HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Քաղաքապետարան. Մաշտոցի 51 հասցեում հատված ծառը եղել է «լիովին չոր վիճակում»

Երևանի Մաշտոցի 49-51 շենքերի դիմաց հոկտեմբերի 21-ին հատված ծառը եղել է «լիովին չոր վիճակում»: Նման պատասխան է տվել Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը «Հետք»-ի հարցմանը` թե արդյոք ծառը ենթակա էր հատման:

Հիշեցնենք, որ պողոտայում հատված ծառի լուսանկարները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել էր Երևանի բնակչուհի Արմինե Պետրոսյանը: Նա դիմել էր քաղաքապետին` ցանկանալով իմանալ նաև, թե արդյոք ծառը ենթակա է եղել հատման:

«Նշված ծառատեսակն ընդգրկված է եղել Կենտրոն վարչական շրջանի 13.05.2016թ. հ. 23/16-28498 գրությամբ ներկայացված չոր ծառերի գույքագրված ցանկում»,- պատասխանել է քաղաքապետարանը` կցելով «Կենտրոն» վարչական շրջանի վթարային ծառերի մի ցանկ (նկ.1): Մաշտոցի պողոտայում, ըստ քաղաքապետարանի, գույքագրվել է 6 չոր ծառ: Մինչդեռ քաղաքապետարանի նույն վարչության` մայիսին «Հետք»-ին տրամադրած ցանկում (նկ.2) նշված են պողոտայում հատման կամ խորը էտի ենթակա ծառերի առանձին հասցեները, և «Մաշտոցի 51»-ը դրանում ներառված չէ:

նկ.1 նկ.2

Քաղաքապետարանը նաև կցել է քաղաքացի Հասմիկ Մարկոսյանի դիմումը` Մաշտոցի 49 հասցեում եղած 3 ծառերի չորացած լինելու և վտանգ ներկայացնելու մասին: Ի պատասխան այս դիմումի` քաղաքապետարանը որոշել է իրականացնել «2 ամբողջովին չոր ծառերի հատման և 1 բարդի ծառատեսակի երիտասարդացման աշխատանքները»: «Ծառահատումը կատարվել է համապատասխան թույլտվությամբ՝ «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության ուժերով»,- գրված է քաղաքապետարանի պատասխանում:

Հիշեցնենք, որ բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկացրել էին, որ ինչպես Կենտրոն, այնպես էլ շատ այլ վարչական շրջաններում շրջայցեր չեն կատարվել` հատման և խորը էտի ենթակա ծառերի վիճակին ծանոթանալու համար: Սրա վերաբերյալ քաղաքապետարանը նշել է, որ ուսումնասիրություն է կատարվել Աջափնյակ վարչական շրջանի «մի շարք ընտրովի հասցեներում», որտեղ գույքագրված ծառերի վիճակը համապատասխանել է ներկայացված ցանկին:

«Համոզվելով, որ տվյալները ճիշտ են՝ բնապահպաններն առաջարկել են իրականացնել ծրագիրը Երևան քաղաքում»,- նշված է քաղաքապետարանի տեքստում:

լուսանկարը` Արմինե Պետրոսյանի

Մեկնաբանություններ (1)

Արմինե
Հարգելի' «Հետք», շնորհակալություն հարցը հետողականորեն արծարծելու համար: Սակայն իմ նամակում ես քաղաքապետին 4 հարց էի ուղղել` • արդյո՞ք քաղաքի հարստությունը կազմող բազմամյա ծառը հատելու ենթակա է եղել, • ինչու՞ է էտն ընթացել` խախտելով բնակիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը, • եթե շենքի բնակիչներից որևէ մեկն առողջական խնդիր ունենար, և հարկ լիներ շտապ օգնության մեքենա կանչել, դարձյա՞լ քաղաքապետարանի աշխատակիցը դիտորդի կեցածք պիտի ընդուներ ու սպասեր, որ ոչ պաշտոնական անձը գլխացավանքից ազատի ու բարենպաստ ելք ապահովի իր համար, • արդյոք շենքի բնակիչներն իրավունք ունե՞ն վճարելու և իրենց մակարդակի ու ճաշակի համապատասխան ղեկավարելու էտի պրոցեսը: Ըստ էության, քաղաքապետարանի աշատակիցը պատասխանել է դրանցից միայն մեկին` առաջինին: Ինչպես նաև անուղղակիորեն հայտնել է, որ քաղաքապետարանի էտող խումբը բազմաբնակարան շենքի դիմացի երթևեկելի ճանապարհը օրը ցերեկով փակել է Հասմիկ Մարկոսյանի ակտիվ մասնակցությամբ ու հրահանգներով. https://www.facebook.com/armine.petrosyan.908/media_set?set=a.10154078218496482.1073741882.723461481&type=3&pnref=story&hc_location=ufi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter