Պիկետ Երևանում` ի պաշտպանություն Ալես Բելյացկու
2011թ. նոյեմբերի 24-ին «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկուն դատապարտեցին 4,5 տարվա ազատազրկման: Բելառուսի իշխանությունները նրան ձերբակալել էին ակնհայտ քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով:
ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարը, միջազգային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները և առաջատար երկրների կառավարությունները իրենց մտահոգությունն են հայտնել Ալես Բելյացկու նկատմամբ իրականացվող հետապնդումների վերաբերյալ, այդ քայլը գնահատել են իբրև իշխանությունների վրեժը Բելյացկու իրավապաշտպան գործունեության համար և քաղաքացիական հասարակությանը վախեցնելու փորձ, և պահանջել են անհապաղ ազատ արձակել իրավապաշտպանին:
Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը Բելյացկուն ճանաչել է խղճի գերի: Բելյացկու գործի մասին տեղեկատվությունը հասանելի է http://spring96.org/ru/tags/1183 հասցեում:
2011թ. նոյեմբերի 25-ին Բելառուսի մարդու իրավունքների իրավիճակի միջազգային վերահսկողության կոմիտեն (Հայաստանում կոմիտեի ներկայացուցիչն է Հելսինկյան ասոցիացիան) կազմակերպում է ակցիա` ի պաշտպանություն Ալես Բելյացկու՝ պիկետ Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց մեր գործընկերոջը ազատ արձակելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով: Ակցիաները ի պաշտպանություն Ալես Բելյացկու միաժամանակ կկազմակերպվեն մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում և Ղրղզստանում:
Հելսինկյան ասոցիացիան տեղեկացնում է, որ Երևանում պիկետի անցկացման հասցեն է Արաբկիր համայնք՝ Նիկոլ Դումանի փողոց՝ 12ա շենք՝ Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց: Պիկետի անկացման ժամը՝ 14:30:
Պիկետի կարգախոսներն են «Ազատություն Ալես Բելյացկուն», «Մեր և ձեր ազատությունների համար», «Ազատություն քաղբանտարկյալներին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել