HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲՃ-ն կասկածի տակ է դնում Ամուլսարի վերաբերյալ քննարկման մոտիվացիան

Այս պահին Բնապահպանության նախարարարին կից հասարակական խորհրդի նիստ է ընթանում, որի օրակարգի չորս հարցերից մեկը վերաբերում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման համալիրի փոփոխված նախագծի համար տրված բնապահպանական փորձաքննության եզրակացությանը։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը տվյալ խորհրդի անդամ չէ, սակայն ստացել է մասնակցության հրավեր եւ որոշել է չմասնակցել։ Դրդապատճառները ՀԲՃ-ն ներկայացրել է բաց հաղորդագրության մեջ:

«Մենք ունեինք որոշակի հարցեր այս քննարկման հետ կապված, որոնք ուղղել էինք նախարարությանը։ Դրանց արդյունքում պարզվեց, որ քննարկումը փակ է լրատվամիջոցների համար, իսկ մասնակիցները տեսանկարելու իրավունք չունեն։ Քննարկմանը կարող են ներկա գտնվել միայն խորհրդի անդամներն ու նախարարության կողմից հրավիրվածները։ Բացի այդ, այս կարևոր հարցին տրամադրված է ընդամենը 1 ժամ, ինչը բնականաբար չի կարող բավարար լինել այս հարցը բազմակողմանի ներկայացնելու ու վերլուծելու համար։

Հարց է առաջանում, թե այս ամենի նպատակը թափանցիկ, հիմնավորված, բազմակողմանի քննարկում անցկացնելն ու արդյունք ունենա՞լն է, թե՞ հանրային քննարկման իմիտացիա ստեղծելը։

Իրական արդյունք ունենալու համար պետք է կազմակերպվի առանձին հանդիպում միայն Ամուլսարի թեմայով՝ 2,5-3 ժամ տևողությամբ ու ավելի մեծ շրջանակով։ Այն պետք է բաց լինի բոլոր այն մասնագետների, բնապահպանների, լրագրողների համար, ովքեր նախապես ցանկություն կհայտնեն մասնակցել դրան։ Բացի այդ, պետք է լինի քննարկման օրակարգ, անցկացման հստակ ընթացակարգ և որոշումներ կայացնելու իրական մեխանիզմ, որպեսզի յուրաքանչյուր մասնակից հասկանա իր անելիքներն ու ակնկալիքները։

Եթե քննարկումը ոչ մի իրավական հետևանք չի ենթադրում, ոչ մի ազդեցություն չի ունենում որոշում կայացնելու փուլում, ապա վերածվում է ընդամենը հանրային քննարկման իմիտացիայի։

Բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ է նաև Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մտադրություն ունեցող Լիդիան Արմենիա ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը, ինչը մտահոգություն է առաջացնում մասնավորապես բնապահպանական որոշումներում հանքարդյունաբերության շահերը պաշտպանող կողմի ունեցած ազդեցության առումով»,-նշված է ՀԲՃ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter