HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Ժամանակն է վերջ տալ լրագրողների նկատմամբ վայրագություններին»

Միավորված ազգերի կազմակերպության հիշարժան օրերի ցանկում նոյեմբերի երկուսը նշվում է որպես լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օր։ Օրվան ընդառաջ՝ ոլորտի մասնագետները քննարկում են Հայաստանում վերջին տարիներին լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը։

Մասնավորապես՝ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով վերջին երկու տարիներին լրագրողների նկատմամբ կիրառված բռնության ու աշխատանքային գործունեության խոչընդոտման դեպքերին, ասում  է՝ իսկապես ժամանակն է վերջ տալ այն վայրագություններին, որոնք իրականացվում են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ։

Մելիքյանը 2015-ի հունիսի 23-ին («Էլեկտրիկ Երևան») տեղի ունեցած դեպքերը գնահատում է «աննախադեպ», որի ժամանակ կոտրվեցին տեսախցիկներ, ջնջվեցին հիշողության քարտերի նկարահանված պարունակությունը, սակայն ինչ տեղի ունեցավ այս տարվա հուլիսին՝ Սարի թաղում, ևս աննախադեպ է համարում այն առումով, որ այդ օրը և՛ բռնությունների թիվն ավելացավ, և՛ լրագրողների նկատմամբ  հատուկ միջոցներ կիրառվեցին։ ԽԱՊԿ նախագահը այս ամենը աբսուրդի թատրոն է անվանում:

«Այդ ձևական մոտեցումը, կոծկելու միտումը, քավության նոխազ գտնելը, դա է ձեռագիրը, և իսկապես պետք է վերջ տալ այս անպատժելիության մթնոլորտին, և ի վերջո պետք է արդյունավետ գործողություններ ձեռնարկել, ոչ թե ներողություն խնդրել և հորդորել այդ դեպքերը մոռանալ»,-նշում է Մելիքյանը։

Դիտարկելով նախորդ երկու-երեք տարիների ներքաղաքական զարգացումները, քաղաքացիական ազատության դրսևորումները և քաղաքական իրավունքները իրացնելիս դրանք ճնշելու դեպքերը՝ ասում է՝ այդ ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում էապես խորացել է ավտորիտարիզմը։ Այս համատեքստում Բարսեղյանը լրագրողների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները բնական է համարում։

Վերջին տարիներին լրագրողների նկատմամբ կիրառված հանվագործությունների աննախադեպությունը համարում է այն հանգամանքում, որ նախկինում այդ ծավալի և զանգվածայնության հարձակումներ չեն եղել։

Նրա վերհիշումով՝ վերջին տասնվեց տարիների ընթացքում Հայաստանում լրագրողների նկատմամբ 200 հարձակում և հանցագործություն է եղել, որոնցից միայն չորսի դեպքով է պատշաճ հետաքննություն կայացել, դրանք էլ, իր խոսքով՝  այնքան ակնհայտ դեպքեր են եղել, որ կոծկելը անհնարին էր։

«22 ավտոմեքենա է հրկիզվել և ոչնչացվել։ Սակայն այդ գործերը չեն բացահայտվել։ Ոստիկանությունը ունեցել է և ունի բացահայտման բոլոր միջոցները և բյուջետային խնդիրների առաջ երբեք չի եղել, ինչ կարիք ունեցել, ստացել է պետությունից։ Ոստիկանությունը ոչ միայն չի բացահայտում, իր պարտականությունը չի կատարում, այլև ինքն է ներգրավվում լրագրողների և լրագրողական ոլորտի աշխատողների նկատմամբ հարձակումների մեջ՝ անպատիժ կամ գրեթե անպատիժ կերպով»,-հավելում է նա։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը որպես օրինակ քաղաքակիրթ երկրների փորձն է մեջբերում, նշելով, որ այդ երկրների  իշխանությունները հասել են այն գիտակցությանը, որ ոչ թե պետք է որևէ դեպք կոծկել, այլ այն չպետք է անել։ Սակայն կարծում է՝ մեզ մոտ դրա հակառակ միտումն է նկատվում, մասնավորապես՝ ոչ թե պետք է չանել, այլ պետք է կոծկել։ Նման իրավիճակին, ըստ Իշխանյանի, դիմադրում են լրագրողները։

Ասում է, եթե իշխանությունների հոգեբանությունը չփոխվի, շարունակի գործել իշխելու և արվածը կոծկելու կերպով, անընդհատ լրագրողների նկատմամբ կիրառվելու են  նման զանգվածային, աննախադեպ ծեծեր ու ոճիրներ։

Իսկ Սարի թաղի բախումներից հետո նախագահ Սարգսյանի՝ լրագրողներին ուղղված ներողության և պատահարը մոռանալու հայտարարությունը, Իշխանյանը հավաստում է՝ հնչել է միջազգային հանրության համար, քանի որ Հայաստանը միջազգային հանրությունից մեկուսանալ չի կարող։

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter