HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 տարի՝ առանց մշտական տանիքի

Մանյա Անտոնյանն իր 14-ամյա տղայի հետ Լոռու մարզի Օձուն գյուղի մի տնակում է ապրում: Չնայած կաթացող տանիքին ու մշտական աշխատանք չունենալուն՝ իրեն բաժին ընկած բախտից չի դժգոհում: Վերջին 10 տարիներին Մանյան ու իր երկու երեխաները մշտական տանիք չեն ունեցել իրենց գլխավերևում: Ամուսնու մահից հետո Մանյան ստիպված է եղել լքել իրենց տունը, քանի որ այն կիսախարխուլ վիճակում է եղել: Ասում է՝ իրենց հեռանալուց հետո տանիքը փլվել է, իրերն էլ մնացել են փլատակների տակ:

‹‹Ես Դիլիջանից եմ, Օձունում ամուսնացա, բայց չզագսավորվեցինք, երեխեքիս հայրությունը ճանաչված չի, էնտեղ ոչ մի իրավունք չունենք մենք, օդում ապրում էինք էդ տան մեջ: Ամուսինս ծանր հիվանդ էր, արդեն 10 տարի է, ինչ մահացել է: Էդ տանը կապրեինք, կմնայինք՝ թեկուզ առանց գրանցման, բայց փլվեց, հնարավոր չէր էդտեղ ապրել››,- պատմում է Մանյա Անտոնյանը:

Ամուսնու մահից հետո Մանյան երկու երեխաների հետ գյուղի մի տնակ է տեղափոխվել, որտեղից, սակայն, մի քանի տարի անց ստիպված է եղել դուրս գալ՝ տնակի տիրոջ պահանջով: Հարևանուհու միջնորդությամբ Մանյան տղայի հետ տեղավորվել է մեկ այլ տնակում, որն ինքը տուն է անվանում. տուն կոչվելուց, սակայն, այս տնակը բավականին հեռու է:

Տնակում անձնական ոչ մի իր չունի 2 անդամից բաղկացած այս ընտանիքը, ամբողջը հարևանուհու տված իրերն են, որոնցով էլ Մանյան քիչ թե շատ տնային պայմաններ է ստեղծել իր տղայի համար: Մանյայի աղջիկն այժմ ամուսնացած է հարևան գյուղերից մեկում, ինքը տղայի հետ մենակ է ապրում:

‹‹Հենց ընենց դոմիկ ա եղել, արենդով հող ա էս հողը: Մենք էլ որ անտուն էինք, մեր հարևանուհին միջնորդեց, ասավ՝ գիտեմ, էս տանտերն ով ա, զանգ կտամ, կխոսամ, եթե հարմար ըլի՝ կմտնեք կապրեք մեջը: Էնա տանտերն էլ հարևանուհուս ասել էր թող ապրեն: Ու տենց էլ արդեն 3 տարի ա՝ ստեղ ապրում ենք››,- ասում է Մանյան:

Նախորդ երկու տարիներին անձրևին ու ձյանը տնակի տանիքը դիմացել է, այս տարի, սակայն, առաջին ձյան հետ սկսվել են տանիքից առաջին կաթոցները: Մանյայի տղան՝ դպրոցահասակ Արմեն Անտոնյանն ընկերների հետ առաջին ձյունը վայելելու փոխարեն մոր հետ կաթսաներ է տեղադրում կաթոցների տակ, փորձել է նաև տանիքի անցքերն ինչ-որ կերպ վերացնել կամ ծածկել, սակայն՝ անօգուտ: Անձրևն ու ձյունն անխնա ներս են թափվում:

‹‹Վատ չենք զգում մենք մեզ էստեղ, նեղվածք ա մի քիչ, բայց ոչինչ: Ոչ սովել ենք, ոչ մրսել ենք, ուղղակի էս կաթոցքն ա պրոբլեմը մեր մեծ: Չենք խղճանում, գործեր ենք անում ամենքի տանն էլ՝ ով ինչ գործ ա ունենում, մեզ ա ասում: Բացի էդ էլ՝ հանդի բարիքներից շատ եմ սիրում օգտվել, անտառից, ձորից ծնեփակ, սինդրիկ ենք բերում շատ, մոշ, մալինա, սեզոնային իրար հետևից գնում ա ամեն ինչ: Հետո կարտոֆիլ ենք հավաքում, ստեղ մալինա կար ցանած մասնավոր, բանվոր էինք գնում, մինչև էս վերջերս էլ գնացել ենք հավաքել՝ օրը 3000 դրամով››,- պատմում է Մանյան:

Մանյային առաջարկել են գյուղի դպրոցում որպես ռուսերենի ուսուցչուհի աշխատել, բայց հրաժարվել է, քանի որ աշխատավարձը չնչին էր, իսկ աշխատանքի անցնելու դեպքում ինքը կզրկվեր նաև ամսական 24000 դրամ նպաստից: Բացի այդ, ասում է, սիրում է հանդ գնալ, արդեն սովորել է այդ կյանքին: Մանյան երիտասարդ ժամանակ բարձրագույն կրթություն է ստացել որպես ինժեներ, 3-րդ կուրսում, սակայն, ստիպված է եղել թողնել ուսումը:

Հետո 10 տարի անընդմեջ աշխատել է Երևանի նախագծային ինստիտուտում որպես նախահաշվող:

Ասում է՝ ինքն իր ու իր երեխաների համար այսպիսի ապագա չէր երազել, բայց դժվարություններից էլ չի դժգոհում. երեխաներն էլ իր պես աշխատասեր են ու չեն նեղվում: Իր երեխաներին էլ Մանյան առանց ուսում չի ցանկացել թողնել և ամեն ինչ արել է, որ աղջիկը ուսում ստանա:

Մանյայի աղջիկը մասնագիտությամբ մենեջեր է, աղջկա կրթության վարձը անհայտ բարերարի օգնությամբ է վճարվել, մի քանի անգամ էլ գյուղապետն է աջակցել:

Տղան այժմ դպրոցին զուգահեռ մորն օգնում է տարբեր աշխատանքներում: Արմենը զոդող է ուզում դառնալ:

‹‹Դպրոցում ոչ լավ եմ սովորում, ոչ էլ՝ վատ: Ձմեռը փետ եմ բերում, ամառն էլ մոշ եմ քաղում, վաճառում, տենց իմ շորերի փողը վաստակում եմ››,- ասում է Արմենը:

Մանյայի աղջիկը երեխայի է սպասում, ցանկանում է այցելել մորն ու եղբորը, Մանյան սակայն, չգիտի, թե ինչպես է խոնավ տնակում՝ կաթոցների տակ տեղավորելու իր հղի աղջկան: Որոշել է մահճակալը տեղափոխել տնակի մյուս անկյուն, որպեսզի այն կաթոցների տակ չլինի:

Էմմա Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter