HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դանիայի բարձրաստիճան պաշտոնյաներին

Նոյեմբերի 24-ին պաշտոնական այցով Դանիա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Կոպենհագենում հանդիպում ունեցավ Դանիայի արտգործնախարար Վիլլի Սյովնդալի հետ:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Վիլլի Սյովնդալը վստահություն հայտնեց, որ Հայաստանից առաջին քաղաքական երկկողմ բարձրաստիճան այցը Դանիա և դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր էջ կբացեն հայ-դանիական հարաբերություններում:

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Դանիայում ՀՀ դեսպանության հիմնումը վկայում է երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու, խորացնելու և ամրապնդելու Հայաստանի նպատակադրվածության մասին:

Երկուստեք կարևորվեց երկու երկրի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական փոխգործակցության խթանմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը:

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց 1988 թ. երկրաշարժի արդյունքների վերացմանը և Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի զարգացմանն ուղղված Դանիայի ցուցաբերած աջակցության համար:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Դանիայի ԱԳ նախարարը դրական գնահատեց այդ ուղղությամբ Հայաստանի կառավարության քայլերը:

Նույն օրն Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև Դանիայի խորհրդարան, ուր հանդիպում ունեցավ Ֆոլկեթինգեթի նախագահ Մոգենս Լյուքեթհոֆթի հետ:

Դանիայի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց Կոպենհագենում դեսպանություն հիմնելու Հայաստանի կառավարության որոշումը՝ նշելով, որ այն նոր հեռանկարներ կբացի հայ-դանիական հարաբերությունների զարգացման համար:

Դանիայի խորհրդարանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին երկկողմ հարաբերությունների ամրապնդման, միջխորհրդարանական համագործակցության ձևավորմանն առնչվող մի շարք հարցեր:

Մոգենս Լյուքեթհոֆթի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Կոպենհագենում նախարար Նալբանդյանը հանդիպեց Դանիայի ԱԳՆ տնտեսական և ռազմավարական հարցերով պետքարտուղար Լարս Թուզենին, ում հետ քննարկեց առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանի կոպենհագենյան այցի օրակարգում էր Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթը Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում:

Էդվարդ Նալբանդյանի ելույթին ներկա էին Դանիայի ԱԳՆ պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագետներ, լրագրողներ և փորձագետներ:

Ելույթից հետո, պատասխանելով հարցերին, Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ոչ բոլոր հարցերի շուրջ էր պայմանավորվածություն ձեռք բերվել: ԱԳ նախարարն ասաց. «Նման հայտարարություններն առնվազն տարակուսանք են առաջացնում. արդյո՞ք Թուրքիան բոլոր համաձայնագրերն է ստորագրում՝ առանց վերջնական համաձայնեցման, կամ ինչո՞ւ է ստորագրում, եթե համաձայն չէ համաձայնագրի բովանդակության հետ»:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց տվեց դանիական խոշորագույն «Politiken» օրաթերթին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter