HY RU EN

Գագիկ Աղբալյան

«Գազպրոմ Արմենիա»-ն գազի սակագների վերանայման հայտով կդիմի ՀԾԿՀ

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։

Այս մասին նշված է ընկերության կայքում:

Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը ներկայումս 146 հազար 700 դրամ է` ներառյալ ավելացված արժեքի հարկը: «Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստվում է այս խմբի համար առաջարկել 139 հազար դրամ սակագին՝ ներառյալ ԱԱՀ-ն:

Ամսական 10 հազար խմ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրանչյուր 1000 խմ բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը ներկայումս հետեւյալն է՝ P=257.56*E, որտեղ` P-ն 10 հազար խմ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է, E—ն՝ յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Կենտրոնական բանկի կողմից հրապարակված 1ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունը: Առաջարկվող սակագնով՝ P-ն հավասար է 242.1 դրամի:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ՝ նոր սպառողական խմբեր կձեւավորվեն: Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցողների համար, տարեկան մինչև 600 խմ բնական գազի դիմաց՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը կկազմի 100 հազար դրամ:

Ջերմոցային տնտեսություններին (նոր սպառողական խումբ) նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը կլինի հետեւյալը. Pջ = 212 * E, որտեղ Pջ—ը ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ E-ն՝ յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Կենտրոնական բանկի կողմից հրապարակված 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունը։

Վերամշակող կազմակերպություններին նույնպես, բնական գազը կվաճառվի առանձին հաշվարկով: Վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը հետեւյալն է. Pվ = 212*E, որտեղ` Pվ—ն վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր):

Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում բնական գազի սպառման ծավալների աճի խթանման և գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնման խրախուսման նպատակով՝ ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող բոլոր սպառողներին՝ բացառությամբ ԱԳԼՃԿ-ների, ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների և ջերմակայանների կողմից ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով սպառվող բնական գազի, սակագնի հայտին կից ներկայացվող տեղեկանքում բերված սպառման ծավալներից ավել սպառված յուրաքանչյուր 1000 խմ գազի գինը կհաշվարկվի 212 * E բանաձևով:

Նոր ստեղծվող գազասպառող ձեռնարկությունների համար, որոնց ամսական սպառումը կկազմի 10 հազար խորանարդ մետր և ավելի, գազամատակարարման պայմանները և սակագների մեծությունները կորոշվեն լրացուցիչ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և ՀԾԿՀ համատեղ քննարկումների արդյունքում: