
Վերահսկիչ պալատը բացահայտում է, իսկ Բագրատ Ենգիբարյանը՝ հերքում
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լիազորել է իր երկու աշխատակիցներին, որպեսզի վերջիններս հենց իր՝ քաղաքացի Բագրատ Ենգիբարյանի հետ Հիմնադրամի անունից կնքեն փոխառության պայմանագրեր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 37 մլն դրամ: Այս բացահայտումն արել է ՀՀ վերահսկիչ պալատը, ինչի հետ համաձայն չէ Բագրատ Ենգիբարյանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու նախապայմաններ ստեղծելու, ինչպես նաև Համաշխարհային բանկի կողմից տրամադրված «Ձեռնարկությունների ինկուբատոր» վարկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով 2001թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: Վերջինիս հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս ՀՀ կառավարության:
Վերահսկիչ պալատը պարզել է, որ 2014թ. սեպտեմբերի 1-ին կնքված փոխառության պայմանագրով Հիմնադրամը 0% տոկոսադրույքով 9 միլիոն դրամ փոխառություն է տրամադրել քաղաքացի Բագրատ Ենգիբարյանին՝ մինչև 2014թ. դեկտեմբերի 27-ը մարման ժամկետով: Այնուհետ, նախ՝ 2014թ. դեկտեմբերի 25-ին, ապա 2015թ. մայիսի 21-ին փոխառության պայմանագրում կատարվել են փոփոխություններ և պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը: Միաժամանակ անփոփոխ է մնացել փոխառու գումարի տրամադրման պայմանը՝ 0% տոկոսադրույքը: Նշված 9 միլիոն դրամը հետագայում մարվել է երկու փուլով:
Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններով պարզվել է, որ ավելի վաղ նույնպես փոխառու միջոցներ են տրամադրվել Բագրատ Ենգիբարյանին: 2012թ. մարտի 14-ի կնքված փոխառության պայմանագրով 1 տարի ժամկետով տրամադրվել է 8 մլն դրամ՝ 4% տոկոսադրույքով, իսկ 2013թ. մարտի 12-ին կատարված փոփոխությամբ մարման ժամկետը երկարաձգվել է մինչև տարեվերջ:
Փոխառության տրամադրման հաջորդ պայմանագիրը կնքվել է նույն տարվա մայիսի 17-ին և նույն օրը վճարման հանձնարարագրով Բագրատ Ենգիբարյանի բանկային հաշվարկային հաշվին է փոխանցվել պայմանագրով նախատեսված 20 մլն դրամը: Այս դեպքում նույնպես մարման ժամկետը սահմանվել է 1 տարի, որը 2013թ. մայիսի 15-ին կնքած համաձայնագրով երկարաձգվել է մինչև տարեվերջ: Բագրատ Ենգիբարյանը Հիմանդրամի ստեղծման պահից առայսօր Հիմնադրամի տնօրենն է: Փաստացի փոխառության պայմանագրերը ստորագրվել են իր կողմից լիազորված անձանց միջոցով՝ իր հետ: Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ փոխառության պայմանագրերի կնքման ժամանակ Հիմնադրամի անունից հանդես են եկել տնօրեն Բագրատ Ենգիբարյանի կողմից լիազորված երկու անձինք:
«Խախտվել է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջը այն մասին, որ հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների: Փոխառությունների տրամադրումը որպես գործառույթ հակասում է նաև ֆինանսական միջոցները նպատակային և արդյունավետ ծախսելու սկզբունքին: Խախտվել է Կանոնադրության 5.5-րդ կետի պահանջը, այն է՝ Հիմնադրամի ֆինանսական միջոցները պետք է օգտագործվեն բացառապես Հիմնադրամի կանոնադրական նպատակներին համապատասխան: Փաստացի, պաշտոնատար անձի կողմից իրականացվել են գործառույթներ, որոնցում անձնական շահագրգռվածությունն ակնհայտ է»,-նշված է Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ:
Բագրատ Ենգիբարյանը մասնագիտական անգրագիտություն որակեց Վերահսկիչ պալատի հրապարակումը: «Հետքի» հետ զրույցում Ենգիբարյանն ասաց, որ իրենք ոչ թե աշխատակիցների աշխատավարձերն են բարձրացնում, այլ փոխառություններ են տալիս վերջիններիս՝ իրենց կարիքները հոգալու համար:
«Հիմնադրամը բազմաթիվ ծառայություններ է մատուցում, դասընթացներ է իրականացնում, խորհրդատվություններ է մատուցում, այդ թվում՝ արտասահմանյան կազմակերպություններին և դրանցից գոյանում է եկամուտ»,-ասում է Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքերով՝ իրենց հիմնադրամը այնպիսի հիմնադրամ չէ, որ միայն պահպանման ծախսեր է ստանում այս կամ այն աշխատանքն իրականացնելու համար: Ունեն ծրագրեր, որոնք պետական են, կան մասնավոր ծրագրեր, կան նաև այնպիսի ծրագրեր, որ իրականացվում են արտասահմանյան կառավարությունների համար:
Բագրատ Ենգիբարյանն ասում է, որ իրեն տրված 37 մլն դրամը բացառապես այդ ծրագրերից ստացված եկամուտից է հատկացվել: «Եկամուտներն ու հիմնադրամի միջոցները տարբեր բաներ են»,-նշում է Ենգիբարյանը և հավելում, որ պետական ցանկացած միջոց կոպեկ-կոպեկ է տրվում և հսկողությունն էլ մեծ է և նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ այդ ծրագրերից փոխառություն ձևակերպել: Նա ասում է, որ Վերահսկիչ պալատը հաշվի չի առել իրենց առարկությունները և նման հրապարակումով է հանդես եկել: Բագրատ Ենգիբարյանը նաև համաձայն չէ, որ իրականացվել են գործառույթներ, որոնցում անձնական շահագրգռվածությունն ակնհայտ է:
«Եթե դուք ձեզ աշխատավարձ եք տալիս, դա ի շահ ձե՞զ է »,-ասում է Ենգիբարյանը և նշում, որ ամեն ինչ կանոնակարգված է օրենքով, որևէ հակաօրինական գործունեություն չի ծավալվել:
Նշենք, որ վերահսկիչ պալատը Հիմնադրամի վերաբերյալ այլ բացահայտումներ ևս իրականացրել է և առաջարկել է պետության ընձեռած հնարավորությունների արդյունքում ձևավորվող և Հիմնադրամի կողմից տնօրինվող եկամուտներն ուղղել բացառապես կանոնադրական նպատակների իրականացմանը:
Բագրատ Ենգիբարյանն ասում է, որ իրենց առարկությունները ներկայացրել են կառավարություն, ուստի քննարկումներ են սպասվում:
Լուսանկարը՝ «Արմենպրեսի»
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել