
Որ բանկին որքան գումար են վստահել հաճախորդները
Նախորդ հրապարակմամբ ներկայացրել ենք, թե Հայաստանում գործող առևտրային բանկերից որը որքան նորմատիվային կապիտալ ունի, և որոնք են հաղթահարել Կենտրոնական բանկի պահանջն այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ։
Այս անգամ տեսնենք, թե որքան գումար են բանկերում պահում հաճախորդները ավանդների ու հաշիվների տեսքով, և ինչ ծավալային փոփոխությունների են ենթարկվել այդ գումարները տարեսկզբի համեմատ։
Բայց մինչև ընդհանուր պատկերին անցնելը անդրադառնանք այն հարցին, թե բանկային համակարգում ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման որոշման արդյունքում բանկերի կողմից կապիտալի ավելացման գործընթացը կարո՞ղ է ազդեցություն ունենալ ավանդների սպասարկման վրա, թե՞ ոչ։ Նշվածի վերաբերյալ մեր հարցմանը ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից վստահեցրին, որ ավանդատուների և մյուս հաճախորդների տեսանկյունից այս գործարքները չեն ենթադրում էական փոփոխություններ և չեն կարող վտանգել բանկային բնականոն սպասարկումը:
«Ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման որոշման ներքո բանկերի կողմից կապիտալի ավելացման գործընթացը ընթանում է Կենտրոնական բանկ ներկայացված ժամանակացույցերին համապատասխան: Տարեսկզբից 9 բանկ ավելացրել է նորմատիվային ընդհանուր կապիտալները մոտ 111 մլրդ դրամի չափով, որի արդյունքում 11 բանկ արդեն իսկ ապահովում է 30 մլրդ դրամ կապիտալի նվազագույն սահմանաչափը: Մնացած 7 բանկը կապիտալի նվազագույն պահանջը բավարարելու է ներկայացված ծրագրին համապատասխան, դրանց թվում՝ 5 բանկում ընդհանուր կապիտալը ներկայումս գերազանցում է 26 մլրդ դրամը:
Բացի այդ՝ տարվա ընթացքում բանկային համակարգում տեղի է ունեցել միացումների 2 գործարք, իսկ 1 գործարք դեռևս ընթացքում է: Այս գործարքների արդյունքում իրավահաջորդ բանկերը ձեռք են բերել գործարքի մասնակից բանկերի ակտիվները և արտավորությունները, միավորել մասնաճյուղերը և անձնակազմերը»,- նշված է մեր հարցման պատասխանում։
ԿԲ-ից նաև տեղեկացրին, որ բանկերը նորմատիվային կապիտալի պահանջը կարող են ապահովել մինչև 2017թ. հունվարի 1-ը. «Այնուամենայնիվ, բանկերի ներկայացրած ընդհանուր կապիտալի ապահովման ծրագրերի համաձայն՝ բաժնետերերը հակված են
վաղաժամկետ ավարտել այս գործընթացը, ըստ այդմ՝ հնարավոր է նաև Կենտրոնական բանկը ամփոփի կապիտալի նոր պահանջի ապահովման արդյունքները և հանրության ներկայացնի մինչև տարեվերջ»:
Իսկ հիմա՝ բուն թեմայի մասին։ Հայաստանյան առևտրային բանկերում հաճախորդների ավանդների ընդհանուր ծավալն այս տարեսկզբից աճել է։ Ընդ որում՝ աճել են և դրամային, և դոլարային ավանդները։ Ինչպես վկայում են ՀՀ ԿԲ տվյալները, այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերում ավանդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2.1 տրլն դրամ՝ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների ավանդները միասին։
Ընդհանուր ավանդներից 1.4 տրլն դրամն արտարժութով է, հիմնականում՝ դոլարով, իսկ 0.7 տրլն դրամը (կամ 702 մլրդ դրամը) ՀՀ դրամով է։ Տարեսկզբի՝ 2015-ի դեկտեմբերի վերջում գրանցված ցուցանիշի համեմատ արտարժույթով անվանդներն աճել են 52 մլրդ դրամով կամ 3.8%-ով։ Նկատենք, որ նշված ամիսների համեմատությամբ դոլարը չի թանկացել (դեկտեմբերի միջին ցուցանիշը՝ 1 ԱՄՆ դոլար=482.93 դրամ, սեպտեմբերինը՝ 1 ԱՄՆ դոլար=474.1 դրամ), ինչը նշանակում է, որ ավանդների աճը պայմանավորված չէ դոլարի թանկացմամբ։
Իսկ դրամային ավանդներն այս ընթացքում աճել են մոտ 108 մլրդ դրամով կամ 18.2%-ով։
Ավելի վաղ գրել ենք, որ ավանդների մասին տվյալներից կարելի է եզրակացնել, որ քաղաքացիների մի մասը հաղթահարել է 2014-ի տարեվերջին դոլարի առաջացրած «շոկը»։ Հիշեցնենք, որ 2014-ի վերջին դոլարի «ցնցումներից» հետո ավանդների զգալի անկում գրանցվեց դեկտեմբեր և 2015թ. հունվար ամիսներին։ Թեև արտարժութային ավանդների վերաբերյալ ԿԲ տվյալներն աճ էին ցույց տալիս, սակայն դա ոչ թե իրական աճ էր, այլ՝ դոլարի թանկացման հետևանքով վերահաշվարկի արդյունք։
Ամենամեծ ավանդային պորտֆելն ունի «Ամերիաբանկ»-ը, ամենափոքրը՝ «Մելլաթ Բանկ»-ը
Բանկային համակարգում այս տարի տեղի ունեցած միաձուլումներից հետո «Ինեկոբանկը»-ում (որը գնեց «ՊրոԿրեդիտ Բանկը») և «Հայէկոնոմբանկ»-ում (գնեց «ԲՏԱ Բանկ»-ը) հաճախորդների ավանդներն ու հաշիվներն աճել են։ Տարեսզբի համեմատ ավանդների ծավալների փոփոխություններ են գրանցել ոչ միայն նշված բանկերը, այլև՝ մնացածը։
Բանկերի ֆինանսական հաշվետվությունների տվյալները, որոնք մեկտեղել ենք ներքևում գտնվող ինֆոգրաֆիկայում, ցույց են տալիս, որ այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկային համակարգում գործող 19 առևտրային բանկերից 13-ի ավանդային պորտֆելներն աճել են տարեսկզբի համեմատ։ Առավել զգալի են «Արդշինբանկ»-ի և «Հայբիզնեսբանկ»-ի գրանցած ցուցանիշները։
Իսկ 6 բանկերի ավանդային պորտֆելները նվազել են։ Առավել մեծ նվազում է գրանցվել «Էյչ-Էս- Բի-Սի» բանկի պարագայում։
Մեկնաբանել