2017-ին Ծովագյուղն ամբողջությամբ կանցնի հնդկացորենի մշակման
Արփինե Մինասյան
Ծովագյուղ համայնքում այս տարի առաջին անգամ 100 հա հնդկացորեն են աճեցրել, բերքից էլ դժգոհ չեն: Համայնքի գյուղատնտես Արտաշես Խալաֆյանն ասում է, որ ինչ-որ տեղ նաեւ ռիսկի են դիմել: 25 տարվա անմշակ հողը 1 տարի առաջ են նախապատրաստել ցանքսին: ՌԴ-ից ներկրված հնդկացորենի սերմը ցանել են վերջին ցրտահարություններն անցնելուց հետո՝ հունիսին: Ռազմավարական պլանը մշակելիս էլ հաշվի են առել կարկտահարության գործոնը եւ չեն սխալվել. տեղացած առաջին կարկուտը վնասել է բերքի մոտ 40%-ը:

«Հնդկացորենի առանձնահատկություններից մեկն այն է, որ վերաճ է ապահովում: Մոտ 20%-ով վերականգնվեց վնասված բերքը: 100 հեկտարից ստացանք 81 տոննա հնդկացորենի բերք: 1 հեկտարի հաշվով՝ շուրջ 800 կգ: Վատ ցուցանիշ չէր, բայց ավելին էինք սպասում»,-հայտնեց գյուղատնտեսը:
Հնդկացորենը ձավարային բարձրարժեք մշակաբույս է: Հատիկն աչքի է ընկնում բարձր սննդարարությամբ: Պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, օսլա, ճարպ, հանքային աղերից' երկաթ, ֆոսֆոր, B1 և B2 վիտամիններ: Հնդկացորենի ձավարը պարունակում է ջրում հեշտ լուծվող սպիտակուցներ' լիզին, արգինին, որոնք քիչ են հացահատիկային այլ մշակաբույսերի մեջ: Ահա թե ինչու է այն դասվում արժեքավոր սննդամթերքների շարքին:
Բերքի իրացման հարցը նույնպես լուծված է: Ծովագյուղում գրեթե ավարտված է հնդկացորենի վերամշակման արտադրամասի կառուցումը: Համայնքում սպասում են արտադրամասի համար սարքավորումների տեղ հասնելուն: Համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանի խոսքով՝ այս մշակաբույսի աճեցումն ավելի ձեռնտու եւ շահութաբեր է, քան գարունը եւ ցորենինը:
«Հայաստանում հնդկացորենի մշակման 2 գործարան է լինելու՝ Ծովագյուղում եւ Շիրակի մարզի Բավրայում: Այնտեղի շենքը դեռ պատրաստ չէ: Պետք է կարողանանք արտադրանք ունենալ: Նախատեսել ենք մյուս տարի 300-400 հա մշակել: Նպատակահարմար ենք գտել գարու եւ ցորենի դաշտերում էլ հնդկացորեն աճեցնել»,-նշեց Վ. Գեւորգյանը:

Հնդկացորենի մշակումն իրականացվում է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» (ENPARD) գյուղատնտեսական ծրագրի շնորհիվ: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2015թ.: Հայաստանի 5 մարզում ստեղծվում է առաջնային արտադրության 40 կոոպերատիվ, որոնցից 33-ը զբաղվելու է հնդկացորենի, 4-ը' բրոկոլիի, 3-ը' մրգի ու հատապտուղների արտադրությամբ: Կառուցվում է հնդկացորենի մշակման 2 գործարան, որոնք կվերամշակեն ու կիրացնեն կոոպերատիվների արտադրանքը: Ծրագրի շրջանակում տրամադրվել են անվճար սերմացու եւ պարարտանյութեր: Ծովագյուղի հնդկացորենի կոոպերատիվն ունի 105 անդամ:
«Ծովագյուղում հնդկացորենի տարածությունն ավելի շատ էր, դրա համար գործարանը կենտրոնացվեց այստեղ: Խորհուրդ տվեցին չվախենալ, որովհետեւ բույսը վերականգնվող է»,-ասում է «Ծովագյուղի հնդկացորեն» կոոպերատիվի նախագահ Սուսաննա Թովմասյանը:
Համայնքի գյուղատնտեսի խոսքով՝ բերքը հավաքել են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ըստ նրա՝ հնդկացորենի մյուս կարեւոր առանձնահատկությունը հատիկների չթափվելն է: Այն խաչասերվող բույս է, պետք է տարածքում մեղվաընտանիքներ լինեն եւ փոշոտում կատարվի, որից էլ բարձր բերք կստացվի:
«Գրեչկայի մշակությունը կբարելավի մեր համայնքի ազգաբնակչության ֆինանսական վիճակը: Այս մշակաբույսը 4-6 անգամ ավել եկամուտ կբերի ընտանիքներին: Ֆինանսական կայունությունը նրանց հնարավորություն կտա հողը լավ մշակել, ցանքատարածություններն ավելացնել»,-նշում է Ա. Խալաֆյանը:
Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գեւորգյանն ասում է, որ հնդկացորենի մշակությունը կբարելավի բնակիչների սոցիալական վիճակը, իսկ գործարանի շահագործումը նոր աշխատատեղեր կբացի:

«Եթե մի խոպանչի գոնե 5-6 հա վարձակալությամբ կամ այլ ձեւով հնդկացորեն աճեցնի, ինքը ինչքան որ խոպանում օգուտ է ստանում, էդքան կարող է տեղում՝ իր համայնքում ստանալ: Գործարանը տվյալ պահին 15 աշխատատեղի հարց կլուծի, բայց ժամանակավոր, քանի որ մեր մոտ ցանքը ավելի քիչ է եղել: Նպատակ կա նաեւ դրսից չմշակված հնդկացորեն էժան գնով բերենք, էստեղ մշակենք, որ գործարանը աշխատի»,-այս համոզմանն է Վ. Գեւորգյանը:
Ավանդականից այլընտրանքային մշակաբույսերի աճեցմանն է անցել նաեւ 8725 բնակիչ ունեցող Սարուխան համայնքը: Այստեղ բնակիչների հիմնական զբաղմունքը արտագնա աշխատանքն է: 2015մ բարձրության վրա 2 հա-ի չափով հնդկացորեն են ցանել: Մշակել են նաեւ սոխ, սխտոր, լոբի, բրոկոլի, հաճար, ելակ, ազնվամորի: Նախկին գյուղապետ եւ ֆերմերների Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ Վահան Գեւորգյանի դժգոհությունն այն է, որ մարդիկ քիչ են զբաղվում դրանց մշակությամբ: Կատակում է, թե ամեն մեկը կարտոֆիլի լավ ակադեմիկոս է, բայց նոր մշակաբույսերի առումով մշակման կուլտուրա է պետք գյուղին:
«Բարձր բերք էր սպասվում, բայց կարկտահարվեց: 2 տոննա բերք ենք ստացել: Գործարանին չենք հանձնելու, պիտի մաքրենք եւ մյուս տարի ցանենք: Ձեռնտու է այս մշակաբույսի աճեցումը, քանի որ աշխատատար չէ, ծախսը քիչ է, գինն էլ՝ բարձր: Այս տարի կարտոֆիլը ձեռք չի տալիս, քանի որ ինքնարժեքով էլ չենք կարողանում իրացնել»,-հնդկացորենի եւ կարտոֆլի օգուտներն է հաշվում Վահան Գեւորգյանը: Նրա խոսքով՝ եթե կարտոֆիլի իրացման հարցն էլ հնդկացորենի պես լիներ, հրաշք կլիներ:
Ծովագյուղում ստացված բերքի որքան մասն են օգտագործելու որպես սերմացու կամ վաճառելու՝ դեռ հստակ չէ: Հնդկացորենը ներքին շուկայում կհայտնվի գործարանում հնկաձավարի վերածվելուց եւ փաթեթավորվելուց հետո միայն: «Քիչ ծախսերով ստանում ես մի մշակաբույս, որը բարձր արժեք ունի: Ինչ-որ տեղ հրապուրվել եւ հիացել ենք այս մշակաբույսով: Կարծում եմ, որ ամբողջ հանրապետությունում սրա ցանքերը կընդարձակվեն»,- համոզված է Ծովագյուղի գյուղատնտես Արտաշես Խալաֆյանը:
Ի դեպ, հնդկացորենի գործարանն արդեն ունի 100 տոննա քաշով կշեռք, որը կարող է ծառայել ինչպես համայնքի, այնպես էլ հարեւան համայնքների բնակիչներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել