
Գյումրու քաղաքապետարանից վստահեցնում են՝ լիարժեք պատրաստ են ձյան մաքրման աշխատանքներին
Առաջին ձյան հետ սովորաբար գլուխ են բարձրացնում նաեւ Գյումրու փողոցների մաքրման եւ ձնահեռացման աշխատանքների հետ կապված խնդիրները: Ինտենսիվ տեղումների եւ ձնածածկույթի ձեւավորման շրջանում ավազով ու աղով մշակման աշխատանքների դանդաղումը շատ դեպքերում բերում է մայթերի ու փողոցների սառցակալման:
«Եթե բոլորի համար սկսվեցին «սեւ օրերը», ապա քաղաքապետարանի կոմունալ բաժնի համար «սպիտակ օրերի» մեկնարկն արդեն տրվել է»,-կատակով նկատում է Գյումրու քաղաքապետարնի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը՝ վստահեցնելով, որ դեռ սեպտեմբեր ամսից են իրենք պատրաստվել, կուտակելով անհրաժեշտ քանակության աղ ու ավազ:
Ներկրված 800 խմ ավազը եւ 30 տոննա աղը Կնյազ Մանասյանը բավարար է համարում ձմռան ողջ ընթացքում կոմունալ բաժնի աշխատանքները պատշաճ իրականացնելու համար: Անցած տարի օգտագործել են 670 խմ ավազ եւ մինչեւ 25 տոննա աղ: «Ընդհանուր առմամբ այս ձմռանը մաքրման, ձյան հեռացման համար պատրաստել ենք 24 միավոր տեխնիկա, որը կօգտագործենք ըստ անհրաժեշտության՝ կախված ձյան շերտի հաստությունից: Համապատասխան բանվորական ուժն եւս կա՝ աշխատողների թվաքանակի կրճատում չի լինելու, ինչպես որ նախորդ տարիներին արել են ամառային սեզոնն ավարտվելուց հետո: Փորձելու ենք ավելի շատ մարդկանց ներգրավել փողոցների մայթերի մաքրման աշխատանքներում,-նկատում է Կնյազ Մանասյանը,-ինչպես գիտեք՝ այս տարի հիմնանորոգված նոր փողոցներ են հանձնվել շահագործման՝ աշխատանքի ծավալն ավելացել է»:
Ձմռան նախապատրաստական աշխատանքների համար ծախսվել է մոտ 3 մլն դրամ: Այս տարի Գյումրիում շահագործման հանձնված մասնակի եւ ամբողջովին հիմնանորոգված 12 փողոցներն եւս ընդգրկվելու են մաքրվող տարածքների ցանկում: Պատասխանատուի փոխանցմամբ իրենք դժվարանում են աշխատանքներ իրականացնել փոսառատ եւ շարքից դուրս եկած փողոցներում՝ տեխնիկան կարող է աշխատել ասֆալտապատ, քարապատ եւ խճապատ փողոցներում, որոնք ապահովում են հարթ մակերես:
Լուսանկարները` Արսեն Միրզախանյանի
Մեկնաբանել