HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի մարզ. Վերանորոգված, բայց վերանորոգման կարիք ունեցող դպրոցները (տեսանյութ)

Գրիշա Բալասանյան

«Հետքի» նկարահանող խումբն այս անգամ մեկնել էր Արագածոտնի մարզ՝ ուսումնասիրելու 2006-2015թթ. դպրոցաշինական ծրագրերը: Արագածոտնի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2006-2015թթ. ընթացքում մարզի կրթական հաստատությունների վերանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 9 մլրդ 106 մլն դրամի չափով գումար:

Գումարները ծախսվել են, բայց վերանորոգված դպրոցները դարձյալ վերանորոգման կարիք ունեն:

Ուջանի միջնակարգ դպրոց

Դպրոցը վերանորոգվել է 6 տարվա ընթացքում՝ 2009-2015թթ.: Վերանորոգման աշխատանքներն իրականացրել են 3 ընկերություններ՝ «Ադոն», «Գրեդշին» ընկերությունները և Արագածոտնի նախկին մարզպես Սարգիս Սահակյանի եղբորը՝ Նաիրի Սահակյանին պատկանող «Ես և Նա» ՍՊԸ-ն: Արագածոտնի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ դպրոցի վերանորոգումն արժեցել է մոտ 273 մլն դրամ:

Այս գումարով  ամբողջությամբ վերանորոգվել է դպրոցի հիմնական մասնաշենքը, իսկ տարրական դասարանների համար նախատեսված մասնաշենքը մասնակի է վերանորոգվել:

Չի փոխվել տարրական դասարանների մասնաշենքի դռների զգալի մասը: Բացի այդ, շենքը փայտե առաստաղով է և նորոգման կարիք է զգացվում: Պետք է փոխվի նաև հատակը: Իսկ կոսմետիկ վերանորոգման մասին չենք խոսում:

Մինչ դպրոցում մտածում են երկրորդ մասնաշենքի վերանորոգման համար միջոցներ գտնել, առաջ է քաշվել հիմնական մասնաշենքի կոսմետիկ վերանորոգման հարցը: Խոնավությունը պատերով վերև է բարձրանում և քայքայում ներկն ու ծեփանյութերը:

Դպրոցի տնօրեն Ավետիս Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Արագածոտնի մարզպետը խոստացել է այս աշնանը դպրոցում կոսմետիկ վերանորոգում կատարել, որպեսզի թերությունները վերացվեն:

Անդրադառնալով փուլային վերանորոգումներին՝ տնօրենը նշեց, որ այդ տարբերակն այնքանով է լավ, որ դպրոցն, ի վերջո, վերանորոգվում է, սակայն սկսել է նկատել թերությունները:

Ավետիս Հարությունյանի կարծիքով՝ լավ կլինի դպրոցներում իրականացվեն ոչ թե ընթացիկ վերանորոգումներ, ինչպես իրենց դպրոցում է եղել, այլ ամբողջությամբ հիմնանորոգվեն, իսկ իրենց մասնաշենքը թեև նորոգվել է, սակայն ամրացման որևէ աշխատանք չի իրականացվել:

Դպրոցը ջեռուցվում է էլեկտրական սալիկների օգնությամբ: Լոկալ ջեռուցման մարտկոցները տեղադրված են, սակայն դրանք միացված չեն ընդհանուր ցանցին և «դեկորի» դեր են կատարում: Պատճառն այն է, որ դպրոցը գազիֆիկացված չէ, համապատասխան գումար չկա: Բացի այդ, լոկալ ջեռուցման ցանց անցկացնելու համար փոփոխություններ պետք է իրականացվեն նաև դպրոցի ներսում, ինչի համար, տնօրենի խոսքերով, ևս զգալի ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ:

Մաստարայի միջնակարգ դպրոց

Մաստարայի միջնակարգ դպրոցը նույնպես փուլային տարբերակով է վերանորոգվել: Այստեղ շինարարական աշխատանքներն իրականացվել են 7 տարվա ընթացքում՝ 2007-2013թթ.: Շինարարական աշխատանքներն իրականացրել են «Անդրեաս և ընկերներ» ՓԲԸ-ն և «Երևան Ջրշին» ԲԲԸ-ն: Ընդհանուր առմամբ, Մաստարայի դպրոցի համար պետական միջոցներից ծախսվել է մոտ 415 մլն դրամ: Սակայն, դպրոցի ոչ բոլոր մասնաշենքերն են վերանորոգվել պետական միջոցներով: Մի մասնաշենքն ամբողջությամբ վերանորոգել են օտարերկրացի բարերարները:

Մաստարայի միջնակարգ դպրոցի տնօրեն Աննա Արսենյանն ասում է, որ ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում 7 տարվա ընթացքում դպրոց վերանորոգելը երկար ժամանակահատված չէ: Նրա խոսքով՝ գյուղն այսօր ունի բարեկարգ դպրոց, և իրենք գոհ են կատարված աշխատանքից:

Թեև տնօրենը դդգոհություն չհայտնեց, սակայն զրույցի ընթացքում պարզվեց, որ շինաշխատանքներն առանց թերությունների չեն ընթացել: Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել վերանորոգել մարզադահլիճի հատակը: Այն սկսել է փտել և մոտ ապագայում չվերանորոգելու դեպքում հնարավոր չի լինի դաս անցկացնել:

Թեև դպրոցն ամբողջությամբ վերանորոգված է, պայմանները բարվոք են, բայց չունեն հանդիսությունների դահլիճ: Միջոցառումներն իրականացնում են կամ համայնքապետարանի դահլիճում, կամ՝ փտած հատակով մարզադահլիճում:

Փարպիի միջնակարգ դպրոց

Մարզի Փարպի գյուղի դպրոցի վերանորոգման համար պետական միջոցներից ծախսվել է 176 մլն դրամ: Վերանորոգման աշխատանքները տևել են 6 տարի և ավարտվել 2014 թվականին: Այն իրականացրել է «Վթարշին» ՍՊԸ-ն:

Փարպիի միջնակարգ դպրոցի տնօրեն Նորիկ Արշակյանը զրույցի ընթացքում անընդհատ ասում էր, որ դպրոցը թերություններ չունի, սակայն, պարզվեց, խոնավությունից պատերի ծեփը պոկված է, վերանորոգված մարզադահլիճի սանհանգույցը չի օգտագործվում, իսկ մարզագույք չեն հիշում, թե վերջին անգամ երբ են ստացել: Աշակերտներն այստեղ խաղում են հերթով: Պետությունը դպրոցների վերանորոգման համար զգալի միջոցներ է ծախսում, սակայն դրանք երբեմն ոչ միայն անարդյունավետ են, այլև չեն անդրադառնում ուսման որակի բարձրացման վրա:

Օրինակ՝ 20 աշակերտ ունեցող դասարարանը ֆիզկուլտուրայի դասն անցկացնում է 10 հատ ցատկապարանով և օղակով:

Ինչ վերաբերում է լաբորատորիային, ապա չեն հիշում, թե վերջին անգամ երբ են նոր գույք ստացել: Այդ պատճառով քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներում կամ փորձեր չեն անում, կամ էլ դրանք իրականացնում են հին նյութերով, որը երբեմն կարող է վտանգավոր լինել:

Քիմիայի ուսուցչուհի Բավական Հարությունյանը պատմեց, որ սարքավորումները մոտ 35 տարվա են և որպես ուսուցիչ ժառանգել է իր աշակերտական տարիների լաբորատոր նյութերն ու սարքավորումները: Եթե դպրոցի հնարավորությունը ներում է, ապա որոշ նյութեր ձեռք են բերում «Վերնիսաժից», երբեմն էլ խնդրում են այլ դպրոցներից:

Բ. Հարությունյանի ասելով՝ հնարավոր չէ քիմիայի դաս անցկացնել առանց փորձերի՝ միայն պատկերացնելով: Ըստ նրա՝ աշակերտը պետք է տեսնի, թե ինչ է կատարվում, միայն պատկերացնելով հնարավոր չէ արդյունավետ դաս անցկացնել:

10-րդ դասարանի աշակերտուհի Մարի Սիմոնյանը ևս դժգոհ է, որ լաբորատորիան հագեցած չէ և իրենք չեն կարողանում փորձեր անցկացնել: Աշակերտուհու խոսքով, եթե լաբորատոր պայմանները բավարար լինեն, չի բացառվում, որ քիմիայի և ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրություն ունեցողների թիվն ավելանա և բուհեր ընդունվեն: Ներկայիս վիճակում դա միայն երազանք է:

Քուչակի միջնակարգ դպրոց

Գրեթե նույն պատկերն է նաև Քուչակ գյուղի միջնակարգ դպրոցում: Այստեղ ծախսվել է 380 մլն դրամ, վերանորոգման աշխատանքներն իրականացրել են «Էրեբունի շինվերանորոգում, «Ագարակ» ԲԲԸ-ները, «Կանժիստրոյ» ՍՊԸ-ն:

Ինչպես մյուս վերանորոգված դպրոցներում, այնպես էլ Քուչակի դպրոցում շինաշխատանքներն առանց թերությունների չեն եղել: Դասասենյակների պատերն այնքան բարակ են, որ դռների հատվածում քարերը թափվել են՝ առաջացնելով անցքեր: Միջանցքից, այդ անցքերի միջոցով հանգիստ կարող ես նայել, թե դասասենյակի ներսում ինչ է կատարվում: Փոխված դռները ևս որակյալ չեն, դրանք արդեն ձեւափոխվել են:

Առաջին մասնաշենքի սանհանգույցների մոտակայքում խոնավությունև այնքան շատ է, որ պատերի ծեփը թափվում է: Վերանորոգված տանիքից ևս ջրի հոսք կա, ինչի հետևանքով ջուրը քայքայում է պատերը:

Քուչակի դպրոցում նույնպես մարզագույքի պակաս կա: Ֆիզկուլտւրայի ուսուցիչ Գագիկ Գասպարյանն ասում է, որ ոչ մի տեսակի մարզագույք չունեն, ընդամենը մի քանի գնդակ:

Բյուրականի միջնակարգ դպրոց

Բյուրականի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է 7 տարվա ընթացքում՝ 2007-2013թթ.:  Վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Ագարակ» ԲԲԸ-ն: Դպրոցի վերանորոգման համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 371 մլն դրամ, սակայն ներս մտնելիս տպավորությունն այնպիսին է, որ այդ գումարի չափով վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Իսկ մասնաշենքերից մեկն ընդհանրապես վերանորոգված չէ:

Դպրոցի պատերի ճաքերը աչք են ծակում, իսկ դասասենյակների դռների զգալի մասը կոտրվել է, ձեւափոխվել:

Մեր այցելության ժամանակ դպրոցի տնօրենը տեղում չէր, իսկ ուսմասվարն ասաց, որ առանց տնօրենի չի կարող պարզաբանումներ տալ: 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter