HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ո՞վ է «միակ հեղինակությունը»․ Կործանարար հարցը շարունակում է բաց մնալ

Երեկ Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամն առաջին հայացքից անվնաս ու անմեղ հաղորդագրություն էր տարածել, որի ենթատեքստն աննկատ կարող էր մնալ միայն նրանց համար, ովքեր տեղյակ չեն Հայաստանի երաժշտական աշխարհի ներքին խմորումներին ու խռովություններին։  

Հաղորդագրության համար առիթ էր հանդիսացել դիրիժոր Կարեն Դուրգարյանի հյուրախաղերը Լայպցիգի Գեւանդհաուսի նվագախմբի հետ, «Տեատրո Մայոր Ջուլիո Մարիո Սանտո Դոմինգո» թատրոնում (Բոգոտա, Կոլումբիա):

«Մաեստրո Դուրգարյանն սկսել է համագործակցել Լայպցիգի Գեւանդհաուսի նվագախմբի հետ 2014 թվականից եւ Լայպցիգի օպերայում ղեկավարել թվով 6 ներկայացում: Այսօր Կարեն Դուրգարյանը համարվում է աշխարհում մեծ հեղինակություն վայելող միակ հայ դիրիժորը. նա աշխատում է լավագույն հանրահռչակ նվագախմբերի հետ: Մաեստրոն առաջիկայում հյուրախաղերի կմեկնի Իսրայել՝ ղեկավարելու Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Վալերի Գերգիևի հրավերով 2010 թվականից ցայսօր շարունակվում է Կարեն Դուրգարյանի կայուն համագործակցությունը Մարիինյան թատրոնի հետ»։ Հայ դիրիժորական արվեստում ուրույն տեղն ունեցող, ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած Կարեն Դուրգարյանի վերջին հյուրախաղերի մասին մամլո հաղորդագրությունը, ինչպես նկատեցիք, հագեցած է պատմական գեղեցիկ էքսկուրսներով։ Անգամ բուն միջոցառման վերաբերյալ առանձնապես մանրամասներ չկան, իսկ ահա դիրիժորի վերաբերյալ առանձնահատուկ շեշտադրումներն ամեն ինչ ասում են:

Հաղորդագրության վերնագիրը ոչ պակաս ամբիցիոզ է․«Ունի՞ արդյոք Հայաստանը հանրաճանաչ դիրիժորի կարիք»։ Ի՞նչ է սա՝ իսկապե՞ս սովորական մամլո հաղորդագրություն, թե՞ Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի վերջին 15 տարիների պատմության առանցքային դեմքերից մեկի՝ դիրիժոր Դուրգարյանի վերադարձի թեմայի շրջանառություն։

Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերին Կարեն Դուրգարյանն ազատվեց Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնից։ Տեղեկություններ եղան, որ Գեղամ Գրիգորյանը, նշանակվելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, անթաքույց հայտարարել էր, թե՝ Կարեն Դուրգարյանը պետք է թողնի գլխավոր դիրիժորի պաշտոնը։ Դա արվել էր կառուցվածքային փոփոխության արդյունքում։ Կարեն Դուրգարյանը հայտարարելով, որ խախտվել են իր աշխատանքային իրավունքները, չնայած շարունակում է մնալ ՀՀ քաղաքացի եւ նրա մշտական բնակության վայրը համարվում է Երեւանը, գործունեություն է ծավալում հիմնականում արտերկրում, մեծամասամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում։

Կարեն Դուրգարյանը հանդիսանում է Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն ու հիմնադիրներից մեեկը։ Հիմնադրամի կայքում անգամ չի խմբագրվել նրա կենսագրության այն հատվածը, որ վերաբերում է Օպերային թատրոնին: Ըստ կայքի՝ նա շարունակում է մնալ Օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եւ տնօրեն, օպերային նվագախմբի ֆագոտահարների խմբի կոնցերտմեյստեր Շմավոն Գրիգորյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Դուրգարյանի վերաբերյալ ձեւակերպումը, թե՝ նա աշխարհում մեծ հեղինակություն վայելող միակ հայ դիրիժորն է, արդյունք է հիմնադրամի լրատվական բաժնի պատասխանատուների անձնական վերաբերմունքի եւ ոգեւորության։ Գրիգորյանը նշեց, որ անձամբ ինքն այդպես չէր ձեւակերպի, այլ կձեւակերպեր հետեւյալ կերպ՝ աշխարհում մեծ հեղինակություն վայելող հայ դիրիժորներից մեկը։ «Վերջին շրջանում մաեստրո Դուրգարյանի գործունեությունից բխող ոգեւորությունն է եղել, որ լրատվական ծառայության աշխատակիցները նման ձեւակերպում են արել։ Եթե հետեւենք Դուրգարյանի գործունեությանը, ինչ որ տեղ կարելի է նման բան ասել, բայց մյուս կողմից, ամեն օր ամեն մի դիրիժոր զարգացում է ապրում՝ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Երեւի ճիշտ կլիներ ձեւակերպել «դիրիժորներից մեկը»»,-ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ հիմնադրամը եւ Օպերային թատրոնը հիմա ի՞նչ հարաբերությունների մեջ են, Դուրգարյանի հետ տեղի ունեցածից հետո համագործակցություն կա՞, թե ոչ, Շմավոն Գրիգորյանը պատասխանեց․«Համագործակցություն չի կարող չլինել, քանի որ հիմնադրամը օպերային թատրոնի հետ ունի համագործակցության համաձայնագիր, մենք շարժվում ենք ըստ այդ պայմանագրի։ Կարեն Դուրգարյանը օպերային թատրոնի հաստիքային աշխատող է, թե ոչ՝ էական չէ։ Երկու իրավաբանական կազմակերպությունները համագործակցում են միմյանց հետ, եւ մեր ընդհանուր գործունեությունն ուղղված է մեր օպերային թատրոնի աջակությանն ու զարգացմանը։ Ու քանի որ հիմնադրամի ծրագրերում ընդգրկված են Օպերային թատրոնի արտիստները, ամեն ինչ խաչվում է իրար»։

Հարցին՝ այս ընթացքում եղե՞լ է դեպք, որ մաեստրո Դուրգարյանն անձամբ բանակցի, դիմի օպերային թատրոնի ղեկավարությանը, ասել է թե՝ նրանց միջեւ անձնական շփումներ կա՞ն, Շմավոն Գրիգորյանը պատախանեց․«Դուրգարյանը թատրոնի ներկայիս տնօրինության հետ ընդհանրապես խնդիր չունի։ Իսկ արտիստների ֆինանսավորումը հիմնադրամի ծրագրերի շրջանակներում՝ միանշանակ արվում է թատրոնի տնօրենի համաձայնությամբ»։

Մամլո հաղորդագրության մեջ Դուրգարյանին վերաբերող ձեւակերպման մասին այլ կարծիքի է Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի փոխտնօրեն Լիլիթ Բաղդասարյանը։ Մեր հարցին՝ «աշխարհում մեծ հեղինակություն վայելող միակ հայ դիրիժոր» ձեւակերպումը սեպ չի՞ խրում հայ դիրիժորների եւ առանձին մշակութային կառույցների առանց այն էլ ոչ բարիդրացիական հարաբերությունների միջեւ, Բաղդասարյանը պատասխանեց․ «Չեմ կարծում։ Կարեն Դուրգարյանն իսկապես հեղինակություն է»։ Բաղդասարյանը նաեւ ցիտեց դիրիժոր Էդուարդ Թոփչյանին, ով ասուլիսներից մեկում ասել է․«Կարեն Դուրգարյանն արդեն պատրաստի և համաշխարհային մակարդակի դիրիժոր է»։

Նշենք, որ Դուրգարյանին թատրոնից ազատելու օրերին շատ էր խոսվում այն մասին, որ նրա տեղը պետք է զբաղեցնի Սերգեյ Սմբատյանը՝ Հայաստանի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը։ Երիտասարդ դիրիժորը ասուլիսներից մեկում անկեղծացել էր, որ Դուրգարյանն իր մասին բացասական է խոսել, չնայած ինքը նրա ազատման հետ կապ չունի։

Ինչեւէ, Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հեռանալը Կարեն Դուրգարյանի կարիերային վնասեց, այլ՝ խթան հանդիսացավ նոր ծրագրերի իրականացման, նոր համագործակցություն սկսելու առումով։

Հայկական դիրիժորական ասպարեզում վերջին 15-20 տարիներին ինտրիգների ու չարակամության պակաս չի եղել։ Որքան մեծ ու հանճարեղ է դիրիժորը, այնքան ավելի բարձր ատյաններից եւ շատ ավելի հետեւողականորեն է իրականացվել ոչնչացման գործընթացը։ Հիշենք Օհան Դուրյանի, Լորիս Ճգնավորյանի, Արամ Ղարաբեկյանի դեմ դավերը։ Այնպես է ստացվել, որ Հայաստանի ամենահեղինակավոր նվագախմբերում շատ արագ տեղի է ունեցել սերնդափոխություն։ Եվ երիտասարդներին հնարավորություն է տրվել կերտելու կարիերա, ինչից նրանք օգտվել են նախանձելու աստիճան առավելագույն չափով։

Էդուարդ Թոփչյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ունեցած առաջին իսկ համերգի տարում՝ 2000 թվականին, դարձել է նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ Այդ ժամանակ նա ընդամենը 29 տարեկան էր, իսկ Օհան Դուրյանը, ունենալով իսկապես համաշխարհային հռչակ, զրկվել էր մեր Ֆիլհարմոնիկը ղեկավարելու հնարավորությունից։ «Դիրիժորները և երաժիշտները ժամանակի ընթացքում կգան-կգնան, բայց նվագախումբը կհարատեւի»,-մեջբերումը Էդուարդ Թոփչյանից է։

Կարեն Դուրգարյանն արդեն 32 տարեկանում դարձել է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը։ Սերգեյ Սմբատյանը 18 տարեկանում հիմնադրել եւ առ այսօր ղեկավարում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։

Սակայն հաճախ որեւէ կողմից բացվում է «միակ հեղինակավորի» թեման եւ դրվում շրջանառության: Առանց հաշվի առնելու, որ այն երբեւէ չլուծվող հարց է։

Օգտագործվել են լուսանկարներ նաեւ՝
Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի կայքից, 
MusicofArmenia  եւ Hayznivor.am կայքերից


 

Մեկնաբանություններ (3)

meri musinyan
Մի փոքրիկ նյուանս է բաց թոցնվել այն է Կարեն Դուրգարյանը օպերային թատրոնից հեռացել է իր դիմումի համաձայն չհաշտվելով այն մտքի հետ,որ նա այլևս օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը չէ,թող շարունակեր ծառայել իր երկրին և իր ժողովրդին,որպես օպերային թատրոնը ներկայացնող դիրիժորներից մեկը պարտադիր պիտի գլխավոր դիրիժոր հանդիսանար,որ ծավալեր իր գործունեությունը թատրոնում:
Amiran garslyan
Ոչ ոք Կարեն Դուրգարյանի առջև չէր փակել օպերային թատրոնի դռները:Թատրոնից հեռանալու որոշումը ինքն է ընդունել,այն բանից հետո երբ թատրոնում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում թատրոնն վերացրել էր գլխավոր դիրիժորի հաստիքը:
Marine Hovyan
Այն, ինչ կատարվում էր թատրոնում վերջին 5-6 տարում, թատրոնին հարիր չէր, շատ ցածր մակարդակի էր հասցվել թատրոնը:Թայֆայական,ախպերական ու պաչ-պռոշտային սանձարձակ հարաբերությունների թատերաբեմի էր վերածվել օպերային թատրոնը: Արդյունքում նվագախումբն էլ իր ֆունկցիաները կորցրել էր, մոռանալով, որ նա էլ օպերային թատրոնի մի մասն է և ոչ թե ինչ-որ մեկի սեփականությունը, որպեսզի ինչ ուզեն, դա էլ անեն:Օպերային թատրոնի նվագախումբը պետք է հենց թատրոնին ծառայի և ոչ թե որոշ մարդկանց ամբիցիաներին:ԷԿարեն Դուրգարյանը տիրոջ կարգավիճակ էր ստացել,իր շուրջ համախմբելով յուրայինների,ովքեր պարբերաբար ստանում էին ավել փողեր՝ ֆոնդի միջոցով եւ այլ ճանապարհներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter