HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանձնարարել է պատասխանատվության ենթարկել տպարանի շենքի պայթեցման գործում բացթողումներ թույլ տված պատասխանատուներին

Վարչապետ Կարեն Կարապետյանի հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին Առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների հետ կապված հարցին: 
Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքը, վարչապետը նշել է, որ շենքի պայթեցումը օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի բնակչության շրջանում և ավելացրել.

 «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին և ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»:

Վարչապետին զեկուցվել է, որ Առաջին տպարանի շենքի սեփականատեր «Աստորիա-ինվեստ» ՓԲԸ-ն Երևանի քաղաքապետարանից 2016 թվականի հուլիսին ստացել է նախագծման թույլտվություն՝ այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Մինչ շինարարության թույլտվություն ստանալը, «Աստորիա-ինվեստ»-ը քաղաքապետարանից ստացել է այդ տարածքի «Բ» մասնաշենքի քանդման թույլտվություն, որն իրականացրել է պայթեցնելու եղանակով: Պայթեցման աշխատանքների վերաբերյալ շինարարական կազմակերպությունը սահմանված կարգով համապատասխան մարմիններին չի տեղեկացրել: Միաժամանակ, համաձայն «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին» կառավարության 291-Ն որոշման 94-րդ կետի՝ «յուրաքանչյուր օբյեկտում պայթեցման աշխատանքների կատարման համար պետք է կազմվի անձնագիր` համաձայն N 9 ձևի»: Այսինքն՝ կազմակերպությունները պարտավոր են տեղեկացնել ԱԻ նախարարությանը, թե օրինակ՝ մարդկանց անվտանգության ապահովման համար ինչպիսի միջոցառումներ են իրականացնելու, որոնք և պետք է հսկվեն և օժանդակվեն նախարարության կողմից: Շինարարական կազմակերպության կողմից այս պայմանը չի ապահովվել:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ: 

«Առաջինը՝ շինարարը կամ սեփականատերը պետք է տեղեկացներ համայնքի համապատասխան ատյաններին, որ շենքն ապամոնտաժելու են ոչ թե այս կամ այն եղանակով, այլ՝ պայթեցման: Այդ իսկ պատճառով, պետք է հասկանալ, թե ինչ պատիժ է հասնում սեփականատիրոջը կամ շինարարին և նրա նկատմամբ կիրառել առավելագույն պատիժը: Երկրորդ՝ լիցենզավորված կառույցը, որը պայթեցրել է շենքը, պետք է իր լիցենզիային համապատասխան պաշտոնապես տեղեկացներ բնակչությանը: Չի տեղեկացրել, ուստի նրա նկատմամբ ևս պետք է կիրառել առավելագույն պատիժ»,- ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին՝ պատասխանատվության ենթարկել նաև նախարարության համապատասխան ծառայության ղեկավարին՝ աշխատանքներում թերացումներ թույլ տալու համար: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ նման դեպքերը պետք է այսուհետ ի սպառ բացառել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter