HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը

Այսօր Վանաձորում տեղի է ունեցել տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությունը:

Կենտրոնի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ գլխավոր օպերատոր ճանաչված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով: Ծրագիրն ուղղված է Վանաձորում ժամանակակից գիտելիքահենք և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև մարզի սկսնակ ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին բիզնես աջակցության տրամադրմանը:

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Լոռու մարզում: Նա շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, ընձեռած հնարավորություններին, իրականացվող ծրագրերին և զարգացման հեռանկարին:

Ոլորտի պատասխանատուները և տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները Սարգսյանին ներկայացրել են կենտրոնում արդեն գործող տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների ուսումնական լաբորատորիաները, սկսնակ թիմերի համար ստեղծված համատեղ աշխատանքային տարածքը, մետաղամշակման գերժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիան, որը, նրանց հավաստմամբ, բացառիկ հնարավորություն կընձեռի ճարտարագիտական ոլորտում (ներառյալ` ճշգրիտ ճարտարագիտություն, մեքենաշինություն, մաքուր տեխնոլոգիաներ) նախատիպերի մշակման, փորձարկման և նոր արտադրանքների ու լուծումների մշակման համար՝ խթանելով նորարարությունների զարգացումը Հայաստանում և հնարավորություն ընձեռելով գյուտարարներին, տեխնոլոգիական ընկերություններին և գիտնականներին զգալիորեն արագացնել գյուտի կամ նոր արտադրանքի մուտքը շուկա:

Սարգսյանին զեկուցել են նաև, որ կենտրոնի գործունեության ընթացքում առնվազն 150 թիմերի, ընկերությունների, գյուտարարների և անհատ ձեռներեցների տրամադրվել են բիզնես աջակցության ու խորհրդատվական ծառայություններ: Նախատեսվում է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կձևավորվեն առնվազն 150 ուղղակի և 1000 անուղղակի աշխատատեղեր՝ շուրջ 300 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, տարեկան կպատրաստվի և կվերապատրաստվի առնվազն 500 մասնագետ, աջակցություն կստանան տարեկան առնվազն 50 թիմ և կազմակերպություն։

Սերժ Սարգսյանը շրջայցի ավարտին եղևնի է տնկել կենտրոնի բակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter