
Անտառը հավաքում է փեշերը
Հրաչյա Պապինյան
Չնայած բնապահպանական հասարակական կազմակերպությունների տասնամյա ահազանգին` հանրապետության հյուսիսում` Լոռու եւ Տավուշի մարզերի անտառներում, շարունակվում են մասսայական անտառահատումները:
Մայիսի վերջին եւ հունիսի առաջին օրերը անձրեւոտ էին, ինչը խանգարում էր անտառահատման աշխատանքներին: Լոռու մարզի Մարց գյուղի երկու տասնյակ տղամարդիկ մինչեւ կեսօր նստում են գյուղամիջում ու սպասում, թե երբ արեւ կլինի, որ անտառ գնան ու մի քանի հազար դրամ վաստակեն: Երեւանից եկած երեք-չորս ծանրաքաշ մեքենաների վարորդները ժամանակը սպանում են խաղաքարտ խաղալով:
Մարցում վարելահողերը քիչ են: Եղածն էլ լեռնային թեքությունների վրա գտնվելու եւ սխալ մշակելու հետեւանքով սահել, դարձել է անբերրի: Անցած տարվա տեւական անձրեւների պատճառով կարտոֆիլի բերքը քիչ էր, սերմացու չկարողացան ետ գցել, ուստի այս տարի հողերի մի մասը մնացել է անմշակ: Դրա համար էլ սովն աչքի առաջն առած մարցեցին սիրտ չունի մտածելու ոչ բնապահպանության, եւ ոչ էլ ապագա սերունդներին թողնելիքի մասին:
Արտաշ Գեւորգյանը, ի պատասխան անտառահատումների ծավալի մեծացման վերաբերյալ մեր հարցին, նշեց. «Մենք որ չլենք, սերունդ կլի՞, եթե մենք վերանանք, սերունդ որդիան կլի: Էլի էդ անտառով ինչ-որ չափով մարդիկ հաց են աշխատում: Եթե մենք սովից մհանանք, սերունդ ոնց կլի»: Պտի պահենք անտառը, բայց պտի ապրենք էլ: Հասկանում ենք, որ պտի պահենք, սակայն առայժմ չգիտենք էլ, թե ոնց պետք է համ օգտվենք, համ պահենք»:
Կազմակերպված անտառհատումները Մոտկորի տարածաշրջանում, որ Թումանյանի ու Մաթեւոսյանի աշխարհն է, սկսվեցին միայն վերջին տարիներին: Գուգարքի անտառտնտեսության գրեթե ողջ ռեսուրսները սպառելուց, Վանաձորի մերձակա լեռներն ու սարերը մերկացնելուց հետո «փայտի մաֆիան» գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է այստեղ:
Պաշտոնական տվյալներով մարզերի անտառտնտեսություններին հատման համար տարեկան պլանավորվում է մոտավորապես 3-5 հազար խմ փայտ: Պատահում է, որ անտառտնտեսությունները թղթի վրա չեն կարողանում իրականացնել պլանային առաջադրանքները: Իրականում անտառհատումների ծավալը տասնյակ անգամ գերազանցում է պլանավորվածին: Ըստ բնապահպանության նախարարության տվյալների` 1991թ.-ից հատումների ծավալը ողջ հանրապետությունում չի գերազանցել տարեկան 71-75 հազար խմ-ը:
Օձուն գյուղ ժամանած ՀՀ բնապահպանության նախարարը Ալավերդու «Անկյուն+ 3» հեռուստաընկերության լրագրող Կարինե Սիմոնյանի անտառների վիճակի «ահավոր» գնահատականին ի պատասխան պահանջեց խոսել փաստերով: Իսկ փաստերն իսկապես խոսուն են: Փորձենք պարզ հաշվարկ կատարել: Լոռու մարզում բնակվում է շուրջ 50 հազար ընտանիք: Լավագույն դեպքում նրանցից 20 տոկոսն են բնակարանները ջեռուցելու համար օգտագործում գազ եւ էլեկտրաէներգիա: Մնացած 80-ը ջեռուցման համար օգտագործում է վառելափայտ: Ըստ մեր հարցումների` Լոռու մարզի քաղաքներում յուրաքանչյուր ընտանիք տարեկան օգտագործում է նվազագույնը 4 խմ վառելափայտ, գյուղերում այս թիվը գերազանցում է 10 խմ-ը: Ստացվում է, որ միայն տեղի բնակչությունը տարեկան օգտագործում է 160 հազար խմ փայտ: Իսկ դպրոցնե՞րը, հիմնարկ ձեռնարկություննե՞րը, մնացած մարզե՞րը, Երեւան քաղա՞քը... Հաշվենք եւ բազմապատկենք այդ թվերն անցած 10 տարով:
Հայաստանի անտառային զանգվածի փայտի ամբողջ ռեսուրսը 1993 թ.-ի տվյալներով կազմում է 41.74 մլն խմ, իսկ տարեկան վերաճը` 354 հազար խմ: Ըստ «Նոյյան Տապան» գործակալության 2001թ. հաղորդագրության` առանձին փորձագիտական գնահատականներով տարեկան հատումների ծավալը հանրապետությունում հասնում է 1 մլն 250 հազար խմ-ի:
Անցած տարիների ընթացքում իշխանության տարբեր օղակներ բազմիցս փորձեցին արգելել, կամ էլ սահմանափակել անտառահատումները: Սակայն անարդյունավետ էր եւ անտառային ոստիկանության ստեղծումը, եւ նախարարության ու մարզային բնապահպանական տեսչությունների գործունեությունը:
Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանն այս առչությամբ մի հարցազրույցում ասել է. «Մի օր առաջ մարզպետարանից ստուգման նպատակով գիշերային հերթապահության ուղարկված մարդուն անհրաժեշտ է լինում փոխարինել կամ հաջորդ օրը, կամ նրա վրա էլ կարգել նոր ստուգող»: «Փայտի գործը» Հայաստանում ամենամութ բիզնեսն է:
Բնապահպանության նախարար Վ. Այվազյանի միակ մխիթարությունն այն է, որ անցած ձմեռը ձյունառատ էր, ինչն էլ խանգարեց մասսայական անտառահատումներ իրականացնելուն: Սա մասամբ ճիշտ է, սակայն 2003թ.-ի հունվարի վերջին, երբ ձյան ծածկույթը հասնում էր 30-40 սմ-ի, մենք Ջիլիզայի անտառներում ականատես ենք եղել աշխատող փայտահատների երեք խմբի, ընդ որում, մի տեղում վրացական համարանիշով մեքենա էր բարձվում:
Եղանակի տաքացման հետ նոր թափ է առել հատկապես արդյունագործական հատումները: Ըստ նույն «Նոյյան տապանի» հրապարակած փորձագիտական գնահատականների` նման հատումները կազմում են տարեկան հատումների շուրջ 15 տոկոսը:
Սղոցվում եւ արտասահման են առաքվում ամենաարժեքավոր ծառատեսակները. Ֆրանսիա` կաղնե տակառատախտակի համար, Իտալիա` գինու տակառների համար, Գերմանիա` «Մերսեդես» մակնիշի մեքենայի ներքին երեսպատման համար, Իսպանիա եւ Արաբական Էմիրաթներ` կահույքի եւ մանրատախտակի համար: Շինափայտի տարեկան շրջանառությունը հանրապետությունում կազմում է 8 մլն դոլար, իսկ վառելափայտինը` գնահատվում եւս 10 մլն դոլար:
Շրջանառության հիմնական մասը ստվերային է, քանի որ «Հայանտառ» միավորման գրեթե բոլոր անտառտնտեսությունները գտնվում են ֆինանսական ծանր դրության մեջ` հարկային պարտավորությունների եւ աշխատավարձերի միլիոնավոր դրամների հասնող պարտքերի պատճառով:
Անտառտնտեսություններն ունեցած պարտքերը մարելու համար պետք է անարգել վաճառեն անտառները. նրանց հիմնական տնտեսական գործունեությունը փայտի վաճառքն է: Ի վերջո, պարզ չէ անտառտնտեսությունների գոյության նպատակը անտառը պահպանելն է՞, թե անտառանյութը վաճառելով շահույթ ստանալը եւ հարկեր վճարելը:
Չկա երաշխիք, որ տնտեսավարող ձեռնարկությունը, որի գոյության ֆինանսական միջոցները առաջանում են փայտի վաճառքից, ամենասովարական տնտեսավարողի նման չի ձգտի եկամուտների ավելացման: Նույն կազմակերպությունը ինչպես է համատեղում անտառի վաճառքից օգտվելը եւ նրա պահպանումը: Սա չէ արդյո՞ք այսօրվա հայաստանյան անտառների ողբերգական վիճակի պատճառը:
Ի դեպ, բնապահպանության նախարարը գտնում է, որ անտառի պահպանությունը լավ կազմակերպելու համար անհրաժեշտ է վերացնել ստուգող մարմինները եւ ավելացնել անտառապահների թիվը: Միաժամանակ հաշտվել արդեն կատարված հատումների հետ ու ձեռնամուխ լինել վերականգնման եւ նոր անտառների հիմնման աշխատանքներին:
2002 թ.-ին «Հայանտառի» կողմից տնկվել է շուրջ 2 մլն տնկի, որոնց հիմնական մասը` 1.2 մլն, Գուգարքի անտառտնտեսությունում, քանի որ անտառը ամեանամեծ ավերածությունների ենթարկվել է այստեղ: Նոր հիմնված անտառներում էլ ցածր է տունկերի կպչողունակությունը: Անցած տարիներին այն չի գերազանցել 5 տոկոսը:
Բնապահպանության նախարարության անտառների գիտափորձնական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանը դա բացատրում է խնամքի եւ պահպանության նկատմամբ տնտեսությունների վերաբերմունքով:
Անցած տաս տարիների փորձը ցույց տվեց, որ մեր երկրում դեռեւս չի գտնվել անտառների պահպանման եւ հսկողության արդյունավետ մեթոդ: Հասարակական կազմակերպությունները գտնում են, որ խնդիրը իր վերջնական լուծումը կստանա, եթե անտառը հանձնվի համայնքներին: Մասնագետների կարծիքով դա կհանգեցնի անտառի վախճանին: 50-60-ական թթ.-ին «կոլխոզային անտառներն» իսպառ հատվեցին, եւ միայն տարածքը հանձնվեց «Հայանտառին»:
Առայժմ փոխադարձ ընդունելի ձեւ է գտնվել եւ հիմնվում են համայնքային անտառներ: Առաջինը Օձուն գյուղն է, որտեղ համայնքային եւ անտառտնտեսությանը պատկանող 200 հա վրա Թուֆենկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ «Հայաստանյան անտառներ» հասարակական կազմակերպությունը անտառ տնկեց: Այն կխնամվի երեք տարի եւ կհսկվի եւս տաս տարի: Նման անտառների տնկում նախատեսվում է նաեւ Կոտայքի եւ Լոռու մարզերի այլ բնակավայրերում: Կծածկվեն արդյոք այդ լեռնալանջերն անտառներով, ցույց կտա ժամանակը:
Առայժմ հայաստանյան անտառները մոտեցել են գիտնական անտառաբույծների նշած վերականգնման կարողության խտության 0,45 ցուցանիշին: 0.4-ը` անտառի մահն է: Ըստ մասնագետ-փորձագետների` հայաստանյան անտառների միակ փրկությունը փայտամշակման արդյունաբերության դադարեցումը կամ այն ամբողջովին բերովի հումքի վրա փոխադրումն է: Իսկ առաջնայինը անտառամերձ բնակավայրերի բնակչության կենսամակարդակի կայուն աճի ապահովումն է, որպեսզի մարդկանց մատչելի լինի գազը եւ էլեկտրականությունը: Հակառակ դեպքում, քանի դեռ կա պահանջարկ մարցեցին առնելու է սղոցն ու մտնի անտառ:
Մեկնաբանել