HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի ներքաղաքային տրանսպորտը. հին մեքենաներ, չկահավորված կանգառներ եւ ձեւական մրցույթներ

Գայանե Սարգսյան

 2016-2020թթ. Վանաձորի  համայնքային երթուղիները կսպասարկեն նախորդ տարեվերջին անցկացված մրցույթը շահած կազմակերպությունները: Քաղաքի 20 երթուղիներն առաջիկա տարիներին կսպասարկի 11 կազմակերպություն:

Առավել մեծ թվով երթուղիներ բաժին են հասել «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ-ին: Նրան է պատկանում թիվ 1, 2,  7, 8, 10, 15, 16 երթուղիների սպասարկման իրավունքը: Թիվ 3 երթուղին սպասարկում է «Բոքոնիկ», թիվ 4, 9-ը՝ «Ստալ Տրանս», թիվ 5ա-ն՝ «Վ. Դանիելյան», թիվ 5բ-ն՝ «Բազե 11», թիվ 6-ը՝ «Յաղշ», թիվ 11-ը՝«Ուղեծիր», թիվ 12-ը, 19-ը՝ «Կամսար Տրանս», թիվ 14-ը՝«Ֆիրմա Առ-Շին», թիվ 17-ը՝ «Պլուտոն», թիվ 18-ը՝ «Վ. Դանիելյան», թիվ 20-ը՝ «Դավիթ Սիմոնյան» ՍՊԸ-ները:

Վանաձորի թիվ 1 և 2 երթուղիները համարվում են քաղաքի ամենաբանուկ գծերը, որտեղ մարդկանց հոսքն ավելի ակտիվ է, հետևաբար՝ ավելի շահութաբեր: Եվ եթե մյուս երթուղիներում մրցույթն անցել է առանց մրցակցության, ապա թիվ 1 երթուղու համար անկացված մրցույթում ակտիվ մրցակցություն էր ծավալվել «Ռ և Հ Տրանս» և «Դիկտիս» ՍՊԸ-ների միջև: 

Ըստ ՀՀ էլեկտրոնային ռեգիստրում գրանցված տվյալների` «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ-ի հիմնադիրը Ռաֆայել Գալստյանն է:

Տնօրենը Յուրիկ Համբարյանն է, ով Վանաձորի արդեն նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդու՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանի սանիկն է: Նրանք մանկության ընկերներ են: 

Մրցույթի արդյունքում պարտված «Դիկտիս» ՍՊԸ-ի հիմնադիր Վիկտոր Դարբինյանը, համաձայն չլինելով մրցութային հանձնաժողովի որոշման հետ, 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին հայցադիմում է  ներկայացրել ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայր՝ մրցութային հանձնաժողովի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:

 Հայցադիմումում նշելով, որ « մրցույթը չի կայացել օբյեկտիվ և անաչառ, մրցույթի արձանագրությունը կազմվել է օրենքի պահանջների խախտմամբ և իրավաչափ չէ», հայցվոր կողմը ներկայացրել է հայցապահանջի հիմքում ընկած փաստերը:

Այս տարվա հոկտեմբերի 21-ին կայացել է «Դիկտիս»  ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, Վանաձորի ներքաղաքային ուղևորատար փոխադրամիջոցների միկրոավտոբուսային երթուղիների մրցութային հանձնաժողովի և որպես երրորդ անձ՝ «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ-ի գործով հերթական դատական նիստը: Հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 10-ին:

Տարեվերջին անցկացված մրցույթի արդյունքներով թիվ 1 երթուղին առաջիկա չորս տարիներին շահագործելու իրավունքը ստացել է «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ-ն:

Կազմակերպությունները պարտավոր են 2016թ. վերջին հին մեքենաները փոխարինել նորով

2016թ. վերջին սահմանված ժամկետը՝ արտադրության 15 տարին լրանալու հետ կապված ընդհանուր առմամբ փոխման ենթակա է Վանաձորի երթուղիներում աշխատող 16 մեքենա, ևս 2-ն արդեն իսկ փոխարինվել են անսարքության ու ժամկետը լրանալու պատճառով:

Փոխարինման ենթակա մեքենաներից 4-ը պատկանում են «Ռ և Հ Տրանս» ՍՊԸ-ին: Նոյեմբերին Վանաձորի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժինը երթուղիները սպասարկողներին մեքենաների փոխարինման վերջնաժամկետների մասին նախազգուշական գրություններ ու հիշեցման թերթիկներ կուղարկի:

«Մեր հիմնական ֆունկցիան նման բաներին հետևելն է, այսինքն՝ նորմալ, որակյալ տրանսպորտ ունենալն է, իսկ չվացուցակի պահպանում և այլն՝ տրանսպորտի տեսչության ֆունկցիաներն են»,- նշում է Վանաձորի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետ Էրիկ Գևորգյանը: 

Դեռևս պարզ չէ, թե ինչ ուղեվարձ կգործի 2017-ին

Վանաձորի երթուղիները սպասարկող կազմակերպությունները մրցույթը շահել էին ուղեվարձի 150 դրամ սակագնով: Նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի առաջարկով, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը, կազմակերպությունների սեփականատերերը համաձայնել էին մինչ 2016թ. ավարտը սպասարկումն իրականացնել 100 դրամ ուղեվարձով:

Թե ի՞նչ սակագին կգործի 2017-ին, դեռևս պարզ չէ: Վանաձորի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետ Էրիկ Գևորգյանի խոսքով՝ առաջիկայում խնդիրը կներկայացվի նորընտիր քաղաքապետին՝ Մամիկոն Ասլանյանին, որից հետո հարցը կքննարկվի նաև երթուղիները սպասարկողների հետ. «Մենք ենք դիմելու, որ կազմակերպությունները պահեն նույն սակագինը: Իրենք ըստ օրենքի շահել են մրցույթը 150 դրամով: Ս. Դարբինյանը ժամանակին 100 դրամով աշխատելու պայմանավորվածություն ձեռք բերեց: Նոր քաղաքապետին կներկայացնեմ, որ մեկ տարով է եղել պայմանավորվածությունը: Կփորձենք պահպանել 100 դրամը, քանի որ բնակչության սոցիալական վիճակը չի կայունացել»,- նշում է  բաժնի պետը:

Վանաձորում ճանապարհային 200 նշան բացակայում է, կանգառների մեծ մասը կահավորված չէ

Վանաձորի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի գործառույթները ներառում են «համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների պահպանման և շահագործման ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների, համայնքային ենթակայության ճանապարհների վրա ճանապարհային անվտանգ երթևեկության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների, համայնքի հասարակական տրանuպորտի աշխատանքն ու համայնքային ենթակայության տրանuպորտային հիմնարկների և կազմակերպությունների գործունեության կազմակերպման և կառավարման համար անհրաժեշտ աշխատանքների կատարումը»:

Է. Գևորգյանն ընդունում է՝ կանգառների կահավորման ու ճանապարհային նշանների տեղադրման առումով շատ բացեր կան:

«Կանգառները պետք է նորմալ կահավորված լինեն, որ ուղևորը կարողանա անձրևին, արևին ծածկի տակ սպասել: Բայց բյուջեով նման ծախս չունենք նախատեսած, որ համայնքի եկամուտներից ստացված գումարով նման ծախս կատարենք»,- ասում է բաժնի պետը:

Որպես կանգառների կահավորման այլընտրանքային տարբերակ քաղաքապետարանը տարիներ շարունակ կիրառել է կանգառների տարածքը կրպակ բացել ցանկացողներին տրամադրելու եղանակը՝ կից կանգառը կահավորելու ու պահպանելու պայմանով: Այս տարբերակը, սակայն, լավ է գործում միայն քաղաքի կենտրոնական մասում գտնվող մի քանի կագառների դեպքում: Քաղաքի մյուս բոլոր հատվածներում կանգառները կահավորելու պայմանով տեղում բիզնես գործունեություն ծավալել ցանկացողներ չկան, շահավետ չէ: Արդյունքում քաղաքի որոշ հատվածներում մարդիկ ստիպված են լինում ոչ միայն արևի ու անձրևի տակ կանգնել մայթին, այլև տարբեր տնտեսվարողների կողմից գրավված մայթերի ու փողոցների պատճառով երթուղային տաքսուն սպասել հենց փողոցի մեջտեղում՝ մեքենաների ակտիվ երթևեկի պայմաններում: Է. Գևորգյանը խոստանում է՝ առաջիկայում կանգառների խնդիրը ևս կքննարկվի քաղաքապետի հետ:

Վանաձորի քաղաքապետարանը ֆինանսական միջոցներ չի հատկացնում նաև ճանապարհային նշանների պատրաստման համար: Բյուջեից ամեն տարի տրվող 8 մլն դրամը ծախսվում է քաղաքի լուսաֆորների ու առկա նշանների պահպանման համար: «Մենք հաշվել ենք, քաղաքի ընդհանուր տարածքում մոտ 200 նշանի պակաս ունենք: Մեկ նշանը գնահատվում է միջինը 40.000 դրամ, ինչն ահռելի գումար է: Տվյալ ուղղություններով մեզ դոտացիա չի տրվել, որ նպատակային ուղղվեն նշանները: Նույնիսկ պահպանման համար ծախսվող 8 մլն-ը էլի մեր բյուջեից է գնում, որը պետք է կառավարությունը տար»,-ասում է Է. Գևորգյանը:

Նախորդ տարիներին վանաձորցիները հաճախ էին դժգոհում՝ երթուղային տաքսիները ժամանակին չեն գալիս, խախտվում է պայմանագրով նախատեսված ժամանակացույցը: Հասարակական տրանսպորտի չվացուցակը խախտվում էր հատկապես երեկոյան ժամերին: Այս տարի բողոքներից խուսափելու համար ժամանակացույցը կազմելիս քաղաքապետարանը դիմեց հնարամտության՝ ժամանակացույցի տակ փոքր տառաչափով ավելացնելով՝ երեկոյան ժամերին, կախված ուղևորահոսքից, հնարավոր է չվացուցակի փոփոխություն:

Է. Գևորգյանի խոսքով՝ այս տարի բաժնում ստացվել է ժամանակացույցի խախտման երկու ահազանգ:

 Ի՞նչ խախտումներ է արձանագրել տրանսպորտի տեսչությունը

Մարզում ներքաղաքային հասարակական տրանսպորտի ու անհատ տաքսիների նկատմամբ վարչական վերահսկողություն իրականացնող մարմինը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի տեսչության Լոռու և Տավուշի մարզերի տարածքային բաժինն է:

Բաժնի պետ Արթուր Հարությունյանի խոսքով՝ այս տարվա առաջին 9  ամիսների ընթացքում անհատ տաքսիների ու հասարակական տրանսպորտի վարորդների նկատմամբ 92 արձանագրություն է կազմվել, որից 11-ը՝ Վանաձորի երթուղիներում, 2015թ. արձանագրվել է 230 խախտում, որի գերակշիռ մասը գրանցվել է Վանաձորի հասարակական տրանսպորտի երթուղիներում:

Արձանագրված խախտումների կտրուկ նվազումը Ա. Հարութունյանը պայմանավորում է ավելի կանոնավոր աշխատանքով:

«Սկսել են ավելի կանոնավոր աշխատել, որովհետև ստուգումներից բոլորը խուսափում են: Օրինակ, ըստ կարգի՝ երթ դուրս գալուց առաջ մեխանիկը պետք է ստուգի մեքենայի, բուժքույրը՝ վարորդի առողջական վիճակն ու ստորագրեն ճանապարհային թերթիկը: Մարդիկ հասկանում են, որ ավելի լավ է, օրինակ, ուղեգիրը համապատասխան ստորագրություններով իրենց մոտ ունենան, քան ամեն անգամ 5.000 դրամ տուգանվեն»,- նշում է նա:

Մեր դիտարկմանը, թե վարորդները հաճախ անկեղծանում են՝ այդ ստուգումները չեն արվում, տարածքային բաժնի պետը նախ համաձայնվում է, ապա ավելացնում. «Որ ասենք բոլորն էլ կատարում են այդ պայմանը, չէ: Փոքր կազմակերպութունները կարող է չանեն, բայց մեծերն անում են»:

Այս տարի Վանաձորից տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող թեժ գծին ստացվել է մեկ ահազանգ՝ Վանաձորի թիվ 6 երթուղու մեքենաների վիճակի վերաբերյալ, որոնք կեղտոտ են: «Գծի երկու մեքենան էլ կանգնեցրին, զգուշացրինք»,- ասում է բաժնի պետը: Ա. Հարությունյանի խոսքով՝ Վանաձորում գրանցված խախտումները հիմնականում առանց ուղեգրի վարելու, կեղտոտ մեքենայով երթևեկելու, չվացուցակի խախտման, սպիտակ պետհամարանիշով երթուղի դուրս գալու, վարորդի ոչ պատշաճ տեսքով երթևեկելու վերաբերյալ են: Այս խախտումների համար տուգանքի չափը տատանվում է 2.000-50.000 դրամի սահմաններում:

Երկու մարզ սպասարկող տարածքային բաժինն ունի ընդամենը երեք աշխատակից: Բաժնի պետն ընդունում է՝ աշխատակիցների թիվը փոքր է, և երկու մարզում ամենօրյա հսկողություն իրականացնելը՝ ֆիզիկապես անհնար:

Տեսչության աշխատակիցները ստիպված են լինում միայն ժամանակ առ ժամանակ անդրադառնալ Վանաձորի հասարակական տրանսպորտի վիճակին: Ադրադառնալիս էլ ստուգումներն իրականացնում են միայն երթուղիների սկզբնամասում և վերջնամասում: Սա հասարակական տրանսպորտի վարորդներին թույլ է տալիս ստուգայցերի մասին իմանալ այն սկսելուց րոպեներ անց ու արագ վերացնել առկա բացթողումները:

 Համաձայնելով այս նկատառմանը՝ Ա. Հարությունյանն, այնուամենայնիվ, քաղաքի ներսում՝ երթի ընթացքում ստուգում իրականացնելը համարում է ոչ նպատակահարմար: «Դե,  քաղաքի մեջ ուղևորի հետ գալիս է, 15 ուղևոր նստած գալիս է: Ես նրան կանգնեցնե՞մ: Ի՞նչ անես, ձև չկա: Ուղևորի հետ գալիս ա, գնամ աստանովկում կանգնացնեմ, ուղևորը կնեղվի, էլի: Մեր մի արձանագրությունը տևում է 15 րոպե: 15 րոպե էդ մեքենան որ գծից ես հանեմ, արդեն կխախտվի ամեն ինչ»,- ասում է Ա. Հարությունյանը:

Ի՞նչ է բացահայտել «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն. մի ՍՊԸ-ի պատմություն

2015թ. մայիս-հունիս ամիսներին իրականացրած «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության անդամները մի շարք բացահայտումներ են արել:

Նախ պարզել են, որ Վանաձորի ներքաղաքային տրանսպորտի երթևեկությունը վերահսկելու համար դեռ 2003թ.-ից Վանաձորի քաղաքապետարանի կողմից ստեղծվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ «Վանաձորի տրանսպորտի եւ առեւտրի ծառայություն» ՍՊԸ-ն, չնայած նրան, որ դեռ այն ժամանակ քաղաքապետարանն ուներ տրանսպորտը համակարգող բաժին:  

 ՀԿ-ի անդամները ներքաղաքային տրանսպորտի ոլորտի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար պարբերաբար դիմել են Վանաձորի քաղաքապետարան եւ վերը նշված ՍՊԸ-ին, որոնց իրավաբանական հասցեները նույնն են՝  ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, քաղաքապետարան:

ՀԿ-ի անդամները, սակայն, Վանաձորի քաղաքապետարանում այդպես էլ չեն կարողացել գտնել ՍՊԸ-ի աշխատակազմի սենյակը, իսկ քարտուղարության բաժնում նրանց դիմումը հրաժարվել են ընդունել: «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ Էդգար Խաչատրյանի տեղեկացմամբ՝ «քարտուղարության բաժնի աշխատակիցները նշել են, որ քաղաքապետարանում նման կառույց տեղակայված չէ, եւ իրենք չեն կարող ընդունել նրանց ուղղված հարցումները»:

Վերջինս գրավոր հարցմամբ դիմել է քաղաքապետին՝ խնդրելով մեկնաբանել վերը նշվածը, ինչին ի պատասխան՝ քաղաքապետն առաջարկել է. «Վանաձորի տրանսպորտի եւ առեւտրի ծառայություն» ՍՊԸ-ին նամակներ եւ գրություններ ուղղելիս դուք կարող եք ներկայացնել Վանաձորի քաղաքապետարանի առեւտրի սպասարկման  եւ տրանսպորտը համակարգող բաժին»:

Այս պատասխանը ՀԿ-ի նախագահին ավելի քան տարօրինակ է թվացել: Այնքան տարօրինակ, որ նա այս անգամ գրավոր հարցմամբ դիմել է քաղաքապետին՝ խնդրելով նշել, «թե որ իրավական ակտով  է սահմանված Վանաձորի առեւտրի սպասարկման եւ տրանսպորտը համակարգող բաժնի նման գործառույթը՝ ստանալու այլ ՍՊԸ-ին հասցեագրված գրությունները»:

Քաղաքապետի պարզաբանումը եղել է այսպիսին. «Ձեզ առաջարկվել է ՍՊԸ-ի գրությունները ներկայացնել տրանսպորտը համակարգող բաժին, քանի որ վերը նշված ՍՊԸ-ի տնօրենն ու հաշվապահն իրենց աշխատանքն իրականացնում են տրանսպորտը համակարգող բաժնի թիվ 312 սենյակում»:

Ըստ իրականացված հարցումների եւ դրանց պատասխանների՝ պարզվել է, որ ՍՊԸ-ի հիմնադրման եւ գործունեության համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար Վանաձոր համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 600.000 դրամ:

«Խաղաղության երկխոսություն»-ը գրավոր հարցմամբ խնդրել է տրամադրել նշված հիմնադրամի ծախսերի ցանկի եւ ֆինանսական հիմնավորումների պատճենները, ինչին տրվել է հետևալ պատասխանը. «Վերոնշյալ գումարի ծախսման եւ դրանց ֆինանսական հիմնավորումների վերաբերյալ փաստաթղթերն ընկերությունը հանձնել է արխիվ»:

Ավելի վաղ քաղաքապետարանի առեւտուրը եւ տրանսպորտը համակարգող բաժնի պետ Էրիկ Գեւորգյանը կազմակերպության անդամներին տեղեկացրել էր, որ նշված ՍՊԸ-ն ամենօրյա վերահսկողություն է իրականացնում համայնքի տրանսպորտի գործունեության նկատմամբ: Վերջինս նաեւ հայտնել էր, որ ՍՊԸ-ի եւ Վանաձորի քաղաքապետարանի միջեւ կողմերի հարաբերությունները կարգավորող որեւէ պայմանագիր չկա: Գրավոր հարցմանը, թե այդ դեպքում որտե՞ղ են ֆիքսված ընկերության պարտավորությունները Վանաձորում հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվող վերահսկողության վերաբերյալ, Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանը պատասխանել է. «Ընկերության պարտավորությունները ֆիքսված են նրա կանոնադրության մեջ»:

Հաջորդ հարցմանը՝ տրամադրել ՍՊԸ-ի հիմնադրման պահից՝ 2003թ.-ից մինչ այժմ ունեցած աշխատակիցների ցանկն ու հաստիքները, Վանաձորի քաղաքապետը խուսափողական պատասխան է տվել, չնայած այն բանին, որ ՍՊԸ-ն «հանդիսանում է համայնքի սեփականությունը»: Քաղաքապետը բավարարվել է տեղեկացնելով, որ «գրությունների պատճեներն ուղարկվել են «Վանաձորի տրանսպորտի եւ առեւտրի ծառայություն» ՍՊԸ-ի տնօրինությանը:

Տնօրինությունն էլ՝ ի դեմս տնօրեն Գ. Պողոսյանի, հրաժարվել է տրամադրվել տեղեկատվություն՝ հիմնավորելով. «Հարցման մեջ որեւէ նշում չկա, թե ինչ նպատակ է հետապնդում տվյալ ինֆորմացիան մեր կողմից ձեզ տրամադրելը եւ ընկերությունը պարտավորվածություն չունի տվյալ ինֆորմացիան Ձեզ տրամադրելու»:

Հասարակական կազմակերպության աշխատակիցները, սակայն, համառ են գտնվել եւ եւս մեկ հարցում են ուղարկել Վանաձորի քաղաքապետին՝ կապված ՍՊԸ-ի հաստիքացուցակների հետ: Այս անգամ քաղաքապետարանից պատասխանել են հարցմանը. «Վանաձորի տրանսպորտի եւ առեւտրի ծառայություն» ՍՊԸ-ի 2003-2007թթ. գործունեությանն առնչվող փաստաթղթերը հանձնված են արխիվ, իսկ 2008-2014թթ. գործունեության ընթացքում աշխատակազմը նվազել է եւ ներկայումս նրա հաստիքացուցակը, ըստ ընկերության ներկայացրած տվյալների, ունի հետեւյալ տեսքը. տնօրեն-1, հաշվապահ-1, ենթակարգավորողներ-8»: 

Ավելի ուշ՝ 2015թ.-ի օգոստոսին մեզ հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի առեւտրի սպասարկման եւ տրանսպորտի համակարգման բաժնի պետ Է. Գեւորգյանը տեղեկացրել էր, որ 2014թ. վերջին ՍՊԸ-ն ֆինանսական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը:

«Երբ ստուգողներ էին գալիս, փաստաթղթերը պահում էին, որ ոչ ոք չիմանա` նման կազմակերպություն կա»

Վանաձորի քաղաքապետարանի տրանսպորտը համակարգող, գույքի և եկամուտների հավաքագրման բաժնի նախկին պետ Վիկտոր Դարբինյանի խոսքով՝ «Վանաձորի տրանսպորտի եւ առեւտրի ծառայություն» ՍՊԸ-ի ստեղծման գաղափարը եղել է իրենը: ՍՊԸ-ի ստեղծման ու գործունեության մասին վերջինս պատմում է.«Այդ ժամանակ տրանսպորտի պետն էլ էի: Սկզբից քաղաքի երթուղիները վերցրել էին քաղաքապետի որդին՝ Աղասն ու ընկերը՝ Յուրիկը ու անընդհատ բողոքում էին քաղաքապետին, որ փող չեն աշխատում: Իրենք 2001թ.-ից գիծ ունեին: Բողոքում էին, որ գրաֆիկ չկա, սիստեմա չկա, բոլոր գծերում տարբեր մարդիկ չգրանցված, լեվի քշում են: Վիճակը կարգավորելու համար նախ սահմանեցի երթուղիները, գրաֆիկները կազմեցի:

Հիմա էլ երթուղիների գրաֆիկները հսկելու խնդիր առաջացավ: Այդ ժամանակ առաջարկեցի՝ ստեղծենք քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկություն՝ դիսպետչերական ծառայություն, որով  քաղաքապետարանը վերահսկի երթուղիների գրաֆիկները: Սահմանեցինք օրական 300 դրամ վճար մեկ մեքենայի համար, որ էդ հիմնարկությունը պահենք, դիսպետչերներին աշխատավարձ տանք:

Հիմնադիրն ու 100 տոկոսով փայատերը Վանաձորի քաղաքապետարանն էր: Հիմնարկըն սկսեց նորմալ աշխատել: Պատկերացրեք, մի 19 մարդու աշխատավարձ էի տալիս, հարկերը տալիս էի, գրասենյակային պարագաներ էինք գնում, ամսական 300.000-400.000 դրամ էլ ավել մնում էր: Էն ժամանակ ֆինբաժնի պետին ու քաղաքապետին առաջարկեցի, ասեցի՝ տեսեք,  էսքան  մնում է, սա  ոնց որ օդից եկող փող ա, լրացուցիչ եկամուտ ա, ճարտարապետության բաժնին հանձնարարեք թող մի տիպային կանգառի նախագիծ մշակեն, մի կազմակերպության պատվիրենք, ամսական մի կանգառ կառուցենք: Ֆինբաժնի պետը՝ Սուքիասյանը, չհամաձայնվեց, թե՝ չէ, մենք ուրիշ շատ խնդիրներ ունենք, քաղաքապետն էլ չհամաձայնվեց, գումարը փոխանցում էինք բյուջե:

2009թ. քաղաքապետը տրանսպորտի բաժինն առանձնացրեց, տվեց Էրիկին (ի նկատի ունի Էրիկ Գևորգյանին), էդ ՍՊԸ-ն էլ հետը: Երբ ստուգողներ էին գալիս, փաստաթղթերը պահում էին, ցույց չէին տալիս, որ ոչ ոք չիմանա, որ նման կազմակերպություն կա: Հետո էլ, երբ  խոսք գնաց, որ քաղաքապետին փոխելու են, որոշեցին փակեն ՍՊԸ-ն»:Ի՞նչ է առաջարկում ոլորտն ուսումնասիրած «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն

Վանաձորի ներքաղաքային հասարակական տրանսպորտի ոլորտի ուսումնասիրման արդյունքում ՀԿ-ն հանդես է եկել մի շարք դիտարկումներով ու առաջարկություններով.

«Հայտարարված մրցույթներին մասնակցում են միմիայն այն կազմակերպությունները, որոնք էլ հետագայում շահում են երթուղիները սպասարկելու իրավունքը։ Ուսումնասիրության կարիք ունի այն փաստը, թե ինչու շահութաբեր համարվող ոլորտում մրցակցություն չի ստացվում, բացի շահող կազմակերպություններից մրցույթներին այլ հայտեր չեն ներկայացվում»,-նշված է առաջարկությունների փաթեթում՝ հնարավոր համարելով կոռուպցիոն ռիսկերի առկայությունն այս հարցում:

Կազմակերպությունն առաջարկներ է ներկայացրել ինչպես մրցույթների անցկացման, այնպես էլ պայմանագրերի կնքման վերաբերյալ:

«Առևտրի և սպասարկման, տրանսպորտը համակարգող բաժնի պետ Է. Գևորգյանի խոսքով՝ մրցույթին մասնակցող ընկերությունների կողմից ներկայացվող մեքենաների տեխնիկական զննման պատասխանատվությունը  դրված է մրցույթին մասնակցող ընկերության վրա: Այս պարագայում առկա է հավանականություն, վտանգ, որ ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները կշահագործեն սահմանված պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցներ: Կարծում ենք, որ ՀՀ կառավարության որոշման մեջ անհրաժեշտ է կատարել լրացում, որով կսահմանվի, որ մրցութային հանձնաժողովի կազմում պարտադիր պետք է ընդգրկվի մրցույթին ներկայացված տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը գնահատելու կարողություններ ունեցող համապատասխան մասնագետ»,- նշում է ծրագրի համակարգող Արտաշես Սերգոյանը:

Հղում կատարելով ՀՀ կառավարության 16.08.2001թ. թիվ 762 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգ»-ըի 5.1-րդ կետին՝ մրցութային հանձնաժողովների աշխատանքներին կարող է մասնակցել նաև յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից մեկական ներկայացուցիչ` դիտորդի կարգավիճակով (ներկայացմամբ), Ա. Սերգոյանը անհրաժեշտ է համարում մրցութային հանձնաժողովների աշխատանքներում ներառել նաև ՀԿ ներկայացուցիչների, ինչը կնպաստի հանձնաժողովների աշխատանքների արդյունավետության եւ թափանցիկության բարձրացմանը:

ՀԿ-ի հաջորդ առաջարկը երթևեկափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ տեղական տուրքի կիրառման մասին է:

 «Առաջարկում ենք, որպեսզի ներհամայնքային երթևեկափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները համայնքի տարածքում տնտեսվարելու համար ամսական կամ տարեկան կտրվածքով որոշակի գումար վճարեն քաղաքային բյուջե՝ կախված երթուղում շահագործվող մեքենաների քանակից/երթուղուց/սպասարկվող թաղամասերի բնակչության թվից»,- ասում է Ա. Սերգոյանը:

Այս առաջարկով ՀԿ-ն հանդես էր եկել դեռ նախորդ տարեվերջին, երբ մրցույթը շահած կազմակերպությունների հետ պայմանագրերը կնքված չէին: Առաջարկը թեև քննարկվեց քաղաքապետարանում, սակայն այդպես էլ չդրվեց ավագանու նիստի քննարկմանը: Արդյունքում տարիներ շարունակ գծատերերը քաղաքի երթուղիներն օգտագործելու ու շահույթ ստանալու դիմաց որևէ գումար չեն վճարել ու այսօր էլ շարունակում են չվճարել համայնքային բյուջե:

Բաժնի պետ Է. Գևորգյանը չի բացառում, որ այս հարցը ավագանու քննարկման առարկա դառնա առաջիկայում, նորանշանակ քաղաքապետի հետ քննարկելուց հետո:

Ներհամայնքային երթևեկափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում պատժիչ մեխանիզմները/դրույթները պետք է լինեն նաև ֆինանսական բնույթի: ՀԿ-ի այս առաջարկը հաշվի է առնվել ու տեղ գտել պայմանագրերում: 14 տարի առանց տույժ-տուգանքների մեխանիզմի կիրառված պայմանագրերում այժմ տուգանքի տարբեր չափեր են նախատեսված: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter