
Տեսա տանջված դեմքով, նիհար մի տղամարդու. քայլում էր պատերից բռնվելով
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Ամառվա տոթ օրերն էին: Խցակիցս մոտեցել էր վոլչոկին, որը բաց էր, ու մի քիչ օդ էր խաղում խցում, մեկ էլ հանկարծ.
- Մհե՛ր, մի հատ արի, տես, ո՞վ ա:
Տեսա տանջված դեմքով, համակենտրոնացման ճամբարնիերի «բնակիչների» նմանվող նիհար մի տղամարդու: Նա մեր խցի դիմացի մոտ 10 մետրը հաղթահարեց 10 րոպեում: Քայլում էր պատերից բռնվելով, ոտքերը գրեթե չկարողանալով պոկել գետնից`պարզապես քարշ էր տալիս:
Իմացանք, որ ցմահ բանտարկյալ Վահագն Մարուքյանն է: Հսկիչն ասաց, որ նոր են կալանավորների հիվանդանոցից բերել ու, որ այդպես պատերից բռնվելով՝ գնում է տաքսաֆոնի մոտ` տնեցիներին զանգելու:
Կալանավայրում ընդունված չէ մանրամասն հետաքրքրվել, թե ում ինչի մեջ են մեղադրել, կամ քննիչի դեր խաղալ: Գիտեմ միայն, որ դատավճռի հիմքում ինքնախոստովանական ցուցմունքն է դրվել, որը, ինչպես սովորաբար լինում էր, մանավանդ 1990-ականներին, ոստիկանության բաժանմունքում ծեծ ու ջարդով, հարազատներին վնասելու սպառնալիքների տակ էին կորզում: Օրեր առաջ նյութեր ստացա, կարդացի, որ չնայած արդեն 24-րդ տարին նա պատիժ է կրում, բայց պայմանական վաղաժամկետ ազատման չեն ներկայացնում և ոչ էլ առողջական ծանր վիճակն են հաշվի առնում:
Կուրսային աշխատանքս ավարտում եմ, և ինչպես ասել եմ`ցմահ ազատազրկումն է թեման: Հիմնավորել եմ, որ Հայաստանում մահապատիժը «վերացնելով», ըստ էության, ոչ թե պատժատեսակ փոխեցին, այլ մահապատժի իրականացման եղանակը` գնդակահարության փոխարեն` տանջամահ անելով:
... Վերջերս իմ «Անհատական թերթիկի» մեջ տեսել էի մի անհասկանալի գրառում. «19.12.2009թ. ենթարկվել է տույժի` 10 օր պատժախուց»: Սակայն նշված չէր՝ ինչի համար: Իսկ ես նման բան չեմ հիշում: Պահանջեցի մեկուսարանում գտնվող «Անձնական գործիս» ողջ տվյալները: Աշխատակցի հետ միասին այն դրեցինք սեղանին.
- Խնդրում եմ ցույց տվեք ինձ տույժ նշանակելու վերաբերյալ որոշումը, որի տակ ես պարտադիր պետք է ստորագրած լինեմ, պարզենք՝ ինչի՞ համար է տույժ նշանակվել:
20 րոպե տևած որոնումներից հետո այդպես էլ չհայտնաբերվեց նման փաստաթուղթ:
- Ասում եք` ո՞ր օրն եմ մեկուսարանում ինչ-որ խախտում արել…
Աշխատակիցն նորից նայեց.
- 2009 թվականի դեկտեմբերի 19-ին է գրած:
Ժպտում եմ.
- Էդ օրը մեկուսարանում որևէ խախտում չեմ արել, որովհետև ես ընդհանրապես բանտում չեմ եղել` ես ազատության մեջ էի:
Աշխատակիցը փաստերի ճնշման տակ ստիպված էր պարզապես ջնջել այդ հորինած տույժի մասին նշումը: Ավելին` հարցրեցի, թե այդ ինչ ուղղման անհատական ծրագիր են իրականացնում, որ ամեն դատապարտյալի գործում եռամսյակը մեկ նշում են` ուղղման աստիճանը «ցածր», «միջին» կամ «բարձր» է: Պահանջեցի, որ ինձ ծանոթացնեն իմ անհատական ծրագրին, ինչը պարտավոր են անել: Ցույց տվեցի նաև ՄԱԿ-ի, Եվրոպական համապատասխան կառույցների որոշումները, մոտեցումներն այն մասին, որ այդ ծրագրերին դատապարտյալները պետք է ծանոթ լինեն արդյունավետ աշխատելու համար: Մի խոսքով` հասկացա` առհասաևակ չկա ոչ մի ծրագիր: Ակնհայտ դարձավ, որ միֆ ու ձևականություն է այդ «ուղղման գործընթաց» կոչվածը: Այսինքն` ամեն ինչ արվում է, որ դատապարտյալը դրական չներկայացվի, միայն թե պայմանական վաղաժամկետ ազատելու մասին օրենքը չկիրառվի: Էլ չեմ ասում այն մասին, որ սխալ դատապարտվածի պարագայում ոչ թե նրան է պետք ուղղել, այլ` դատական սխալը:
Իսկ գիտե՞ք, թե ինչ են անում, օրինակ, Իտալիայում: Ցմահ ազատազրկվածը 8 տարի անց կարող է տարվա մեջ 48 օր ազատության մեջ ապրի իր հարազատների հետ: Եվ նրանք կիրառում են այս օրենքը: Մեծ Բրիտանիայում որոշ ժամանակ անց ցմահ ազատազրկվածը տեղափոխվում է, ինչպես իրենք են ասում`առանց պատերի բանտ, այսինքն` ըստ էության գտնվում է ազատության մեջ, բայց վերահսկողության տակ:
Չզարմանաք համեմատությանս համար, բայց կարծում եմ` Հայաստանը նույնպես ցմահ ազատազրկված է: Մեկ-մեկ ազատ են թողնում, օրինակ` վերջին 25 տարին, որ տեսնեն՝ կարող ենք արդյոք ազատության մեջ ապրել…
Մեկնաբանել