
Նոր ծառահատումներ Երևանում
Առավոտյան հատել են Երևանի Մազմանյան 1 հասցեի (Աջափնյակ վարչական շրջան) մի քանի ծառեր: Թաղամասի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ծառերի մի մասն առողջ է եղել: Նա տեսել է, որ վաղ առավոտյան մի մեքենայով ծառերի կտրված հատվածները տեղափոխել են տարածքից, կոճղերի մի մասի վրա էլ հող են լցրել՝ աննկատ թողնելու համար:
Այս հասցեում գտնվող շինության մոտ նոր հատված ծառերի մի քանի կոճղեր կային: Որոշ հեռավորության վրա կտրված ճյուղերն էին, իսկ ծառերի բների կտորները հավանաբար արդեն հեռացվել էին տարածքից:
Տարածքը հիմնականում ցանցապատված է: Այն ներառում է նաև շինությունից փոքր-ինչ հեռու գտնվող ծառերը: Այստեղ, բնակիչների խոսքով, տարիներ առաջ այգի է եղել: Հենց այս տարածքում էլ, ըստ նրանց, վերջին մի քանի շաբաթների ընթացքում մեծաքանակ ծառեր են կտրվել: Մի մասն էլ այժմ համարակալված են:
Ցանկապատված տարածքի պատասխանատու ներկայացած անձը, որը չցանկացավ հայտնել անունը, ասաց, որ ոչ թե ամբողջական ծառեր են հատել, այլ կտրել են ընկած մեկ և նախկինում կտրված մի քանի ծառերի բները: Մնացածը, այդ թվում՝ մի կողմում շարված ճյուղերը, նրա խոսքով՝ «թփուտներ» են եղել, որոնք խանգարում էին շինությանը:
Շինության սեփականատիրոջը ներկայացնող անձը նշեց նաև, որ առաջիկա օրերին քաղաքապետարանի աշխատակիցները էտելու են շենքին մոտ գտնվող մի քանի այլ ծառեր, ինչպես նաև հատելու են անկման վտանգ ունեցող մյուս ծառերը: Իսկ հարցին, թե ինչու այսօրվա հատումը քաղաքապետարանի ներկայացուցիչները չեն իրականացրել, եթե ծառերն իսկապես ենթակա էին հատման, նա չկարողացավ պատասխանել:
Նշենք, որ այս տարվա մայիսին քաղաքապետարանի բնապահպանության վարչության հաշվառած խորը էտի կամ հատման ենթակա ծառերի հասցեների ցանկում «Մազմանյան 1»-ը նշված չէ: Առաջիկայում կներկայացնենք քաղաքապետարանի պարզաբանումը և կփորձենք պարզել, թե ում սեփականությանն էին «վնասում» հատված ծառերը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել