HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը մերժեց Սաչկովին գրավով ազատ արձակելու ՌԴ դեսպանի երաշխավորությունը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, այսօր ի վերջո անդրադարձավ «ԱրմենՏել»-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սաչկովի կալանքը մեկ այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությանը:

Հիշեցնենք` Սաչկովի փաստաբան Նարինե Ռշտունին միջնորդությանը կցել էր ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի գրավոր երաշխավորությունը, որտեղ նշվում է, որ դեսպանատունը, որպես կազմակերպություն, պատրաստ է 1 մլն դրամ գումար վճարել պետբյուջե, որպեսզի գրավով փոխարինվի Վլադիմիր Սաչկովի խափանման միջոցը: Դեսպանը նաև երաշխավորել էր Վլադիմիր Սաչկովի պատշաճ վարքագիծը դատաքննության ողջ ընթացքում: 

Մեղադրող Հայկ Հակոբյանը նշեց, որ այն մտահոգություն է առաջացնում և ենթակա է մերժման, քանի որ դեսպանությունը քաղաքական կազմակերպություն է: Ավելին, գրավի համար նշված գումարը սիմվոլիկ 1 մլն դրամ է, մինչդեռ գործով «ԱրմենՏել» ընկերությանը պատճառված վնասը մոտ 6 մլն դոլար է, գումարած` պետությանը` հարկերի և տուրքերի տեսքով չվճարված գումարները: «Ընդհանուր առմամբ, հանցագործությամբ պատճառված վնասն աննախադեպ չափերի է»,- հիմնավորեց մեղադրող Հակոբյանը:

Բացի դրանից, մեղադրողի խոսքով, գտնվելով ազատության մեջ Վլադիմիր Սաչկովը կարող է խուսափել դատից, հետագայում նաև պատիժը կրելուց, խոչընդոտել դատաքննության ընթացքին` անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով, ուստի` խափանման միջոցն այս պահին ենթակա է պահպանման:  

«ԱրմենՏել»-ի ներկայացուցիչ Հակոբ Գրիգորյանն այս միջնորդության առնչությամբ նշեց, որ տուժող կողմի համար որևէ նշանակություն չունի` կփոխվի ամբաստանյալի խափանման միջոցը, թե ոչ, և Հ. Գրիգորյանը դա դատարանի հայեցությանը թողեց:

Պաշտպան Նարինե Ռշտունին պարզաբանեց, որ օրենսգիրքը չի տարանջատում կազմակերպությունների ձևերը, որոնք իրավունք ունեն հանդես գալու նման երաշխավորությամբ: «Լինելով քաղաքական կազմակերպություն և պետության ներկայացուցիչ` այդ կազմակերպությունը պետք է որ ավելի շատ ծանր կշիռ ունենա տվյալ պարագայում: Եթե այդ կարգի կազմակերպություն է հանդես գալիս նման երաշխավորությամբ, երևի թե հազար ու մեկ անգամ չափել և ձևել է, և իրենք իրենց խոսքով և գործով պատրաստ են երաշխավոր լինել, որպեսզի ամբաստանյալը չբացակայի հանրապետությունից և մասնակցի դատական նիստերին, առավել ևս, որ դա նաև իրենց պատվի հարցն է»,- ասաց փաստաբանը:

Նարինե Ռշտունին նկատեց, որ գրավի չափը, իր կարծիքով, ճիշտ չէ համեմատել պատճառված վնասի չափի հետ, առավել ևս, որ գումարը սահմանել է օրենսդիրը: Պաշտպանը հիշեցրեց, որ իր նախորդ միջնորդություններում իրենք առաջարկել էին մինչև 5 մլն դրամ գրավի դիմաց փոփոխել ամբաստանյալի խափանման միջոցը:

«Վստահություն վայելող որևէ այլ կազմակերպություն դժվար էլ կարողանանք գտնել, քան ՌԴ դեսպանությունն է Հայաստանում»,- հավելեց Սաչկովի մյուս պաշտպանը` Արմեն Բաղդասարյանը:

Արմեն Բեկթաշյան, մեկ ժամ ընդմիջելուց հետո, Վլադիմիր Սաչկովի կալանքը մեկ այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը մերժեց:

Վլադիմիր Սաչկովը մեկ այլ միջնորդություն էր ներկայացրել դատարանին: Վաղեմության ժամկետի (կալանքից հետո երկու տարի) ավարտի կապակցությամբ ՔՕ 252-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով (Համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Դատարանը հարցրեց, թե տեղյակ է արդյոք Սաչկովը, որ այդ դեպքում արդարացման հիմքով չի դադարեցվում այդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդումը և գործելու է վաղեմության ժամկետը: Սաչկովը հաստատեց, որ տեղյակ է:

Դատախազ Հայկ Հակոբյանը նշեց, որ ստուգելով Սաչկովի փաստացի արգելանքի տակ վերցնելու օրը, իսկապես ՔՕ 252-րդ հոդվածի մասով առկա են վաղեմության ժամկետով հետապնդումը դադարեցնելու մասին հիմքերը:

Դատավոր Բեկթաշյանը հետաձգեց այս միջնորդության քննությունը` հարցում անելու և նրա կալանքի տակ վերցնելու ժամկետները ճշտելու նպատակով:

Այսօրվան նիստին նույնպես վկաներին բերման ենթարկել չէր հաջողվել: Դատարանը որոշեց, որ ևս մեկ անգամ կփորձի վերջնական պատասխաններ ստանալ իրավապահներից վկաների գտնվելու վայրի և նրանց բերման չենթարկելու հիմքերի մասին, որից հետո այդ վկաների վերաբերյալ որոշում կկայացնի:

Սաչկովի մասով դատաքննությունը կշարունակվի նոյեմբերի 9-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter