Ոստիկանության չորս աշխատակիցներն ընդունեցին իրենց մեղքը
Ամալյա Մարգարյան
«Ուտոպիանայի» և ACTV առցանց հեռուստաընկերության լրագրող Աշոտ Բոյաջյանը ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանից պահանջում է փոխհատուցել 5.480.000 ՀՀ դրամ, որից 2 մլն-ը՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Այս մասին այսօր հայտնեց լրագրողներն ընդդեմ ոստիկանության աշխատակիցների՝ Տաճատ Նորատունկյանի, Արթուր Այվազյանի, Կոստան Բուդաղյանի, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի գործով դատական նիստին:
Նիստի ընթացքում ամբաստանյալների ներկայացուցիչ Տիգրան Գալստյանը դատարանում հանդես եկավ միջնորդությամբ` դատական նիստը արագացված կարգով շարունակելու համար, քանի որ մեղադրյալ 4 ոստիկաններն ընդունում են իրենց մեղքը։
Դատական նիստին չէր ներկայացել տուժող Խ. Եսայանը և Արթուր Պապյանը: Վերջինս տեղեկացրել էր դատարանին իր բացակայության մասին՝ նշելով նաև, որ ինքը որևէ բողոք չունի ամբաստանյալների դեմ:
Դատախազ Վ. Մկրտչյանը նիստի ընթացքում ներկայացրեց մեղադրական եզրակացությունը: Ըստ որի՝ 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ընթացող «Էլեկտրիկ Երևան» ակցիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից խոչընդոտվել են լրագրողներ «Ֆոտոլուրի» թղթակից Հայկ Բադալյանի, «Արմենիա» հեռուստաընկերության, «Ուտոպիանայի» ACTV առցանց հեռուստաընկերության և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Խաչատուր Եսայանի, Աշոտ Բոյաջյանի և Արթուր Պապյանի մասնագիտական օրինական գործունեությունը, ինչպես նաև իրականացվել է ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացում:
Ներկայացված մեղադրանքի հետ ամբաստանյալները համաձայն էին, իսկ փոխգնդապետ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Դավիթ Փերիխանյանը, պատասխանելով դատավորի հարցին` արդյո՞ք համաձայն է առաջադրված մեղադրանիքի հետ և ընդունում է արագացված դատական կարգով անցկացնել քննությունը, պաստասխանեց. «Ճիշտ այդպես»:
Ամբաստանյալի պաշտպանը նշեց նաև, որ փորձաքննության 2 արդյունքեր կան, ըստ որի` պատճառված վնասի համար նշվում է մի դեպքում` 485 000 ՀՀ դրամ՝ ըստ մեղադրանքի, իսկ ապրանաքագիտական փորձաքննությամբ պարզվել է, որ ֆոտոխցիկի շուկայական գինը կազմում 870 000 ՀՀ դրամ. « Իմ պաշտպանյալը վճարել է 870 000 դրամ՝ որպես հաշտության ժեստ»:
Տուժողներից Հայկ Բադալյանը դատական նիստի ընթացքում ներկայացրեց, որ ինքը որևէ բողոք չունի, մեղադրանիքի հետ համաձայն է, բողոք չուներ նաև գործն արագացված դատական կարգով քննելու վերաբերյալ, իսկ Աշոտ Բոյաջյանը և նրա պաշտպանը դատարանում վիճարկեցին մեղադրանքը և գործի քննությունը արագացված կարգով անցացնելը:
«Դավիթ Փերիխանյանի դեմ առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չեմ, երկու մասով էլ, մեր կարծիքով արհեստականորեն մեղմացվել է մեղադրանքը և ամբողջապես փոխհատուցված չէ «Ուտոպիանա» հկ-ին պատճառված նյութական վնասը», - հայտնեց Ա. Բոյաջյանի փաստաբան Դ. Գյուրջյանը:
Ավելի մանրամասն և գրավոր ձևով դիրքորոշումը ներկայացնելու համար Դավիթ Գյուրջյանը դատարանից խնդրեց ժամանակ տրամադրե և դատական նիստը հետաձգել: Նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը չմերժեց, նշելով նաև որ դատական նիստին առաջին անգամ մասնակցող դատախազ Վ. Մրտչյանը այս կերպ հնարավորություն կստանա ամբողջությամբ ծանոթանալու գործի նյութերին:
Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 14-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել