HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Apple-ի բաժնետոմսերի գինը նվազել է

2016 ֆինանսական տարվա վերլուծության արդյունքում Apple ընկերության եկամուտը կազմել է 215,6 միլիարդ դոլար, 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել է 233,7 միլիարդ: iPhone հեռախոսների վաճառքի նվազման ֆոնի վրա նվազել է նաև ընկերության եռամսյակային ցուցանիշները: Երեքշաբթի` բորսայում բաժնետոմսերի գինը նվազել է 2,3%-ով` կազմելով 115,55 դոլար, փակման ժամանակ բաժնետոմսերի գինը կազմել է118,25  դոլար:

Apple-ը հրապարակել է 2016 թվականի չորրորդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշներն, ըստ որոնց՝ ընկերության եկամուտը կազմել է 46,9 միլիարդ դոլար, իսկ զուտ շահույթը` 9 միլիարդ դոլար կամ 1 բաժնետոմսի հաշվով` 1,67 դոլար: Համեմատության համար` անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերության եկամուտը կազմել է 51,5 միլիարդ դոլար, զուտ շահույթը` 11,1 միլիարդ դոլար կամ յուրաքանչյուր բաժնետոմսի հաշվով` 1,96 դոլար: Եռամսյակի համախառն շահույթը կազմել է 38%` անցած տարվա նույն ժամանակաշրջանի 39.9%-ի դիմաց:

Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը (Tim Cook) ասել է․ «Եռամսյակի ցուցանիշները, որոնք ամփոփում են 2016 թվականը, հաստատում են, որ Apple-ի համար ֆինանսական տարին հաջող է եղել: Մենք հիացած ենք մեր հաճախորդների արձագանքով` iPone 7, iPhone 7 plus և Apple Watch Series 2-ի վերաբերյալ: Բացի այդ, մեր ծառայություններ մատուցող բիզնեսը գրանցել է ռեկորդային ցուցանիշ (եկամուտը ավելացել է 24%- ով)»:

Apple ընկերության ֆինանսական տնօրեն Լուկա Մեյսթրին (Luca Maestri) նշել է. «Մենք հպարտությամբ արձանագրում ենք գործարքներից գոյացած դրամական հոսքերի ռեկորդային ցուցանիշները, սեպտեմբերին ավարտված եռամսյակային կտրվածքով`  ընդհանուր առմամբ 16․1 միլիարդ: Կապիտալի վերադարձ ծրագրի շրջանակներում ներդրողներին հետ վճարված գումարը գերազանցում է 186 միլիարդը»:

Չորրորդ եռամսյակի ընթացքում վաճառվել է 45,5 միլիոն iPone, (ընդհանուր 28,1 միլիարդ): Այս ցուցանիշը 5%-ով քանակական և 13%-ով գումարային առումով ավելի ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Վաճառքի միջին գինը կազմել է 618,72 դոլար (անցած տարի` 670 դոլար), որը ցածր է նույնիսկ նախահաշվից (625 դոլար): Վերլուծաբանները կանխատեսել էին, որ այս եռամսյակի ընթացքում ընկերությունը կվաճառի 45 միլիոն iPհone:

2016 թվականին վաճառքի ծավալը նվազել է` կազմելով 216 միլիարդ, 2015 թվականին այդ ցուցանիշը ռեկորդային է եղել (234 միլիարդ): Վաճառքի նվազումը, վերլուծաբանների կարծիքով, կապված է iPhone-ի վաճառքի նվազման հետ: iPad-ի վաճառքը նվազել է 6%-ով` 9,8 միլիոնից հասնելով 9,2 միլիոնի: Պլանշետների վաճառքի ցուցանիշը գրեթե չի փոխվել և կազմել է 4,2 միլիարդ: Չորրորդ եռամսյակի ընթացքում վաճառվել է 4,9 միլիարդ Mac, որը 14%- ով ցածր է անցած տարվա համեմատ: Վաճառված համակարգիչներից ստացված եկամուտը նվազել է 17%-ով և կազմել 5,7 միլիարդ:

Apple-ի ծառայությունները, որոնց մեջ մտնում են Apple Music, iTunes, Apple Store և AppleCary-ը, Phone-ից հետո, դարձել են ընկերության մեծությամբ երկրորդ բիզնեսը: Եռամսյակի ընթացում ծառայություններից ստացված եկամուտը կազմել է 6,33 միլիարդ դոլար, որը ընդհանուր վաճառքի 13% է: Սմարթֆոնի բիզնեսը անցած եռամսյակում բերել է 28,16 միլիարդ եկամուտ, որը ընդհանուր վաճառքի 60,1% է:

Չորրորդ եռամսյակի ընթացքում մնացած արտադրանքների վաճառքից (Apple TV, Apple Watch, Beats, iPod և ակսեսուրներ) ընկերությունը վաստակել է 2,3 միլիարդ դոլար, ինչը անցած տարվա ցուցանիշից 22%-ով ցածր է:

Վաճառքի ամենամեծ նվազումը 30%, գրանցվել է Չինաստանում (Հոնկոնգ, Մակաո, Թայվան): ԱՄՆ-ում նվազման ցուցանիշը կազմել է 7%, Եվրոպայում գրանցվել է 3% աճ:

Այսպիսով, Apple ընկերության 2016 ֆինանսական տարվա եկամուտը կազմել է 215,6 միլիարդ դոլար, 2015 թվականին այն կազմել է 233,7 միլիարդ: Ընկերության մաքուր շահույթը նվազել է 53,4 միլիարդից` կազմելով 45,7 միլիարդ: 2001 թվականից սկսած առաջին անգամ ընկերությունը գրանցել է եկամտի անկում:  

Apple-ը կանխատեսում է, որ 2017 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում եկամուտը կբարձրանա 1,4%-ով` 76 միլիարդից հասնելով 78 միլիարդի: Միևնույն ժամանակ Bloomberg-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ վաճառքը կկազմի շուրջ 75 միլիարդ դոլար:

Թիմ Քուքը նշել է , որ iPhone 7-ի և iPhone 7 Plus- ի պահանջարկը ավելի մեծ է, քան առաջարկը: Նոր սմարթֆոնների վաճառքը սկսել էր սեպտեմբերի 16-ին, իսկ եռամսյակը ամփոփվել է սեպտեմբերի 24-ին, այսինքն նոր սմարթֆոնների վաճառքի ցուցանիշները բաժին են ընկել հաջորդ եռամսյակին: Apple-ը կարծում է, որ վաճառքը ցուցանիշները զգալիորեն կաճեն iPhone 7 և 7 Plus-ի հաշվին:

Apple ընկերության սեփական դրամական միջոցները 2016 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով կազմում է 237,6 միլիարդ:

Apple ընկերության կանխատեսումները 2017 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի համար.

  • շահույթ` 76-78 միլիարդ դոլար
  • եռամսյակային համախառն շահույթ` 38-38.5%
  • օպերացիոն ծախսեր` 6,9-7 միլիարդ դոլար
  • այլ շահույթ/ծախսեր` 400 միլիոն դոլար
  • հարկային պարտավորություններ` 26%

Apple-ի տնօրենների խորհուրդը հայտարարել է դիվիդենտների վճարման մասին, որը կազմել է ամեն բաժնետոմսի համար 0,57 դոլար: Դիվիդենտները կվճարվեն 2016 թվականի նոյեմբերի 10-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter