HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կինը, կինոն, Հայաստանը. Ժերար Բոյաջյան

Ժերար Բոյաջյան անունը համացանցում փնտրելիս մեկը մեկից համարձակ, իրարից տաբեր ու իրար չկրկնող ֆիլմեր կգտնեք: Տրանսգենդերների թեմայից մինչև փարիզյան ռոմանտիզմ ու բաղձալի ազատություն. տաբուչկա:

Սեպտեմբերի 23-ից 31-ը Հայաստանում անցկացվող «Սոսե» միջազգային կինոփառատոնի շրջանակում ներկայացված 104 ֆիլմերի թվում Բոյաջյանի ՙՎարդուշի չորեկը՚ ֆիլմն էր, որը ներկայացնելու համար նա անձամբ էր եկելՀայաստան:

Չորեկ պատրաստող կնոջ մասին ութ րոպեանոց վավերագրության միտքը ծնվել է հանկարծակի: Մի օր, երբ հերթական անգամ ռեժիսորի տատիկը չորեկ էր պատրաստում, Ժերարը որոշեց՝ սա պիտի կարճամետրաժ ֆիլմ դառնա: Հերոսուհին դառնում է հարազատ տատիկը, ֆիլմի ՙաղը՚ տատիկի թխած քաղցր չորեկը, որի շուրջ հյուսվում է նրա կյանքի պատմությունը:

Ռեժիսորը փառատոնից մրցանակ չտարավ, բայց Հայաստանով ոգեշնչված՝ այստեղից տարավ նոր մտքեր ապագա ֆիլմերի համար:

Ժերար Բոյաջյանի հետ զրուցեցինք կանանց, կինոյի ու Հայաստանի մասին: 

Cherchez la femme (Փնտրեք կնոջը)

Իմ սիրելի գրքերից մեկը ՙԿամելիազարդ տիկինն՚ է, քիչ առաջ ՙՍոսե՚ փառատոնի շրջանակներում դիտեցի միսիոներ Մարիա Յակոբսենի կյանքի պատմությունը. յուրահատուկ կանայք են: Բայց ես սիրում եմ ֆիլմեր ստեղծել հասարակ կանանց մասին, պատմությանը հայտնի կանանց կերպարների չեմ անդրադարձել դեռ:
Ընդհանրապես, լինի՝ սիրուհի, կին կամ ընկեր, կերպարներիս փնտրում եմ հասարակ ու պարզ կանանց մեջ:

Այդ սուբյեկտիվ կինոն

Հայ ռեժիսորներից սիրում եմ Փարաջանովի, Էգոյանի, Գեդիկյանի ֆիլմերը: Իսկ Անրի Վերնոյը հանճար է: Հանճար: Համաշխարհային դեմքերից սիրում եմ Պազոլինիին, Կիմ Կի Դուկին, Կուբրիկին, Ֆրանսուա Տրյուֆոնին: Հարցնում եք՝ ո՞րն է ֆրանսիական կինոյի առանձնահատկությունը: Իմ սիրելի դերասաններից մեկը՝ Ժան Գաբեն, ասում էր՝ կինոյում երեք կարևոր բան կա՝ պատմություն, պատմություն և պատմություն: Պատմությունն է ֆրանսիական կինոյի առանձնահատկությունը:

Հը՜մ, ես Ձեզ հետ համաձայն եմ, Վենսան Կասելը ֆրանսիական կինոյի վերջին սերնդի լավագույն դերասանն է, բայց, կներեք, ՙիսկական կինո՚ հասկացություն չկա. կինոն սուբյեկտիվ է: Ամենքն իր ձևով է տեսնում, իր սրտով՝ զգում: Տեսեք, ես սիրում եմ Կուբրիկի ու Վերնոյի ֆիլմերը, բայց նրանք տարբերեն…իսկական կինո՞…

Սատանան ու գլխավորը դետալներում են

Ինչու՞ եմ իմ ֆիլմերում հերոսներին դետալներով ներկայացնում. ես աշխարհը այդպես եմ տեսնում: Այ, երբ նայում եմ Ձեզ, նախ նկատում եմ ձեր մազերը, ապա՝ ակնոցը, հետո տեսնում եմ Ձեզ, մադմուազե՛լ: Կյանքը դետալային կինո է՝ և՛ կարճամետրաժ, և՛ լիամետրաժ: Սխալվում եք, եթե կարծում եք՝ նախընտրում եմ կարճամետրաժները: Ֆինանսական առումով, իհարկե, կարճամետրաժ ֆիլմ ստեղծելը համեմատաբար ավելի հեշտ է, այստեղ նաև ավելի ազատ ես: Ու ընդհանրապես՝ կինոյում պիտի լինի ազատություն՝ գաղափարական, քաղաքական ու ֆինանսական: Իմ ֆիլմերն ազատ են:

Յուրահատուկ Հայաստանը

Ես Փարիզով չեմ ոգեշնչվում, փոխարենն ինձ ոգեշնչում են Հայաստանը, Մեքսիկան, Իտալիան: Փարիզում ռոմանտիկա
չկա: (Բոյաջյանի կարճամետրաժ ֆիլմերից մեկը կոչվում է "Paris, The most romantic City"-հեղ):
Հայաստանն, իրոք, յուրօրինակ է. աղջիկներն ու տղաներն էլ են ուրիշ, նրանց հայացքների մեջ խաղ կա, պայծառություն, փայլ:
Մարդիկ այստեղ «ֆիլմային» են նույնիսկ արևածաղիկ կեղևազրկելուց: Մի անգամ հետևում էի, թե ինչպես տաքսիստը արևածաղկի կեղևներով մի իսկական եգիպտական բուրգ «կառուցեց». ահա մի ՙդետալային կինոյի՚ թեմա:
Բայց ինձ համար Հայաստանը վավերագրական ֆիլմի անսպառ թեմա է. այստեղ, իրոք, ամեն ինչ յուրօրինակ է:

Անահիտ Հակոբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter