HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարոն Նախագահ, ի՞նչ կանեիք, եթե իմ փոխարեն Դուք լինեիք

Երեկ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ԴԱՀԿ-ի պետի պաշտոնակատարը գեղեցիկ խոսքերով պատմում էր, թե   քաղաքացին  ինչպես սմարթֆոնով  կարող է  արագ  ինչ-որ  հարցեր լուծել: Սպասում էի, որ Նախագահը հարցնի, իսկ եթե քաղաքացին սմարթֆոն չունի՞, չհարցրեց: Ժողովրդից  էլ   չեք  հարցնում՝  էս պաշտոնյաները  ճիշտ են ասու՞մ, թե......

Քանի որ իրենք չեն հարցնում   այդ մասին, ես էլ որոշեցի  իմ  պատմությունը գրել:

Ես   սմարթֆոն չունեմ,  պարտաճանաչորեն մուծել եմ  ՃՈ-ի կողմից ուղարկած  տուգանքները: Մասնավորապես, վարչական տույժ նշանակելու մասին ապրիլի 25-ի որոշման մասին ծանուցվել եմ մայիսի 6-ին, վճարումը կատարվել է հունիսի 6-ին: Հոկտեմբերի 8-ին  ԴԱՀԿ-ից ստանում եմ կատարողական վարույթ հարուցելու և իմ հաշվեհամարներին 11.250 դրամ արգելանք դնելու մասին որոշումը: Հոկտեմբերի 10-ին գնում եմ ՃՈ, ցույց եմ տալիս մուծման անդորրագիրը: Ինձ ասում են դիմում գրի ՃՈ-ի պետի անունով, գրում եմ, որտեղ նշում եմ, որ սպասում եմ  գրավոր պատասխանի: Մինչ օրս ոչ մի  պատասխան   չեմ ստացել, արգելանքը շարունակում է մնալ ուժի մեջ: Այսօր՝  նոյեմբերի 3-ին, զանգահարում եմ ԴԱՀԿ-ի  վարչական ակտերով բռնագանձումների բաժին  իրենց նշած  060570448, 060570436  2 հեռախոսահամարներով, ոչ մեկը չի պատասխանում: Ա՛յ, էսպես էլ աշխատում են ժողովրդի հետ ու ժողովրդի  համար:

Վերջապես  գտնում եմ ԴԱՀԿ-ից  մի հեռախոսահամար, ասում եմ խնդիրն  ու 0.5 ժամ անց զանգում և ասում են՝ արգելանքը կհանվի: Երբ հարցնում եմ, թե ինչպե՞ս այսքան արագ գտաք  լուծումը, պատասխանում են, որ  ՃՈ-ից  են պարզել, որ վճարումը կա:

Հիմա ես չեմ, Դուք եք, պարոն Նախագահ, ի՞նչ  կանեիք, եթե իմ փոխարեն Դուք լինեիք  ու  այդ վիճակում լսեիք  ՃՈ-ի,  ԴԱՀԿ-ի  պետերին: Դուք  ժողովրդի մեջ  տարբեր բնագավառներում կուտակված ակնհայտ  դժգոհությունների վերաբերյալ  Ձեր փորձից  պետք է իմանաք, թե բոլոր պաշտոնյաներն ինչպես են  Ձեզ շատ սիրուն ու  գունավոր ներկայացնում են իրենց  չարած  գործը, որից դժգոհությունները  չեն նվազում, այլ՝ ընդհակառակը:

Նրանց ավելի շատ պիտի չհավատաք, քան՝  հավատաք:

Ես և շատերն արդեն կորցրել  են որևէ մեկի նկատմամբ հավատը:

Անահիտ Բախշյան, ՀՀ  քաղաքացի

03.11.2016թ. 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter