65-ամյա խնամատար ծնողն ու խնամատար ընտանիքների հայաստանյան պատկերը
Խնամատար ընտանիքն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի դաստիարակության համար տեղավորման ձևերից մեկն է: Երեխային խնամատար ընտանիքում դաստիարակվելու նպատակով հանձնում են մինչև նրա չափահաս դառնալը։ Խնամատար ընտանիքների ինստիտուտը Հայաստանում կարգավորվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով։
ՀՀ ընտանեկան օրենսգիրքը խնամատար ծնողի պարտականություններն ու պահանջվող չափանիշները սահմանած կետեր ունի, որի համաձայն՝
Համաձայն օրենքի՝ խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է խնամատար ընտանիքին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, նպաստել երեխայի (երեխաների) կյանքի ու դաստիարակության համար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև վերահսկողություն իրականացնել խնամատար ծնողների վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ։
Օրենքը նաև հստակ սահմանում է խնամատար ընտանիքում դաստիարակության հանձնվող երեխայի ընտրության առանձնահատկությունները և նրա իրավունքները։ Ըստ այդ օրենքի՝
Խնամատար ընտանիքների հայաստանյան պատկերը 2008-2016 թվականներին
2006 թ․-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքվել է համաձայնագիր, որով 2007 թվ-ից ՀՀ-ում իրականացվել է խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման փորձնական ծրագիր, որի շրջանակներում Գավառի և Վանաձորի մանկատների առանց ծնողական խնամքի մնացած 18 երեխայի խնամքը և դաստիարակությունը հանձնվել է խնամատար ընտանիքների։
Կառավարությունը 2008 թվականի մայիսի 8-ին ընդունել է որոշում, որով առանց ծնողական խնամքի մնացած շուրջ 70 երեխաներ խնամք են ստացել խնամատար ընտանիքներում, որոնց մի մասը դուրս է գրվել ծրագրից՝ 18 տարեկանը լրանալուն պես կամ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորվելու պատճառով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցած տվյալներով՝ 2008 թվականից մինչ այժմ խնամատար ընտանիքներում խնամք է ստացել և շարունակում է ստանալ երկու հաշմանդամություն ունեցող երեխա։ Իսկ ներկայում խնամատար ընտանիքներում խնամք է ստանում 23 երեխա։
Դիտարկելով նախարարության փոխանցած տվյալները՝ կարելի է նկատել, որ 2008-2016-ի առաջին ինը ամիսներին ՀՀ-ում խնամատար ընտանիքների ամենամեծ թվաքանակը հաշվառվել է 2009-ին՝ կազմելով 26 խնամատար ընտանիք, իսկ 2014, 2015-ին գրացվել է խնամատար ընտանիքների թվաքանակի ամենացածր ցուցանիշը՝ նույնաբար հաշվառվելով 17 ընտանիք։ Այդ տարիներին գրանցված խնամատար ընտանիքների առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ գծապատկերում։
2008-ից խնամատար ընտանիքներում բնակվող երեխաների խնամքը իրականացվում է պետբյուջեի միջոցներով։
Խնամատար ընտանիքին, երեխային պահելու համար հատկացվող ամսական դրամական միջոցները մեկ երեխայի հաշվարկով կազմում է տվյալ տարվա պետբյուջեով մանկատներում մեկ երեխայի խնամքի համար նախատեսված գումարի չափով, իսկ երկու երեխայի համար՝ մեկ երեխայի համար հաշվարկած գումարի 150 տոկոսի, իսկ երեք և ավելի երեխաների համար՝ 200 տոկոսի չափով։
Մեկ երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներից մեկին տրամադրվում է օրենքով սահմանված վարձատրության նվազագույն ամսական աշխատավարձի չափով, երկու երեխայի համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի, երեք և ավելի երեխաների համար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 200 տոկոսի չափով։
Խնամատար ընտանքիների թվաքանակի նվազման հետ մեկտեղ նաև նվազել է պետական բյուջեից այդ համակարգին հատկացվող միջոցների ծավալները։ Մասնավորապես, եթե 2011-ին խնամատար 23 ընտանիքներին տարվա կտրվածքով, ընդհանուր առմամբ, հատկացվել է 26 մլն. դրամ, ապա 2015-ին 17 ընտանիքներին տրամադրվել է 23 մլն. դրամ։ 2011-2015 թվականներին պետական բյուջեի հատկացված միջոցների առավել մանրամասն տվյալները ամփոփված են գծապատկերում։
Նախարարության տվյալները փաստում են, որ որքան նվազել է խնամատար ընտանիքների թվաքանակը, այնքան ավելացել է այդ ընտանիքներին հատկացվող դրամական միջոցները։ Մասնավորապես, եթե 2011-ին միջինացված ամսական մեկ ընտանիքին հատկացվել է 94 հազ. դրամ, ապա 2016-ին այն կազմել է 131 հազ. դրամ։ Տարեկան խնամատար ընտանիքներին հատկացված միջինացված ամսական դրամական միջոցների ծավալներին կարող եք ծանոթանալ գծապատկերի միջոցով։
65-ամյա խնամատար ծնողը
«Աստված ինձ ինչքան առողջություն տա, պահելու եմ Ռոբերտին»,- ասում է 65 ամյա խնամատար ծնող Ֆենյա Սահակյանը: Ֆենյա Սահակյանն արդեն տասը տարի խնամում է Ռոբերտ Վերդյանին։ Ռոբերտը տասը տարեկան է, ունի հաշմանդամություն։ 2006-ին տկն․Ֆենյան որպես դայակ է սկսել խնամել Ռոբերտին, այնուհետ երեխայի մայրը կնոջը խնդրել է մեկ-երկու տարով «պահել» երեխային, որպեսզի մեկնի արտերկիր, աշխատի՝ երեխայի բուժման ծախսերը հոգալու համար։ Սակայն կինը լքել է երեխային՝ մինչ օրս թողնելով տկն․ Ֆենյայի խնամքին։ 2008-ից արդեն տկն. Ֆենյան որպես խնամատար ծնող է գրանցված և իր ընտանիքում դաստիարակում է Ռոբերտին։ Ռոբերտն այժմ սովորում է տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի 5-րդ դասարանում։
«Աստված ինձ ինչքան առողջություն տա, պահելու եմ Ռոբերտին։ Մտքովս չի էլ անցնում նրան մանկատուն հանձնել։ Տղաս էլ երբեք նրան չի թողնի, չի լքի, երբեք։ Նա էլ նույն բնավորության, նույն խղճի տեր մարդ է, կանի ամեն ինչ, որ Ռոբերտը նորմալ մարդ դառնա։ Ռոբերտը շատ է սիրում ռազմական գործը։ Քառօրյա պատերազմին որ անընդհատ լացում էի, ասում էր՝ տատի ջան, դու մի լացի, ես բանակ կգնամ, քեզ կպաշտպանեմ։ Բայց չգիտի, որ իրեն արգելված է բանակ գնալը»,-ասում է խնամատար ծնողը։
Ռոբերտը երկու քույր ունի, որոնցից մեկը բնակվում է Հայաստանում, մյուսը՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Սակայն, ըստ տկն. Ֆենյայի, նրանց հետ որևէ կապ չունի. չեն զանգահարում, այցելում տղային։ Քույրերից մեկն ասել է՝ չի կարող իր ընտանիքը թողնել և Ռոբերտին խնամել։ Ռոբերտը վիրավորված է քույրերից և մորից, երբևէ տկն. Ֆենիայում չի ասում՝ տար քույրերիս, մորս տեսնեմ. «Իրենք ինձ չեն հիշում, ես ինչու՞ իրենց հիշեմ»,-ասել է տղան։
Ֆենյա Սահակյանը չի ցանկանում, որ տղան չարությամբ «լցվի» իր իսկական ընտանիքի հանդեպ, այդ պատճառով բացատրել է, որ միգուցե մայրը խնդիրներ ունի, դրա համար չի կարողանում զանգահարել կամ այցելել նրան։
Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել