«Օֆշորի գործով» հարցաքննվեցին ևս երկու վկա
Ամալյա Մարգարյան
Հայտնի օֆշորի գործով հերթական դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմի միջնորդությամբ, հարցաքննվեցին նոր վկաներ` «Ագատես» ՍՊԸ-ի և «Արևակ» ՍՊԸ-ի տնօրեններ ադամանդագործներ Կամո Դալլաքյանը և Վարդան Անդրեասյանը։ Վերջիններս մասնակցել են 2009թ.-ին էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած ադամանդագործությանը և ոսկերչությանը նվիրված խորհրդակցությանը:
Հարցաքննության ընթացքում Վ.Անդրեասյանը պատասխանելով դատավորի այն հարցին, արդյո՞ք վերջինս մինչև էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած հանդիպումը ճանաչել է ամբաստանյալին, պատասխանեց՝ ոչ և նշեց, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին խորհրդակցության ընթացքում ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։ Վերջինս Աշոտ Սուքիասյանին ներկայացրել է որպես հումք ձեռք բերելու հնարավորություն առաջարկող անձնավորություն:
«Էդքանով եմ հիշում, որ ժողովին նախարար Երիցյանը ներկայացրեց Սուքիասյանին որպես ադամանդի հումքի մատակարար, հանքերի հետ կապված անձ, և առաջարկեց արտադրության հետ կապված հումք ձեռք բերել իր միջոցով կամ իրենից, մեկ անգամ եղել եմ ամբաստանյալի գործարանում, որպեսզի տեսնեմ ինչքանով էր առարկայական նախարարի առաջարկը»,- ներկայացրեց վկա Վ․Անդրեասյանը:
Վկան նշեց, որ խորհրդակցությունից հետո ինքը այցելել է Աշոտ Սուքիասյանի «Ձորագյուղ» արտադրամաս և նրա առանձնասենյակում տեսել 2-3 փաթեթների մեջ ադամանդի հումք, սակայն հումքն իրենց հարմար չի եղել, ( 1 կարատը 400 դոլար) թանկ էր: Վկան նշեց նաև, որ համոզելու միջոցով որևէ գործարք հնարավոր չէր իրականացվեր, քանի որ այդ ոլորտում համոզելով գործարքներ չեն լինում:
«Հումքը Աֆրիկյան Սիերա Լիոնե հետ կապված էր, բայց հստակ ոչ մեկը չի ասել, որ այդ հանքերը կոնկրետ Աշոտ Սուքիասյանինն են, անորոշ էր, շղարշային տպավորություն էր ստեղծվում»,-ասաց վկան:
Վ․Անդրեասյանը նաև նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունում խորհրդակցության ժամանակ նախարար Ներսես Երիցյանը ներկա է եղել, բայց վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա չի եղել: Վկան ավելացրեց նաև, որ իր կարծիքով ճիշտ կլիներ նախարարն էլ հարցաքննվեր, որի գործունեության արդյունքում իրենք տուժել են:
Գործով ներգրավված մյուս վկա Կամո Դալլաքյանն էլ ասաց, որ ինքը ևս ներկա է եղել էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցող խորհրդակցությանը, նույնպես տեսել է Աշոտ Սուքիասյանի կողմից ներկայացված հումքը, բայց այն գնային առումով թանկ է եղել:
«Աշոտի հետ հանդիպման ընթացքում վերջինս նշեց, որ հանքեր է գնել, տեխնիկա է գնել, ներկայացրեց տեսանյութ, որտեղ պատկերվում էր աշխատանք, ես հստակ չեմ կարող ասել, բայց եթե ինքն է ներկայացրել, ուրեմն իրենն են հանքերը կամ համատեղ սեփականություններ են»,- հարցաքննության ընթացքում ներկայացրեց վկան:
Այս գործով հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել