Բնապահպանները պահանջում են հրաժարվել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրից, որը, ըստ նրանց, անդառնալի վնասներ կհասցնի Հայաստանի բնությանը և սոցիալական կյանքին: Առավոտյան կազմակերպված իրազեկման ակցիային նրանք կրկին ներկայացրին հանքի շահագործման դեպքում առաջ եկող ռիսկերը:
Ամուլսարը Ջերմուկ առողջարանային քաղաքից հեռու է 10 կմ: Բնապահպան Ապրես Զոհրաբյանն ասում է, որ նախորդող տասնամյակներին, շրջակա միջավայրի վրա չազդելու համար, Ջերմուկում նույնիսկ փոքր գործարաններ չէին կառուցում: Հանքի շահագործումով, բնապահպանների համոզմամբ, Ջերմուկը կդադարի լինել առողջարանային քաղաք` վերածվելով «հանքափորներին սպասարկող քաղաքի»:
Ապրես Զոհրաբյանը (աջ կողմում)
Բացի այն, որ ցիանիդով ոսկու կորզման պարագայում վտանգվելու են քաղցրահամ ջրի պաշարները, բնապահպանները կանխատեսում են նաև զբոսաշրջության տեմպերի անկում: Նրանք հիշատակում են Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին որոշումը, որը կառավարությունն ընդունել էր 2008թ-ին, և մեջբերում են «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության` հանքի շահագործման ծրագրի կանխատեսումները, համաձայն որոնց` աշխատողների մի մասը Հայաստան կգան առանց ընտանիքների` այդպիսով մեծացնելով սեռական ինդուստրիայի տարածման ռիսկը:
«Դե պատկերացրեք` ո՞ր մի բանական մարդը կուզենա գնա հանգստանա էն քաղաքում, որտեղ միջավայրը առողջարանային չի… Ջերմուկի էդ ամբողջ պատկերը, որը տասնամյակներ շարունակ ստեղծվել է, խաթարվում է: Իսկ մենք երկրորդ էդպիսի առողջարանային քաղաք չունենք Հայաստանում»,- ասում է Ապրես Զոհրաբյանը:
Կառավարությունը և հանքարդյունահանող ընկերությունը Ջերմուկի շրջանում աշխատատեղերի ստեղծումը ներկայացնում են որպես ծրագրի առավելություն: «Բայց հարց է առաջանում` 10 տարի հետո, երբ որ էդ օֆշորային ընկերությունը հեռանա, ի՞նչ ա լինելու Ջերմուկի և հարակից բոլոր տարածքների հետ, որովհետև էդ բնակչությունը էլ չի կարողանալու զբաղվել էն գործունեությամբ, որով ինքը զբաղվում էր 50 կամ 100 տարի: Բնականաբար էդ մարդիկ ստիպված են լինելու ավելի մեծ տեմպերով արտագաղթել էդ տարածքներից»,- կառավարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը:
Լևոն Գալստյանը
Բնապահպանը ներկայացնում է ջրի այն պաշարները, որոնք անմիջական ազդեցության են ենթարկվելու հանքի շահագործման պարագայում` Որոտան և Արփա գետերի ավազանը, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Որոտան-Արփա-Սևան թունելի միջոցով` նաև Սևան լիճը: Կառավարությունը, նրա խոսքով, այդ ազդեցության գնահատում չի իրականացրել` «փակ աչքերով հավատալով» ընկերության ծրագրում գրված ամեն ինչին:
Կառավարությունը տեղական և արտասահմանյան երկու տասնյակից ավելի կազմակերպությունների կողմից նախաձեռնած ստորագրահավաքի հասցեատերերից մեկն է: Ստորագրահավաքով նրանք Հայաստանի իշխանություններին և ծրագիրը ֆինանսավորող կորպորացիաներին են ներկայացրել իրենց մտահոգությունները: Հոդվածի հրապարակման պահին առցանց ստորագրահավաքին միացել են 2800-ից ավելի մարդիկ:
Բնապահպանների առաջնային նպատակը տեղի և միջազգային հանրությանը ծրագրի հետևանքների մասին իրազեկելն է: Նրանք նշում են, որ ջրային պաշարների աղտոտումը պետական սահմաններով չսահմանափակվող ռիսկ է: Իսկ ազդակիր համայնքների բնակիչների հետ հանդիպել են օրեր առաջ: Բնապահպան Անի Խաչատրյանը, ով զրուցել է Ջերմուկի ու հարակից շրջանների բնակիչների հետ, պատմում է, որ վերջիններս հիմնականում դեմ են հանքի շահագործմանը, թեև աշխատանքի հնարավորությունից և սոցիալական ծրագրերից օգտվելու, ինչպես նաև փոփոխությունների հասնելու հավատի բացակայության պատճառներով ոմանք նաև կողմ են արտահայտվել ծրագրին:
Անի Խաչատրյանը (աջ կողմում)
«Հույս ունենք, որ մարդը կհասկանա, որ էդ նյութական արժեքները վերանում են, ու ավելի կարևոր ա պահել էն, ինչը անընդհատ ա քեզ բարիք տալու: Այսինքն էդ հանքը վերջանալու ա 10 տարուց, եթե էդքան շահագործեն, բայց 10 տարուց հետո Ջերմուկը էլ առողջարան չի լինի արդեն, մի տարուց հետո էլ չի լինի»,- ասում է Անին:
Ամուլսարի ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Հետք»-ի և ՀԲՃ-ի հոդվածաշարերում:
Մեկնաբանել