Վարչապետը Ա. Հովհաննիսյանին հանձնարարեց ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքի նախագիծ ներկայացնել
Վարչապետի՝ կառավարության այսօրվա նիստում արդարադատության ոլորտին տրվող առաջին հանձնարարականը վերաբերում էր կոռուպցիայի դեմ պայքարին, մասնավորապես՝ ապօրինի հարստացման քրեականացմանը։
«Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճը էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտներին, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին՝ երկշաբաթյա ժամկետում ապօրինի հարստացման քրեականացման մասին նախագիծ ներկայացնել կառավարությանը»,-նշեց վարչապետը։
Բացի այս նախագծի ներկայացումը, վարչապետը Հովհաննիսյանին հանձնարարեց կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառնությունները սահմանափակող օրենքի նախագիծ։ Վարչապետի խոսքով՝ կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով և շատ դեպքերում պարզ չէ՝ հայտարարագիր ներկայացրած պաշտոնատար անձը իրականում ստացե՞լ է հայտարարագրում ներկայացրած փոխառությունների գումարը, թե՞ ոչ։
Այս խնդիրների լուծման նպատակով վարչապետը արդարադատության նախարարին հանձնարարեց Կենտրոնական բանկի հետ համատեղ, երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառնությունների սահմանափակման օրինագիծ։
Վարչապետը նաև անհրաժեշտ համարեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը։
Վարչապետը հանձնարարեց կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարող իրավապահ մարմինների գործունությունը դարձնել առավելագույնս հաշվետվողական։ Կարապետյանը նշեց, որ պետք է օրենքով սահմանել պահանջ, որ այդ մարմինները յուրաքանչյուր տարի կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ արված իրենց քայլերի մասին հանրային հաշվետվություն ներկայացնեն։ Ուստիեւ արդադատության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ։
Կարապետյանը հայտնեց, որ պետք է ընդլայնվի հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը, քանի որ կան պաշտոնատար անձիք, ովքեր հայտարարագիր ներկայացնողների ցանկում ընդգրկված չլինելով՝ ընդգրկված են պետական խոշոր գնումների գործընթացում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Կարապետյանը Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում կառավարությանը առաջարկություն ներկայացնել հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը ընդլայնելու վերաբերյալ։
Հովհաննիսյանին նաև հանձնարարվեց հանդիպումներ կազմակերպել քաղաքացիական հասարակության, ընդդիմության ներկայացուցիչների հետ և, ըստ անհրաժեշտության, ներկայանցնել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների, կազմի վերանայման վերաբերյալ առաջարկ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել