
Ինչ ծավալներով է ներկայում աշխատում «Շիրակ» օդանավակայանը
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան և հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Այս մասին երեկ հայտարարեց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։
Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին:
Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը համարում է, որ այս երևույթը լինելու է բյուջետային ավիաընկերությունների՝ հայկական շուկա մուտք գործելու նախադեպը։
Սպասվում է, որ «Պոբեդա» ավիաընկերության մուտքով «Շիրակ» օդանավակայանի աշխատանքը կակտիվանա։
Իսկ ներկա դրությամբ այն բականին պասիվ է. նշված օդանավակայնով մեկնող և ժամանող ուղևորների, ինչպես նաև՝ բեռնափոխադրումների ծավալը փոքր է։ Ըստ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տրամադրած վիճակագրության՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին «Շիրակ» օդանավակայանով Հայաստանից մեկնած ուղևորների թիվը կազմել է 3 915, իսկ Հայաստան ժամանածներինը՝ 3 150։
2015-ի նույն ամիսների համեմատ թե' մեկնած, թե' ժամանած ուղևորների թիվը զգալի կրճատվել է։ Մասնավորապես, մեկնածների թիվը նվազել է 3.8 անգամ, իսկ ժամանածներինը՝ 3.7 անգամ։
Իսկ ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա այս տարվա 9 ամիսներին «Շիրակ» օդանավակայանով առաքվել է 4 տոննա բեռ, ներմուծվել՝ 0.2 տոննա։ Այսինքն՝ ընդհանուր բեռնափոխադրումը կազմել է 4.2 տոննա։ Այս մասով ևս զգալի անկում կա։ 2015-ի նույն ամիսների համեմատ բեռնափոխադրումների ծավալը նվազել է 2.4 անգամ։
Այս հունվար-սեպտեմբերին «Շիրակ» օդանավակայանում ընդհանուր առմամբ կատարվել է 27 թռիչք-վայրէջք՝ 3.8 անգամ պակաս, քան 2015-ի նույն ընթացքում։
Լուսանկարը՝ zvartnots.aero-ի
Մեկնաբանել