելու։ Ղեկավարության մեջ երկմտություն չի եղել։ Երկրի ղեկավարներից ոչ Լենինը, ոչ Ստալինը, ոչ Խրուշչովը, ոչ Բրեժնեւը, ոչ Անդրոպովը, ոչ էլ նույնիսկ Գորբաչովը անգամ մտքում ազատականներ կամ դեմոկրատներ չեն եղել։

Նրանք այդ բռնապետության ֆունկցիոներներն էին եւ գիտակցում էին, որ հանցանք են գործում։ Եթե հույս ունենային, որ կարող են պահպանել իշխանությունը, իրենք իրենց հանցագործ իշխանությունը կփոխեին, որովհետեւ լավ գիտեին, որ հանցագործ ռեժիմի զոհ դառնում են բոլորը, այդ թվում եւ իրենք։ Իշխանության տրամաբանությունն էր բոլորին դարձնում հանցագործ։ Ամբողջ հարցն այն էր, որ տասնյակ տարիներ կադրային արհեստական ընտրություն էր տեղի ունենում։ Մեկը հենց այնպես չէր կարող հասնել պաշտոնի, եթե երաշխիքներ չտար, որ ինքը լոյալ է իշխանության նկատմամբ կամ հենց իրենցից է։ Այնտեղ չէին կարող հայտնվել մարդիկ, ովքեր պիոներ կամ կոմսոմոլ եղած ժամանակ, ասենք, գաղտնի ազատախոհ էին եղել։ Եւ հետեւաբար առանց հարկադրանքի չէին նախաձեռնի որեւէ բարեփոխում։ Պերեստրոյկան սկսվեց, որովհետեւ աշխարհը այլեւս չէր ուզում հանդուրժել այս ռեժիմը։ Պերեստրոյկան փրկության ծրագիր չէր, այլ Արեւմուտքի կողմից ՍՍՀՄ-ին պարտադրված կապիտուլիացիա։ Գորբաչովն այդ պարտադրանքից չէր կարող խուսափել։

Այլախոհները «վիետնամական» սինդրոմն ունեցա՞ն։ Դուրս եկաք բանտից, աքսորից, եկաք տեսաք շարժում է սկսվել, հարթակն ուրիշներն են զբաղեցրել, մարդիկ, որ ձեզ հետ չէին։

Նախ ասեմ, որ հարթակն ուրիշները չէին զբաղեցրել, զբաղեցրել էին դրսում մնացած մեր ընկերները։ Իսկ այդ «վիետնամական» սինդրոմը, կարծում եմ, որոշ դրսեւորումներ ունի։ Այն տարիներին համակարգի դեմ պայքարի ելած մարդը, վերադառնալով հասարակություն, իր կարգավիճակի նկատմամբ անտարբեր կամ կրավորական չէր կարող լինել։ Այդ մարդիկ չէին կարող բավարարվել 10-րդ կարգի դերակատարումով։ Եւ բնական էր նրանց պայքարը կարգավիճակի համար։ Տրամաբանությունը հետեւյալն էր՝ ով շատ է զրկանքների ենթարկվել, նա պետք է շատ ստանա։ Հասարակությունը դա չի հասկանում։ Իրենք ասում են՝ քո հասակակիցներն արդեն ակադեմիկոսներ են։ Դու ո՞ր ինստիտուտն ես ղեկավարել։ Ոչ մի ինստիտուտ էլ չես ղեկավարել։ Մարդիկ ասում են՝ դու պետք է աշխատանքային փորձ ունենաս, դիվանագիտական կրթություն ունենաս, իրավաբանական գիտելիքներ ունենաս։ Եւ այսպես հավակնություններն ու ներկայացված պահանջները հայտնվում են հակասության մեջ։ Մեր ազատվելուց հետո ռեաբիլիտացիայի ակտ տեղի չունեցավ։ Մենք չենք հաշտվել հասարակության հետ եւ այդ պայքարը շարունակվում է։

Ես նկատի ունեի կոնկրետ շարժումը, որն ուրիշ մարդիկ էին ղեկավարում։ Մարդիկ, ովքեր զրկանքերի ձեր ճանապարհով չէին անցել։

Շարժումն աստիճանական, էվոլյուցիոն գործընթաց էր։ Շարժման ղեկավարներն էլ, մասնակիցներն էլ սկզբում չգիտեին, թե արդյունքն ինչ է լինելու՝ հաղթանա՞կ Ղարաբաղում, անկախությո՞ւն, թե՞ բանտ ու աքսոր։ Թեեւ շարժման ղեկավարները նախկինում միավորված չէին մի կազմակերպության մեջ, ասենք ԱՄԿ-ում, նրանց հարթակում հայտնվելը պատահական չէր։ Նրանք նույնպես գալիս էին 60-ականների ընդհատակյա հայրենասիրական շարժումներից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը եւ այլք։ Մեկ կազմակերպության մեջ նրանց չընդգրկվելը կատարեց իր դրական դերը։ Նրանք հալածանքների չենթարկվելով մնացին հետագա գործունեության համար։

Դրսում մնալով նրանք պատրաստվել էին այդ շարժմանը, նրանք ավելի լավ էին տիրապետում իրավիճակին, իսկ մենք, գուցե ծայրահեղական բան կար, անհանգստացնում էինք հասարակությանը։ Հասարակությունը չէր կարող մեր ճանապարհով գնալ, ռիսկը մեծ էր։ Ակնհայտ էր, որ այլախոհները պատրաստ են ռիսկի դիմելու, դա նրանց հիմնական բնութագրերից է՝ ռիսկի գնալ, իսկ հասարակությունը չի կարող, 100 հազար մարդ չի կարող ռիսկի գնալ։ Նախընտրում էին ավելի հանդարտ մարդկանց հետեւից գնալ, ավելի խոհեմ մարդկանց հետեւից։

Եթե բանտում եղած ժամանակ արտասահման մեկնելու ցանկություն հայտնեիր, կթողնեի՞ն։ Սա տեսականորեն, իսկ գործնականում երբեւէ ցանկություն ունեցե՞լ ես արտասահման մեկնելու։

Եթե բանտում հենց այնպես ասեի՝ ուզում եմ գնալ արտասահման, ինձ կասեին՝ ժամկետդ վերջանա-կգնաս։ Իսկ կարճատեւ ընդմիջումներին, կարծում եմ, չէին խոչընդոտի։ Ցանկալի էր ազատվել մեզանից։

Մեզ ուրիշ բան են առաջարկել ու մենք հրաժարվել ենք՝ ես եւ Նավասարդյան Աշոտը։ Ուրալի բանտում էինք։ Ֆրանսիայի կոմկուսի խնդրանքով (ինչ-որ նախընտրական շրջան էր, ուզում էին ֆրանսահայերի ձայները շահել) մեզ առաջարկեցին։ Հենց այդպես էլ ասացին՝ մենք պատրաստ ենք մի քանի հոգու հենց հիմա ամնիստիա հայտարարել եւ ուղարկել արտասահման։ Չհամաձայնեցինք։ 87 թվականին ֆրանսիական հումանիստական մի կազմակերպության միջնորդությամբ վաղաժամկետ ազատվեցինք, բայց հրաժարվեցինք արտասահման գնալ։

Գայթակղիչ չէ՞ր։

Գայթակղիչ էր, բայց արդեն 86 թիվն էր, պերեստրոյկա էր, մենք սպասելիքներ ունեինք։ Մենք որոշեցինք մնալ Հայաստանում։ Ասացին՝ չէ կամ հիմա Ֆրանսիա կգնաք, կամ ավելի ուշ՝ Հայաստան։ 87-ին վերադարձանք Հայաստան։

Անկախությունից հետո շատ էին խոսում ԿԳԲ-ի արխիվները բացելու մասին։ Այն ժամանակ թվում էր, թե այլախոհներն ավելի շահագրգռված պիտի լինեն։ Ի՞նչ վերաբերմունք ես ունեցել այն ժամանակ եւ ի՞նչ վերաբերմունք ունես հիմա։

90 թվականին Գերագույն խորհրդի պատգամավոր էի։ Արխիվները բացելու նախաձեռնությամբ հանդես եկա, սկսեցի ստորագրություններ հավաքել։ Բավական շատ ստորագրություններ հավաքվեցին, իհարկե ոչ այնքան, որ հարցն օրակարգ մտներ։ Բայց հետո տարօրինակ բան տեղի ունեցավ։ Մի քանի հոգի ինքնաբացահայտում արեցին։ Դիմում էի պատգամավորներին, խնդրում, որ ստորագրեն, իսկ իրենք ասում էին՝ մենք ստորագրում ենք, բայց իմացիր, որ ուսանող ժամանակ հավաքագրված ենք եղել։ Ինձ համար շատ սիրելի, շատ նորմալ մարդիկ, ում ես հարգում եւ սիրում էի դեռ շարժման օրերից։ Ինձ համար դա շատ անսպասելի էր։ Եւ ես հետ կանգնեցի այդ մտքից։ Մտածեցի, որ բացահայտումների հետեւանքով կարող եմ կորցնել իմ մտերիմներին, մարդկանց, ում մասին ես լավ կարծիք ունեմ։

Երեւի ավելի լավ է ապրել խաղաղ անգիտության մեջ։

Չէ, խաղաղ անգիտություն չի։ Այս մարդիկ պետք է անցնեն։ Ես խնայում եմ իմ հայրենակիցներին, իմ հարեւաններին, իմ շրջապատի մարդկանց։ Պետք չի, որ մեկն իմանա, որ ինքը ստուկաչի եղբայր է կամ զավակ է կամ խնամի է, փեսա է։ Դա համատարած է։ Այն ժամանակ այնքան շատ են եղել, ԿԳԲ-ի գործակալական ցանցն այնքան մեծ է եղել, որ սարսափելի բան կարող էր ստացվել, եւ մենք կարող է ստիպված լինեինք ազգովի գնալ քավարան, մեղայականով դիմել Աստծուն, չգիտեմ ... Բացի այդ, մարդիկ կան, որ հանգիստ ապրում են՝ ագենտուրայի մասին, ԿԳԲ-ի մասին ոչ մի պատկերացում չունենալով, ինչո՞ւ իրենց ասենք, որ ձեր խնամին կամ քավորը ստուկաչներ են եղել։ Ես չեմ ուզում բարոյական մեծ ցնցում լինի Հայաստանում։ Կանցնի ժամանակ, հետո հումանիստները, պատմաբանները թող բացեն արխիվները, ուսումնասիրեն, հետազոտեն, հետեւություններ անեն։

Եթե չի բացահայտվում, գործակալները հայտնվում են իշխանական կառույցներում։

Շատ հնարավոր է, որ հիմա ղեկավարում են, դրանից առաջ ղեկավարել են ու հետո էլ պետք է ղեկավարեն։ Գործակալները, որ հնարավոր է իշխանական կառույցներում են, եթե բացահայտվեն էլ բան չի փոխվի։ Նրանց կհանեն, կբերեն նոր, ավելի ագրեսիվ գործակալների։ Ո՞վ կարող է երաշխավորել, ո՞ր հաջորդները գործակալներ չեն լինելու։ Հայաստանը պետք է այնպիսի ազատ պետություն լինի, որ դրա կարիքը չլինի, որ եթե անգամ պետությունը ցանկանա, չկարողանա ամուսնուն կնոջ, ընկերոջը ընկերոջ, հարեւանին հարեւանի դեմ հանել։ Բացի այդ, պետք է նաեւ շահավետ չլինի հավաքագրվելը։ Երկիրը պետք է երկիր դառնա, բարոյական արժեքները պետք է բարոյական արժեքներ լինեն, եւ գործակալներ չենք ունենա։

Որքան գիտեմ, բանտից դուրս գալուց հետո շփումներ, նույնիսկ բարեկամական հարաբերություններ ես ունեցել քաղաքական նախկին հակառակորդներիդ հետ։ Եթե ճիշտ է, ո՞րն էր պատճառը։

Երեւի խոսքը Կարեն Սերոբիչի մասին է։ Դա 90 թվականին էր։ Ես ուզում էի նախ եւ առաջ հաշտության եւ համերաշխության ակցիա անել։ Ես ուզում էի ասել, որ սովետի ժամանակ եղած բոլոր խնդիրները մի կողմ, հիմա Հայաստանը նոր երկիր է, դեմոկրատական ազատ երկիր եւ մենք բոլորս համաքաղաքացիներ ենք ու պետք է մոռանանք անցյալը։ Պետք է սկսենք այսօրվանից կառուցել մեր նոր երկիրը։ Ես ուղակի ասացի, որ ես հիշաչար չեմ։ Ես իմ առաջ այդ խնդիրը դրել էի եւ լուծեցի, ես ազատվեցի հակառակորդ ունենալու բեռից։ Ասացի՝ ես ձեզ թշնամի չեմ համարում, ձեզանից որեւէ բան չեմ պահանջում, ձեր դեմ ցուցմունքներ չեմ տա դատարանում, եթե հանկարծ կոմունիստական կուսակցության ղեկավարներին դատեն։ Եւ պատճառն էլ ասացի։ Մենք բոլորս եղել ենք գերության մեջ։ Ես եւ Կարեն Սերոբիչը եղել ենք նույն բանտում, տարբեր խցերում, տարբեր ֆունկցիաներ ենք կատարել։ Ես չեմ համարում, որ նա եղել է բարիկադի հակառակորդ։ Մեր զրույցների ընթացքում ինքը պատմում էր ցեկայի պատմություններից, ես էլ պատմում էի իմ բանտային միջադեպերի մասին, նորմալ զրուցում էինք։ Ես համարում եմ, որ հոկտեմբերի 27-ին մոտ մարդ եմ կորցրել, իմ բարեկամն է զոհվել։

Եթե հիմա տասնվեց տարեկան լինեիր, նորից նույն ճանապարհը կընտրեի՞ր։

Սրբագրելու շատ բան կա իմ կենսագրության մեջ։ Ես շատ բաների համար եմ զղջում, այնքան բան կա, որ կուզեի լրիվ փոխել կյանքս, բայց մի քանի բան կա, որ չեմ կարող փոխել, որովհետեւ այս տարիքում այդ բաներն էլի անում եմ։ Ես ինքս ինձ հավատարիմ եմ։ Որոշ հարցերում ես անուղղելի եմ։ Ես նստել եմ Քոչինյանի օրոք, նստել եմ Դեմիրճյանի օրոք, նստել եմ Քոչարյանի օրոք ...

Ղարաբաղյան շարժումը սկսվեց միացման կոչերով։ Անկախության մասին չէր խոսվում։ Այսուհանդերձ 1991-ին ինչպե՞ս անկախացավ Հայաստանը, ո՞վ անկախացրեց։ Թե՞ ով էլ լիներ, պիտի անկախանար՝ ի հետեւանք կայսրության փլուզման։

Հայաստանը թագավորության, պետականության կորուստից հետո չի ունեցել առաջին դեմք։ Այդպիսի ավանդույթ չի եղել, ոչ մեկի մտքով չի անցել լինել երկրի առաջին դեմքը։ Եթե եղել է, նրան ոչնչացրել են։ Առաջին դեմքերը, նախաձեռնություն ունեցող դեմքերն ուղղակի երեւի Ղարաբաղ կոմիտեից են սկսվում։ Ղարաբաղ կոմիտեն, հիմա չեմ ուզում շատ գովել, առաջինն էր, որ չղեկավարվեց որեւէ կենտրոնի կողմից, չդիմեց որեւէ մեկին։ Առաջին դեպքն է մեր պատմության մեջ, որ մարդիկ ապավինեցին իրենք իրենց ժողովրդին, չսպասեցին դրսից հրահանգների եւ ստեղծեցին պետություն։ Բացառիկ բան էր դա։

1991 թվականի անկախության հանրաքվեն, իմ կարծիքով, վերջին տասնամյակի միակ ընտրությունն էր, որ եղավ, ինչպես ասում են, ազատ, արդար ու թափանցիկ։ Ժողովուրդը համարյա 100 տոկոսով կողմ քվեարկեց անկախությանը, բայց դրանից անմիջապես հետո դարձավ հակաանկախական։ Սրա բացատրությունը չեմ գտնում։ Հատկապես որ հիշում եմ «Ռուսաստան-Բելառուս» դաշինքին միանալու համար հավաքված հարյուր հազարավոր ստորագրությունները։

Այս վերջին ընտրություններում ռամկավար ազատական կուսակցության պարտությունը ձեր հարցի պատասխանն է։ Հիմա եթե անկախության հանրաքվե անցկացվի, Հայաստանի հայերով, ովքեր կրպակի մոտ թերթ կարդալիս ասում են՝ մենք անկախություն չենք ուզում, նրանք անկախությանը կողմ կլինեն։ Ես կարծում եմ, հայ հասարակությունն այսօր էլ անկախ է, պարզապես իշխանությանն է դեմ։ Ժողովուրդն անկախության գինը գիտի։ Եռաբլուրում մանեկեններ չեն պառկած, մեր ժողովրդի զավակներն են, հարազատներն են։ Այդ գինը տված ժողովուրդը չի կարող անկախությանը դեմ լինել։ Ժողովուրդը հակաանկախական կեցվածք ընդունելով շանտաժ է անում, ահաբեկում է իշխանությանը։ Իմաստուն ժողովուրդ է, գիտի իշխանին ոնց ղեկավարի։ Ես կարծում եմ, խաղ կա դրա մեջ։ Ռամկավարների դեպքն ինչո՞ւ ասացի։ Ռուսաստանի հայերի միջամտությունը 5 տոկոս չբերեց ընտրակաշառքով, որակյալ քարոզչությունով եւ գաղափարներով ընդհանուր առմամբ լավ կուսակցությանը։

Անկախությունից հետո իշխանությունը բավարար քարոզչական աշխատանք չկատարեց, որպեսզի ամրապնդեր անկախությունը։ Այսինքն՝ ոնց որ սեպտեմբերի 1-ին երեխային տանես դպրոց ու դրանից հետո էլ չզբաղվես նրանով։ Ինքը կարող է վաղը դպրոցից էլ, դասատուից էլ, գիր-գրականությունից էլ հիասթափվի։

Այն ժամանակ իշխանությունն ազատական էր եւ նա այդ քարոզչությունը չէր կարող անել։ Մենք արդեն ազատություն ունեինք եւ կարող էինք լինել ոչ պետականամետ։ Հարկավոր է դրա համար ՀՀՇ-ին գովել, որ նա չէր պարտադրում որեւէ գաղափարախոսություն, դա իրենց լավ կողմերից մեկն էր։ Իմաստ չունի քարոզել պետականասիրություն, հայրենասիրություն։ Հարկավոր է պայմաններ ստեղծել, որ մարդիկ երկրում լավ ապրեն, այսինքն՝ իշխանության դերը ոչ թե քարոզչություն կազմակերպելն է, այլ լավ կյանքի պայմաններ ստեղծելը։ Ինչ վերաբերում է գաղափարախոսությանն, ասեմ, Հայաստանն արդեն 1700 տարի քրիստոնյա է եւ այդ գաղափարախոսությունը մեզ լրիվ բավական է։ Քրիստոնեությունն է գաղափարախոսությունը, դրանով ղեկավարվենք եւ ամեն ինչ լավ կլինի մեր կյանքում։

Չեմ ասում գաղափարախոսություն, թող այնպիսի բարոյական մթնոլորտ ստեղծվեր, որ արժեքները չվարկաբեկվեին։ Հնարավո՞ր էր դա, թե՝ ոչ։

Ասում ենք՝ Հայաստան երկիր դրախտավայր։ Մենք պետք է համոզվեինք, որ Հայաստանը դրախտավայր չի եւ ընդհանրապես մեզ դրախտից վաղուց արտաքսել են եւ արտաքսել են շատ լուրջ մեղքերի համար։ Դրախտ վերադառնալու գործընթացը երկար է լինելու։ Հայաստանը դրախտավայր չի, արդարությունն էլ միրգ չի ծառերից կախված, որ գնաս քաղես։ Արդարություն չկա, արդարություն չի եղել վերաբաշխման ժամանակ եւ պետք չէ այդպիսի պատրանքներ ունենալ, որ եթե Հայաստանում իշխանությունը հայկական է, եթե նախարարները հայ են, դատախազը հայ է, ոստիկանը հայ է, ուրեմն կաշառակեր կամ չարաշահող չպետք է լինի։

Մենք համոզվեցինք, որ մենք սովորական ժողովուրդ ենք, նորմալ, պետություն ունեցող ժողովուրդներից մեկն էլ մենք ենք։ Մեզ համար կործանվեց դրախտի միֆը, մենք հասկացանք, որ պետականություն չի նշանակում դրախտ։ Տխուր է։ Դա իմ երազանքն էր։ Սկզբից պետությունը դրախտ էի պատկերացնում, հետո որ տեսա դրախտ չի, մտածեցի՝ ուրեմն պետությունը լավ չենք կառուցում։ Մենք մեղավորներ ենք, մեր չինովնիկները նույնպես մեղավորներ են, մեր քաղաքացիները նույնպես մեղավոր են, կաշառատու են եւ կաշառք վերցնող. ընտրություններն ապացուցեցին։ Ոչ միայն տալիս են, այլեւ վերցնում, ազգովի կաշառք ենք վերցնում, նաեւ՝ տալիս։ Իհարկե մեղք է դա։ Հիմա ոնց պետք է լիներ, այդպես ազգովի կաշառք վերցնեինք, հետո էլ Հայաստանը լիներ դրախտ։ Ուրեմն դրախտ չի։ Հիասթափությունը եղավ ոչ թե պետությունից, այլ այդ առասպելից։

Քիչ առաջ ասացիր, որ ազատվել ես հակառակորդ ունենալու բեռից։ Իսկ ժողովուրդը պետք է գիտակցի՞, որ ինքն էլ թշնամի չունենալու կարիք ունի։ Այս ենթատեքստում ինչպե՞ս ես վերաբերվում Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին։

Դա հիմա այլախոհական շարժում է։ Եթե հաղթեն, նրանք կդառնան հերոսներ, եթե պարտվեն, մենք կիմանանք, որ այդ ճանապարհը դեռ շուտ է, շուտ է հաշտվելը։ Մենք մի խնդիր ենք դնում՝ ազգ կամ հայրենիք։ Մե՞նք ենք դնում, թե՞ մեր հակառակորդն է պարտադրում, չգիտեմ, բայց դա բացառում է ազգային եւ պետական շահերի համընկնումը։ Այդ համընկնումը պետք չէ բացառել։ Դրանց համատեղումը պահանջում է Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունների հաստատում՝ հանուն ապագայի եւ ոչ հանուն անցյալի։ Ազգային խնդիրներ կարող է լուծել միայն նորմալ պետությունը, որտեղ հարգվում է մարդու արժանապատվությունը։ Թուրքերը մեր թշնամին են եղել, բայց արդեն ժամանակն է հասկանալու, որ մենք դրացի ազգեր ենք եւ կողք-կողքի ապրելու խնդիրը պետք է լուծենք։

Որքան արագ, այնքան լավ՝ եւ մեզ համար, եւ թուրքերի։ Եթե մենք միայն ազգային շահեր ենք հետապնդում, ուրեմն պատմական շահեր ունենք, պատմական արդարություն ենք ակնկալում, ուրեմն գնում ենք դեպի միջնադար ու այնտեղից սկսում ենք թերթելով գալ։ Եթե այդ խնդիրն ենք լուծում, բնական է, որ մեր հարաբերությունները նրանց հետ լինեն այնպիսին, ինչպիսին եղել են 451 թվականին պարսիկների հետ կամ 18 թվականին թուրքերի հետ կամ 19 թվականին վրացիների հետ։ Բայց եթե մենք հայրենիքի, պետության շահերն ենք հետապնդում, այդ դեպքում մեր խնդիրները բոլորովին այլ են։ Այս պետության քաղաքացիները նույնպես արժանապատիվ ապրելու իրավունք ունեն, նրանք թնդանոթի միս չեն։ Ես երեխա չեմ մեծացնում, որ մեկը նրան դարձնի թնդանոթի միս։ Ես երեխային պահում-մեծացնում եմ, որ մարդավարի ապրի։ Ինքս այստեղ ապրում եմ ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկի գաղափարների զոհը դառնամ, ես ապրում եմ, որովհետեւ սիրում եմ իմ հայրենիքը, իմ երկիրը, սիրում եմ այս լանդշաֆտը։

Այսինքն՝ Հայրենիքը պետք է ազատել բացասական էներգիայից։

Այո։ Ոսոխի էներգիան, թշնամանքի էներգիան, բացասական էներգիա է։ Վերջին հաշվով, ինչ էներգիա ունենք, դրա մեջ էլ ապրում ենք։ Թշնամության էներգիան, որ կա մեր շրջապատում, այդ լարվածությունը, տարածվում է նաեւ մեզ վրա, մեր մերձավորների վրա։ Եւ այդպես մերձավորի նկատմամբ էլ ենք դառնում խստասիրտ։ Եթե հանուն ինչ-որ գաղափարների մենք մեր կյանքը չենք խնայում, մեր ունեցվածքը չենք խնայում, մեր առողջությունը չենք խնայում, մեր մերձավորին կխնայե՞նք։ Չենք խնայի։ Պետք է զգույշ լինել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter