HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Ես կարծում եմ, որ հայերը մտածում են մի տուփի մեջ, եւ այդ տուփը պետք է ջարդել. Բենեդեկ Ժիգմոնդը` հայ հասարակության մասին

Հայ եւ հունգար հասարակությունների նմանությունների ու տարբերությունների մասին «Հետքին» իր կարծիքն է հայտնում հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդը

Նա պնդում է, որ հայ է: «Դա ոչ թե ես եմ հորինել, այլ ինձ ասել են, որ ես հայ եմ, ու հետո հասկացա, որ այո, իմ մեջ որոշ չափով հայություն կա: Իսկ տարիների ընթացքում իմ մտածողությունը հայերեն դարձավ: Երբ ես Հունգարիայում եմ, հիմնականում հայերեն եմ մտածում, բայց միեւնույն ժամանակ նաեւ հունգարացի եմ: Ես այստեղ եմ ապրում եւ որոշ չափով ինձ իմ տանն եմ զգում»,- ասում է Բենեդեկը:

Ինչպիսի՞ տարբերություններ եւ նմանություններ եք տեսնում հայ եւ հունգարացի հասարակությունների միջեւ:

Հայաստանի եւ Հունգարիայի հասարակական ավանդությունները պատմական առումով շատ նման են իրար, բայց այդ ավանդությունները Հունգարիայում այդքան էլ կենդանի չեն այսօր, մինչդեռ Հայաստանում այդպես չէ:

Օրինակ այն, որ մարդիկ ամուսնանում են, աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների մոտ էլ այդպես է, բայց հասարակությունը փոխվում է: Հունգարիայում կարելի է ասել, որ շատ արագ փոխվեց այս վերջին տասնամյակների ընթացքում, եւ հիմա Հունգարիայի հասարակությունը շատ հանդուրժող է եւ նորմալ է ընկալում, երբ մեկը չի ամուսնանում, կամ եթե մեկը ոչ թե հակառակ սեռին է նախընտրում, այլ հենց նույն սեռին:

Մեզ մոտ որոշ խավեր կան, որոնք պահպանողական են: Մյուս կողմից՝ կարելի է ասել, որ հասարակության մեծ մասը հանդուրժողական է: Եթե մեկը բաժանվում է, դա այդքան էլ մեծ մեղք չէ, եւ դա մի դրոշմ չէ մարդու կյանքում, որ իր կյանքը դրանից ձախողվել է: Ինքը բաժանվել է, որովհետեւ իր ամուսնությունը չի ստացվել, հետո նա նորից կամուսնանա:

Իսկ Հայաստանում այդպես չէ՞:

Հայաստանում, ինչպես տեսնում եմ, հենց մարդիկ դառնում են 20 տարեկան, ուզում են միանգամից ամուսնանալ: Հունգարիայում ամուսնության տարիք գոյություն չունի, կամ եթե գոյություն ունի, ապա շատ ավելի ուշ՝ ասենք 30-ի կողմերը: Մարդիկ մտածում են, որ կնոջը ծննդաբերելու համար առաջարկվող տարիք կա, բայց դա մասնագիտական հարց է, ոչ թե հասարակության: Մեր հասարակության համար դա մեծ խնդիր չէ, դրանք առաջարկներ են, եւ մարդը ինքն է որոշում Հունգարիայում, թե երբ է ամուսնանում, երբ է ծննդաբերում եւ քանի երեխա է ունենում, կարող է երեխա բնավ չունենալ:

Հայաստանում, ինչքան ես տեսնում եմ, այդպես չէ: Իհարկե, կան փոփոխություններ, կան ավելի ազատ մտածող խավեր, բայց եթե փորձենք համեմատել հասարակական կարծիքները, Հունգարիայի բնակիչների մեծամասնության կարծիքով՝ դու ազատ ես քո կյանքի ցանկացած հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս, իսկ Հայաստանում, ինչքան ես զգում եմ, դու պետք է անպայման շուտ ամուսնանաս եւ երեխաներ ունենաս:

Այսինքն՝ այստեղ մարդը պակաս ազատ է սեփական եսը արտահայտելու առումով, քան Հունգարիայո՞ւմ:

Այո: Այն, որ մարդը պետք է անպայման ամուսնանա, դա ավանդական հասարակությունների արժեք է, իսկ Հունգարիայում, իհարկե արեւմտյան երկրների ազդեցությամբ, այն արագ փոխվեց: Հայաստանում էլ է փոխվում, բայց շատ ավելի դանդաղ:

Իսկ ինչքանո՞վ է ճիշտ այն պնդումը, որ արեւմտյան արժեքները ճիշտ են, եւ պետք է հետեւել դրանց:

Իմ կարծիքով՝ ես իրավունք չունեմ ասելու, թե որն է ճիշտ ու որը՝ սխալ: Ամեն հասարակություն ինքն է որոշում, թե ինչպիսի արժեքներով է ուզում առաջնորդվել:

Ինչպե՞ս է Հունգարիայում ընկալվում աղջկա՝ կույս լինել-չլինելու հարցը:

Որոշ խավերում կուսությունը արժեք է: Դրան հետեւում են պահպանողական, կրոնասեր խավերը, սակայն հասարակության մեծ մասի համար դա այդպես չէ: Ըստ պաշտոնական թվերի՝ Հունգարիայի մեծամասնությունը քրիստոնյա է՝ կաթոլիկ եւ բողոքական: Սակայն, ըստ որոշ մասնագետների, Հունգարիայի բնակչության մոտ 2 տոկոսը կաթոլիկներից եւ մոտ այդքան էլ բողոքականներից, գործնականում կրոնասեր լինելով՝ առաջնորդվում են պահպանողական արժեքներով: Հունգարացի երիտասարդը աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու հարցում որեւէ խնդիր չունի, եւ դրանից ոչ ոք պատմություն չի սարքում:

Սկզբում ասացիք, որ մեր հասարակությունների ավանդություններն իրար նման են, այդ ե՞րբ Հունգարիան այդպես փոխվեց:

Չնայած Հունգարիան եւս խորհրդային լծի տակ էր, բայց մենք մի քիչ ավելի մոտ ենք եղել Արեւմտյան Եվրոպային, եւ առնչությունները չնայած թույլ էին, բայց ավելի ուժեղ էին, քան Հայաստանում: Եւ անհատականության գերակայությունը Արեւմուտքից ներթափանցեց Հունգարիա արդեն կոմունիզմի ժամանակ, եւ երբ սահմանները բացվեցին, մենք արդեն որոշ չափով գիտեինք, թե ինչ է այնտեղ կատարվում:

Իմ ընկերներից եւ լրագրային հոդվածներից եմ իմանում, որ Հայաստանում կենդանի է կարմիր խնձորի ավանդությունը, որ այստեղ այսպիսի ավանդությունները շատ ուժեղ են: Հունգարիայում ես կարմիր խնձորի կամ դրան համապատասխան նման ավանդության մասին չեմ լսել, տեղյակ չեմ:

Իսկ կարմիր խնձորին համարժեք ավանդություն Հունգարիայում չի՞ եղել երբեւէ:

Թե կուսության մասին ավանդություններն ինչ ձեւով են արտահայտվել նախկինում, տեղյակ չեմ: Իմ կարծիքով՝ վերջին դարում նման բան չի եղել, իսկ եթե երբեւէ եղել է, ապա մի հարյուր տարի առաջ, պետք է ազգագրագետի հարցնել:

Ձեր կարծիքով, այդ ավանդույթը չի՞ նպաստում ընտանիքի կայացմանը: Չէ՞ որ ամուր ընտանիքը հասարակության հենքն է:

Ես հանդուրժողական մարդ եմ, ուրիշների ընտրությունը ընդունում եւ հարգում եմ, բայց իմ կարծիքով՝ ամուր ընտանիքը լավ բան է: Մյուս կողմից, եթե մեկը հետերոսեքսուալ չէ, իրեն պարտադրել ընտանիք՝ վատ բան է, նրա համար մեծ խնդիր է, եթե նրա ազգականներն ու հասարակությունը պահանջում են, որ նա ամուսնանա: Բայց ես դրանից չեմ եզրակացնում, որ ուրեմն ընտանիքը ճիշտ չէ, կամ որ անհատականության գերակայությունն է ճիշտ, ուղղակի պետք է մի քիչ հանդուրժողական լինել:

Հայ հասարակությունում հանդուրժողականություն չկա, դա շատ վատ է: Անհանդուրժողականությունից շատ վատ բաներ կարող են առաջանալ: Ես կարող եմ ասել, թե որն է իմ արժեքը. ես կուսության կողմնակից եմ:

Բայց Դուք ասում էիք, թե պահպանողական չեք:

Ես որոշ հարցերում պահպանողական եմ, բայց միեւնույն ժամանակ՝ հանդուրժող: Պահպանողականությունը շատ լայն բան է, եւ կուսության առումով ես կողմ եմ, դա արժեք է եւ լավ բան է, բայց եթե մեկը դա չի ընդունում, ես հարգում եմ նրա դիրքորոշումը:

Բացի դրանից՝ ամուր ընտանիքը շատ բաներից է կախված, եւ ես որոշ կասկածներ ունեմ, որ ամուր ընտանիք կոչվածը Հայաստանում ավելի շատ գաղափարախոսություն է, քան իրականություն:

Ես շփվում եմ հարյուրավոր մարդկանց հետ՝ տարբեր խավերից, եւ կարծում եմ, որ մի քիչ կասկածելի է, երբ, օրինակ հարեւանների տանից անընդհատ լսում եմ, որ կինը եւ ամուսինը գոռում են իրար վրա: Այն էլ շատ բարձրաձայն, անընդհատ եւ կոպիտ: Եվ երբ այդպիսի բաներ իմ ականջով եմ լսում, կասկածներ են առաջանում իմ մեջ:

Ո՞րն է հիմնական տարբերությունը, որ աչքի է զարնում հայ եւ հունգար հասարակությունների միջեւ:

Հունգարացի հասարակությունը ավելի բաց հասարակություն է, քան հայ հասարակությունը: Ես կարծում եմ, որ հայ հասարակությունը ավելի փակ է փոփոխությունների եւ այլընտրանքների հանդեպ, ավելի քարացած է, եւ դա դրսեւորվում է մի քանի ոլորտներում, այդ թվում նաեւ գիտությունում:

Իմ կարծիքով, հայ հասարակությունը հիվանդ է: Այստեղ սրբություններ կան, որոնց նկատմամբ չի կարելի ընդունված խոսույթից շեղվել: Հունգարիայում, օրինակ, նման սրբություններ չկան: Եթե դու նոր կարծիք ես առաջարկում Հունգարիայի պատմության հիմնախնդիրների վերաբերյալ, որեւէ մեկի համար դա խնդիր չի լինի:

Օրինակ՝ ինչպի՞սի հարցերի մասին:

Օրինակ, թե երբ է ձեւավորվել հունգար ազգը կամ որտեղից է ծագել: Հայաստանում այդպիսի թեմաներով խոսելը շատ դժվար է, որովհետեւ եթե ասում ես, որ հայերը եկվոր են, ապա դառնում ես ազգի թշնամի: Այստեղ առողջ բանավեճ ծավալելը շատ դժվար է:

Շատ քարացած վիճակ է եւ գիտնականների մոտ՝ հայության հետ կապված հետազոտություններ անողների առումով, մեծ ճնշում կա հասարակության կողմից, որ դու չպետք է ասես նման բան եւ պետք է ասես այսպիսի բան:

Հունգարիայում նման տեսությունների ջատագովներ նույնպես կան, բայց մեզ մոտ նրանք չեն կարող մտնել ակադեմիայի շենք, դա է տարբերությունը հայ եւ հունգարացի հասարակությունների միջեւ: Հունգարիայի համալսարանում եւ ակադեմիայում այսպիսի մարդիկ չեն կարող լինել, որովհետեւ այդպիսի տեղերում գործում են միայն գիտական փաստարկները:

Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է փոխվել հայ հասարակությունը:

Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ մտածելը լավ բան է, եւ ժամանակավորապես պետք է մոռանա սեւեռուն մտքերի մասին: Ես կարծում եմ, որ հայերը մտածում են մի տուփի մեջ, եւ այդ տուփը պետք է ջարդել: Եթե այդ տուփը չքանդվի, ապա Հայաստանը նույնպես կքանդվի:

Մեկնաբանություններ (4)

stella
Hayaget linelov chpordzec shoshapel Cexaspanutyan xndir@. Anmijapes zgacvec vor trkaser e u shat hnaravor e vor naev lrtes e
Edita
Vogjunum em Vazgenin,qani vor anmijapes haskatsav ayd mardu ov linel@... Es aveli ush haskatsa ayd chakertavor hayagetin,erb mer tan@ nstats hamardzakvets amenayn anamotutyamb asel vor turqer@ lav en arel hayerin kotorel en,es el linei es el kkotorei... Ev ays mard@ asum e,vor inq@ hay e...nra bolor khosqer@ sut en ev kegts isk inq@ ughaki vochnchutyun. Es nuynisk kaskats unem,vor inq@ turqeri het hakahaykakan kaperi mej e. Zarmanumem nayev te inchpes e mer Ekegetsin Hungariayum @ndunel ays mardun ashkatanqi,der chi haskatsel sra ov linel@?
vazgen
Ես ես մարդու մեջ բարի դեմքով, ժպտացող թշնամու տեսա, եսպիսի հայագետների նպատակը, և սրա նմաններ շատ կան, ոչ թե պատմությունից մեր ազգի մասին ճշմարտությունները վեր հանելն է, այլ ամեն կերպ փորձել ապացուցել, որ հայերը եկվոր են, սա իրենց բնօրանը չէ, իր խոսքերը հենց այդ մասին են, այս մտքերը հաստատ թուրքական ու ադրբեջանական ծագում ունեն և ինքն էլ երևի այս աղբյուրներից է սնվում
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ընդհակառակը. Հայի ցավն այն է,որ մենք ՉԵՆՔ մտածում մի տուփի մեջ: Իսկ ՄԵՐ տուփի անունը պիտի լինի սա. «ՊԼՈԿԻՐ ու ՄԱՇԿԻՐ բոլոր ազգերին ու բեր լցրու քո ազգը ու ԹՔԱԾ ՈՒՆԵՑԻՐ ՎԵՐՋԱՊԵՍ թե ուրիշ ազգերը ինչ կասեն քո երեսին կամ քո թիկունքին»:Մենք զտարյուն ցեղ ենք,դրա համար են մեզ նախանձում:ՄԻ ԼՍԵՔ դրանց:.......................... Թեկուզ ով/ինչ է Հունգարացին?- ՈՉ եվրոպական,ուրալյան,կիսա-թուրքախառն,անդեմք մի ազգ-կորած ԵՄ-ում.որպես 2-րդ կարգի ու անատամ մի գործիք:......................Հայաստանը հզորացնելու է ԱԳՐԵՍԻՎ/ ասերտիվ Հայ տղամարդը. ԱԳՐԵՍԻՎ -ուրիշ ազգերի հանդեպ,բայց նույնքան էլ հանդուրժող ՄԻԱՅՆ սեփական ազգի (տղամարդու) հանդեպ: Այս պատկերում տեղ չպիտի ունենա սեռական ազատություն վայելող Հայ կին:............................ Իսկ միասեռ կապեր /հարաբերություններ կան ու ՄԻՇՏ էլ լինելու են,նաև քանի որ կինը ԵՐԲԵՔ տղամարդուն անաչառ ընկեր/խորհրդատու չէ-տարբեր պատճառներով:Յուրաքանչյուր (ՄԵԾ) տղամարդու հետևում միշտ կանգնած է եղել մի այլ տղամարդ:Նայեք պատմությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter